Առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ համայնքները

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Vesti.am-ի հետ զրույցում ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:

-Ավանդաբար «Դաշնակցությունն» այլ մարզերում պետական իշխանության մարմիններում ավելի ներկայացված է եղել, քան Գեղարքունիքում: Եթե չեմ սխալվում, Գեղարքունիքում Դուք առաջին դաշնակցական մարզպետն եք. հարմարվե՞լ են Ձեզ, Դուք հարմարվե՞լ եք իրենց:

Որևէ խնդիր չի եղել: Ես հենց առաջին օրվանից որևէ դժվարություն չեմ ունեցել և՛ աշխատակազմի, և՛ մարզի բնակչության հետ: Կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, դժվարությունը դա է, մնացած տեղերում խնդիր չունենք:

-Երբ Գեղարքունիքի մարզի խնդիրներից են խոսում, դրանք հիմնականում բնապահպանական խնդիրներն են, աշխատատեղերի խնդիրները ու իշխանավորներն անընդհատ այդ խնդիրներին են ուշադրություն դարձրել: Դուք ինչ-որ խնդիր հայտնաբերե՞լ եք, որ մինչև հիմա դրա մասին չեն խոսել:

Իրականում խնդիրները բազմաթիվ են. կան ընդհանուր խնդիրներ, որ վերաբերում են ամբողջ մարզին, որոնք են ճանապարհների վատ վիճակը, դպրոցների անմխիթար վիճակը, ոռոգման և խմելու ջրի խնդիրը, մանկապարտեզների, մշակութային տների հետ կապված խնդիրները: Դրանից բացի կան առանձին համայնքներ, որոնք ունեն լոկալ խնդիրներ. օրինակ, Մարտունի քաղաքն ունի առաջնային խնդիր՝ կոյուղու հարցը: Խնդիրները բազմաթիվ են և պաշտոնավարման առաջին օրերից փորձել ենք դրանք գույքագրել, հասկանալ որ համայքնում առաջնահերթության կարգով ինչ խնդիր ունենք լուծելու և փորձում ենք հերթով դրանք լուծելով գնալ առաջ:

Մեր մարզում բավականին խոշոր համաֆինանսավորման ծրագրեր են իրականացվել՝ մոտ 1 մլրդ 480 միլիոնի, որի կեսը համաֆինանսավորել են մեր համայնքները, կեսը՝ Կառավարությունը: Շուրջ 25 համայքում 39 ծրագիր է իրականացվում. որոշներն ավարտվել են, որոշներն ընթացքի մեջ են: Դրանք տվյալ համայնքների համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ են, որոնց արդյունքում համայնքների կյանքում բան կփոխվի: Նաև կա Կառավարության կողմից մոտեցում. առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն ենք ներկայացրել, որի շրջանակում 13 համայնքի շուրջ 550 մլն հատկացում կլինի: Դրանք հիմնականում ուղղորդվում են այդ ծրագրերին. մարդկանց համար ստեղծում են հնարավորություններ, որպեսզի կարողանան իրենց համայնքը զարգացնել և կյանքի որակը բարելավել: Կարծում եմ՝ առաջիկայում արդյունքները զգալի կլինեն:

-Գեղարքունիքի մարզում տարեցտարի ցանքատարածությունները պակասում են. մարդիկ ավելի շատ գերադասում են արտագնա աշխատանքը, քան տեղում մնալը, անասնապահությամբ, կամ գյուղատնտեսությամբ զբաղվելը: Ինչ-որ ծրագիր կա՞ առաջիկա մեկ, երկու կամ հինգ տարում արտագնա աշխատանքի մասնաբաժինը փոքրացնելու ու տեղում աշխատատեղեր ստեղծելու համար:

