Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը

Սեպտեմբերի 4-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց օրակարգը՝ նշելով, որ այնտեղ ներառված են հարցեր, որոնց մարզի ղեկավարությունն առնչվում է ամենօրյա աշխատանքային գործունեության ժամանակ, եւ դրանք առաջնահերթ լուծման անհրաժեշտություն ունեն:

Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերի մասին զեկուցեց մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը: Նա նշեց, որ եթե մարզի մեծ եւ խոշորացված համայնքներում հավաքագրման տեմպերը բավականին բարձր են, ապա փոքր համայնքներում շատ հակասական պատկեր է: Խնդիրը կարգավորելու համար մարզ¬պետի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մարզի որոշ համայնքներում արտահերթ իրավաբանական եւ մասնագիտական հսկողություն սահմանել: Արդյունքում՝ օգոստոսի 31-ի դրությամբ գրանցվել է շուրջ 50 տոկոս հավաքագրում, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հավաքագրմանը:

Մարզպետի տեղակալ Արծվիկ Նիկողոսյանը ներկայացրեց համայնքներում աղբահանության կազմակերպման գործընթացի մասին: Նշվեց, որ մարզում առկա 135 աղբավայրից 124-ը փակված է, իբրեւ հիմնական աղբավայր գործելու է 11-ը: Տեղեկացվեց նաեւ, որ մարզում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սեպտեմբերի 8-ին կայանալիք համընդհանուր շաբաթօրյակի աշխատանքների եւ սեպտեմբերի 15-ին նախատեսվող «Մաքուր մոլորակ» ծրագրի կազմակերպման ուղղությամբ:

Զեկուցվեցին նաեւ մարզում հողօգտագործման ընդհանուր վիճակի, համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու գործընթացի, աղքատության կարիքավորության աստիճանը որոշելու համար պահանջվող փաստաթղթերի եւ կարգի մասին հարցերը:

Քննարկված հարցերին անդրադարձավ մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նա մասնավորապես կարեւորեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրը՝ նշելով, որ այսուհետ դրանով է պայմանավորված լինելու կառավարության կողմից իրականացվող առաջնահերթ լուծում պահանջող հրատապ ծրագրերի, սուբվենցիաների տրամադրման, ինչպես նաեւ այլ ծրագրերում ներգրավվածության իրականացման հնարավորությունները: Մարզպետը հստակ ներկայացրեց համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման ծրագրին ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: Սրանք այն խնդիրներն են, որոնք համայնքներին զարգանալու հնարավորություն են ընձեռում, եւ որոնց համայնքապետերը առավել սրտացավորեն եւ պատասխանատվությամբ պետք է մոտենան: Նա անդրադարձավ նաեւ աղբահանության արդյունավետ կազմակերպման, անասնագլխաքանակով պայմանավորված՝ անասնաբույժի հաստիք ունենալու խնդիրներին եւ այլ հարցերի:

-Ցանկացած հարցում մենք ձեր կողքին ենք, պատրաստ ենք օգնելու յուրաքանչյուր խնդրի լուծման հարցում,- ասաց Աշոտ Սիմոնյանը եւ հավաստիացրեց, որ ցանկացած խնդիր հնարավոր է լուծել, եթե գործին հավատով ու վստահաբար մոտենանք:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Տպել Տպել