Հնարավո՞ր է, արդյոք, պատճառը հեղափոխությունից հետո Աղաբեկյանի մի քանի քննադատական հրապարակումներն էին

Արթուր Աղաբեկյան

Մուշեղ Մուրադյան

Մոտ չորս ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով Հայաստան էի ուղևորվում հեղափոխության ամենաթեժ պահին, ինձ մղող ուժը հայրենիքիս, հայրենակիցներիս ու իմ ունեցած արդարության ծարավն էր, ինչպես նաև հեղափոխության առաջնորդի ազնվության ու հայրենասիրության նկատմամբ ունեցած անվերապահ հավատը:

Սակայն, այն ժամանակ մտքովս չէր կարող անցնել, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց, արդարության պակասի զգացումը պետք է ստիպեր այս տողերը գրել:

Ի թիվս բազմաթիվ այլ լուրջ մտահոգությունների, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել՝ մտածելով, որ դեռ ժամանակ է պետք, ցավով տեղեկացա, որ մեղադրանք է առաջադրվել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին՝ Մարտիկ հիմնադրամի գործով: Մեղադրանքում նշվում է, թե իբր Աղաբեկյանը տարիների ընթացքում հիմնադրամի հաշվից ոչ-կանոնադրական ծախսեր է կատարել մոտավորապես 100,000 ԱՄՆ դոլարի չափով:

Առաջին հայացքից թվում է, թե արտառոց ոչինչ չկա՝ Լեյտենանտը Ռևազի կորած ոչխարներն է փնտրում: Դատավարությունը ցույց կտա կանոնադրական էին ծախսերը, թե՝ ոչ: Բայց խնդիրն անհանգստացնող է դառնում, երբ դիտարկում ես հանգամանքների ամբողջական ու հերթականության լույսի ներքո: Իսկ հանգամանքները հետևյալն են.

Մանվելի «տուշոնկեքը» հայտնաբերելուց հետո խուզարկություն է իրականացվում Աղաբեկյանի հայրենի տանը և մի քանի գործարաններում, որոնք իր հետ ընդհանրապես կապ չունեին: Խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվում: ԱԱԾ-ն խուզարկության մասին չի հրապարակում, և այդ մասին հանրությունը տեղեկանում է միայն Աղաբեկյանի հրապարակումից:

Ըստ երևույթին տեսնելով, որ թացն ու չորը խառնել են, որ «ամեն սև բան Օթելլո չէ», ու ամեն տեղ չէ, որ պետք է տուշոնկա փնտրել՝ առաջին անգամ լրատվամիջոցներում շրջանառության մեջ է դրվում ցինիկ վերնագրերով մի ոչինչ չասող տեսանյութ, որտեղ պատերազմի օրերին Աղաբեկյանը մասնակցում է մարտական վրանի տակ կազմակերպված ինչ-որ հավաքույթի: Ժամանակագրությանը հետևելիս ակնհայտ է դառնում, որ տեսանյութը հայտնաբերվել էր ԱԱԾ-ի կողմից Մանվելի տան խուզարկությունից հետո, և, հավանաբար, լրատվամիջոցներին էր տրամադրվել հենց ԱԱԾ-ի կողմից:

Այս տեսանյութն էլ կարծես ցանկալի աղմուկը չի բարձրացնում, և Օգոստոսի 23-ին Հայկական Ժամանակ օրաթերթում Աղաբեկյանի նկարով ու նրա անվամբ վերնագրով հրապարակվում է մի մեղադրական հոդված, որը ընդհանրապես կապ չուներ գեներալի հետ:

Եվ վերջապես հոդվածի հրապարակումից մի քանի օր հետո քրեական մեղադրանք է առաջադրվում «հափշտակություն» վերնագրով, այնինչ՝ մեղադրանքի ամբողջական տեքստից պարզ է դառնում, որ խոսքը գնում է հիմնադրամի գումարներից ստացված տոկոսների կանոնադրական կամ ոչ-կանոնադրական ծախսերի մասին:

Տեսնելով, որ հետաքննության բնույթն այն չէ, ինչ ներկայացվում է՝ Արցախի Հանրապետության նախկին վարչապետն ու այլ ընկերներ պատրաստակամություն են հայտնում նույնիսկ մինչև դատավարությունը փոխանցել քննության առարկա 54 մլն դրամը:

Այս ամենից հետո հարց է առաջանում… Ի՞նչն է փայլուն մարտական ուղի անցած, Արցախյան պատերազմի հերոս, հայկական բանակի կայացման գործում անուրանալի ներդրում ունեցող պաշտպանության փոխնախարար, Արցախի Հանրապետության տնտեսական և ռազմական զարգացմանը միտված տասնյակ ծրագրերի հեղինակ, Արցախի Հանրապետության փոխվարչապետ, բանակի գեներալ-լեյտենանտի հետևողական հետապնդման նպատակը: Ի՞նչն է հիմնադրամի հսկայական ձեռքբերումների մասին լռելու և «խոշոր գումարների հափշտակություն» վերնագրի ներքո հիմնադրամն ու հիմնադրամի ղեկավարին հեղինակազրկելու փորձերի իմաստը:

Հնարավո՞ր է, արդյոք, պատճառը հեղափոխությունից հետո Աղաբեկյանի մի քանի քննադատական հրապարակումներն էին նոր իշխանությունների հասցեին, որոնք ավելի մտահոգ ու կառուցողական էին, քան քննադատական: Կա՞ն արդյոք ավելի խորքային պատճառներ՝ ընդհանրապես Արցախյան ազատամարտով անցած նվիրյալների հետ կապված, ինչի մասին չեմ էլ ուզում բարձրաձայնել:

(մաս առաջին)
ԱՄՆ, Լոս Անջելես
3 Սեպտեմբերի, 2018

aparaj.am

Տպել Տպել