Գեղարքունիքի մարզում առաջնահերթություններից մեկը գյուղատնտեսության զարգացումն է: Մեր բնակլիմայական պայմանները մի շարք խոչընդոտներ ստեղծում են, բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք առավելություններ ու մարզում գյուղատնտեսության լավ ավանդույթներ կան՝ սկսած հացահատիկի, կարտոֆիլի մշակումից մինչև անասնապահություն: Պարզապես պետք է կիրառել նոր ժամանակակից տեխնոլոգիաներ: Օրինակ՝ մի քանի օր առաջ մարզում կարկտահարությունը մեծ ծավալի վնասներ հասցրեց: Մի քանի լավ ծրագրեր Գյուղնախարարությունն է նախաձեռնել. շրջանառության մեջ արդեն դրված է, որ սուբսիդավորեն կոնկրետ հացահատիկ մշակողներին: Գեղարքունիքի մարզում հիմա շատ արագ զարգանում է այգեգործությունը, բայց այդ ամենի հետ մեկտեղ, թեև ունենք լիճ, ունենք մի շարք գետեր, աղբյուրներ, բայց ոռոգման խնդիրը շարունակում է մնալ խնդրահարույց: Գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է նաև առաջնահերթ կարողանանք լուծել ջրարփիացման և արոտավայրերը, դաշտերը ջրելու խնդիրը: Հիմա մենք դրանց մի մասն առանձնացրել ենք, որոշներն այս ընթացքում ծրագրերով համաֆինանսավորվել են, իրականացվում են, որոշները ներկայացրել ենք Կառավարությանը: Նույնիսկ քննարկում ենք մարզում՝ Մարտունու տարածաշրջանում երկու ջրամբար կառուցելու հարցը:

-Մարզը սպեցիֆիկ է նաև նրանով, որ բավական երկար սահման ունի Ադրբեջանի հետ և սահմանամերձ համայնքների խնդիր կա, որտեղ նույնպես Ձեր նշած խնդիրներն արդիական են: Իրենց հետ ավելի դիֆերենցվա՞ծ աշխատանք է տարվում:

Առաջնահերթ, որովհետև դա մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Որ ավելի կոնկրետ ասեմ, հենց հիմա Ճամբարակ խոշորացված համայնքում, նաև սահմանամերձ Վահան համայնքում իրականացվում են աննախադեպ ծրագրեր: Վերջին տարիներին նման խոշոր ներդրումներ չեն իրականացվել: Մոտ 133 միլիոն սուբվենցիոն ծրագիր կա. ճանապարհների ասֆալտապատում, ոռոգման խնդիր, Վահան համայնքում խմելու ջրի ցանցի կառուցում: Մեզ համար այդ համայնքներն ունեն ռազմավարական նշանակություն: Այս կարճ ժամանակահատվածում միայն չորս անգամ Ճամբարակ եմ այցելել: Այսինքն՝ մեր առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանապահ և սահմանամերձ համայնքները:

-Երբ սրանից երկու տարի առաջ որոշվեց Սևանա լճից հավելյալ ջրառ անել, այն ժամանակվա Բնապահպանության նախարար դաշնակցական Արծվիկ Մինասյանն ընդդիմանում էր դրան, կարծում եմ, որ դա ինչ-որ տեղ նաև «Դաշնակցության» տեսակետն էր: Այս տարի նորից Սևանից հավելյալ ջրառ են անում. Դուք ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

Քննարկումների ժամանակ մեր ներկայացուցիչները դեմ են արտահայտվել և ես, իբրև Գեղարքունիքի մարզպետ, շահագրգիռ չեմ ջուր բաց թողնելուն, որովհետև բոլորս հասկանում ենք, որ դա Սևանին մեծ վանսներ է հասցնում: Բայց նաև սրա կողքին կա այն խնդիրը, որ 55 հազար տնտեսություն մնում էր առանց ջրելու և մեծ վնասներ էին կրելու Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերը: Հարցն ունի երկու ծայր՝ մի կողմից Սևանի հարցն է, որ մենք շահագրիռ ենք ջուր բաց չթողնելուն, բայց մյուս կողմից էլ հարցի հակառակ կողմն է, որ այդքան տնտեսություն այդ վիճակում էր հայտնվելու: Ամեն դեպքում ըմբռնումով ենք մոտենում այդ որոշմանը, որովհետև կա լուրջ խնդիր: Հույս ունեմ, որ մյուս տարի աշխատանքներն ավելի ճիշտ կպլանավորվեն: Հիմա հարցը Կառավարության ուշադրության կենտրոնում է և մենք ամեն օր զեկույց ենք տալիս Կառավարությանը ոռոգման հետ կապված, լուրջ հսկողության տակ է և կարծում եմ, մյուս տարի այս հարցը կկարգավորվի և Սևանից ջրի բացթողումները կհասցվեն մինիմումի:

-Ձեր տարածաշրջանը նաև Սևանով պայմանավորված հայտնի է իր արևային էներգետիկայի պաշարներով: Բավական լուրջ ծրագրեր կան Հայաստանում ու կան մարդիկ, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել այդ ոլորտում: Դուք այդ ծրագրերից տեղյա՞կ եք, ձեզ առաջարկություններ կա՞ն:

Մեր մարզում նման մի խոշոր ծրագիր իրականացվել է Մեծ Մասրիկ համայնքում: Հիմա ևս եթե չեմ սխալվում 60 հա հող են ուզում այդ ծրագիրն ընդլայնելու համար: Հենց այս պահին մենք համայնքի և Կառավարության հետ քննարկում ենք, որպեսզի հնարավորություն ստեղծենք, որ այդ ընկերությունն իր հզորություններն ավելացնի: Նաև ասեմ, որ երկու միջազգային խոշոր կազմակերպություն լուրջ ուսումնասիրություններ է անում մեր մարզում քամուց էլեկտրաէներգիա ստանալու համար, արդեն ներդրումներ են արել, լուրջ փորձարկումներ են իրականացնում, հող հատկացումը կա, Կառավարության որոշումը կա:

-Դա նշանակո՞ւմ է, որ մարզն էլեկտրաէներգիայի ավելցուկն իրացնելու հնարավորություն ունի: Դրա հետ մեկտեղ հավելյալ ենթակառուցվածքներ, օրինակ, արտադրական ձեռնարկություններ ստեղծվո՞ւմ են, որ այդ էներգիան կարողանան տեղում արտադրել ու սպառել, որ մարզի յուրաքանչյուր ընտանիք դա իր վրա զգա աշխատատեղերի առումով:

Բնականաբար, այդ ընկերությունները, որոնք այդ աշխատանքներն իրականացնում են, մեծ ծավալի են և աշխատատեղեր ստեղծվում են: Բայց որ հատուկ դրանով պայմանավորված արտադրություն զարգանա, ուղիղ կապ չունեն, որովհետև միևնույն է, այդ ընկերությունները հոսանքը գնում են նույն գնով: Մենք ուրիշ առավելություն ունենք, որ սահմանապահ գյուղերին արտոնություններ են տրված: Նաև Ճամբարակի հատվածում պետությունը սուբսիդավորում է էլեկտրաէներգիայի վարձավճարը:

-Սովորաբար մեր երկրում այնպես է եղել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ընտրությունների ժամանակ աշխատել են իրենց կուսակցությունների օգտին, Դուք դա ինչպե՞ս եք պատկերացնում:

Մենք հիմա այդ մասին չենք մտածում, այդ ուղղությամբ չենք աշխատում: Այս պահին իմ առաջնային խնդիրը մեր մարզում կուտակված բազմաթիվ հարցերն ու խնդիրներն են, զբաղվում ենք դրանց լուծմամբ: Ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ այս պահին ո՛չ մտածում ենք, ո՛չ աշխատում, որովհետև այս պահին ունենք պարտականություն՝ ամեն ինչ անելու, որ մեր ժողովրդի կյանքում բան փոխվի:

Էդուարդ Սարիբեկյան

Տպել Տպել