Ես իմ գործունեությամբ պետք է վաստակեմ այն քվեները, որոնք ժողովուրդը պետք է տա ՀՅԴ-ին

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը Vesti.am-ի հետ զրույցում ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:

-Նոր կառավարության ձևավորումից հետո Դուք միակ մարզպետն եք, որ շարունակեցիք պաշտոնավարել: Նոր կառավարության, նոր իրողությունների հետ ինչպե՞ս եք հարմարվում:

Շատ բնական և շատ լավ: Նոր Հայաստանի նոր իրողությունների հետ, ըստ էության, մենք հաշտվելու խնդիր չունենք: Գոնե ինձ համար այդ նոր իրողությունները նոր էին դեռևս 2017 թվականի հուլիսի 13-ից, երբ ես նշանակվեցի Արագածոտնի մարզպետ և այն բոլոր մոտեցումներն ու գործելաոճը, որ ինձ համար գոնե որդեգրել էի և որպես մարզպետ մարզում իրականացրել եմ, բարեբախտաբար ամբողջովին համընկնում են նոր Հայաստանի, նոր Կառավարության մոտեցումների հետ: Ինձ համար այդ առումով ավելի հեշտ է եղել, որովհետև, կարելի է ասել, որ ես 7-8 ամիս դեռևս նախորդ քաղաքական իշխանության պայմաններում աշխատել եմ այն մոտեցումներով, որոնք այսօր արդիական են և որոնք այսօր վարչապետի գլխավորությամբ նոր Կառավարությունն իր առջև խնդիր է դրել: Այդ առումով, որևէ խնդիր չունենք և ավելին, ես նախապատրաստական շրջան եմ ունեցել դեռևս նախորդ քաղաքական իշխանության ժամանակ:

-Դուք միակ մարզպետն եք, որի ծրագրերը շարունակականության մեջ են, այսինքն ստիպված չեք եղել գալ և զրոյից սկսել: Այն խնդիրները, որոնք Ձեր առջև կային, այսօր ավելի հե՞շտ է լուծել, թե՞, այնուամենայնիվ, որոշակի դժվարություններ կան:

Խնդիրները գլոբալ առումով երկու խմբի կդասակարգեմ. խնդիրներ, որոնք պայմանավորված են մեր մտածողությամբ և խնդիրներ, որոնք այնուամենայնիվ, պայմանավորված են ֆինանսական և այլ միջոցների բացակայությամբ:

-«Մեր մտածողությամբ» ասելով Դուք ո՞ւմ նկատի ունեք:

Բոլորիս: Հաջողությունը բոլորիս հաջողությունն է և մեր ձախողումը բոլորիս ձախողումն է: Երկու պարագայում էլ բոլորս պատասխանատու ենք մեր չափաբաժնի համապատասխան: Մենք իրոք մտածողության խնդիր ունենք, որովհետև, եթե ուզում ենք լավ ապրել, պետք է գիտակցում ունենալ, որ լավ ապրելու համար բոլորս պարտվոր ենք ինչ-որ բան անել: Եթե մենք ուզում ենք լավ դպրոց, լավ մանկապարտեզ, լավ համայնք ու լավ ճանապարհ ունենալ, բոլորովս միասին պետք է այդ պատկերացումն ու հավատը ունենանք, որ այդ լավին հասնելու համար բոլորս անելիք ունենք: Ես ասել եմ ու դա ինձ համար համոզում է, եթե բոլորս նույն ուղղությամբ չնայենք և չհավատանք այդ ուղղությանը, միգուցե տարբեր քաղաքական իշխանություններ փոխվելու պարագայում քիչ թե շատ հաջողություններ ունենանք, բայց այնուամենայնիվ, էական բաղձալի հաջողույթունը, որին ուզում ենք հասնել, չենք ունենա, մինչև բոլորս չմտածենք, որ այլընտրանք չունենք, քան նայել, շարժվել այս ուղղությամբ և բոլորիս ջանքերն ու միջոցները մեկտեղել, որպեսզի մեր հաջողությունն ավելի շուտ գա և մեր քայլերն ավելի արագ լինեն: Սա է խնդիրը և այդ առումով, իրոք, մենք մտածողության, ընկալման լրջագույն խնդիր ունենք:

-Բոլորով գործ անելու համար աշխատատեղ է պետք: Արագածոտնի մարզը հիմնականում գյուղատնտեսական մարզ է, բայց նաև խոշոր քաղաքային համայնքներ կան, որտեղ սոցիալական լուրջ խնդիրներ կան հատկապես գործազրկության հետ կապված: Ի՞նչ եք անում այդ ուղղությամբ:

Դուք ճիշտ եք նկատում: Այո, մեր մարզը գյուղատնտեսական մարզ է և այդ առումով հանրապետության համախառն գյուղատնտեսական արտադրանքի 10 և ավելի տոկոսը մեր մարզում է արտադրվում: Մենք այստեղ աշխատատեղերի ստեղծման բավականին լուրջ խնդիրներ ունենք, ինչի կարգավորման համար մենք մեր 17-25 թվականների ռազմավարության ծրագրի մեջ ներառել ենք այն քայլերի հաջորդականությունը, որով պայմանավորված պետք է մարզում փոքրիկ-փոքրիկ աշխատատեղեր ստեղծենք, որոնք տարբեր ոլորտներում են լինելու՝ տեքստիլ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, վերամշակող արդյունաբերություն, սննդի վերամշակում: Կարելի է ասել, որ դրանց հիմքերը կամաց-կամաց դրվում են և այստեղ մենք ևս պետք է մտածենք և արտադրենք մի բան, որը շուկայում և ամենակարևորը՝ միջազգային շուկայում մրցունակ արտադրանք լինի: Այդ առումով գյուղատնտեսության ոլորտում գոնե ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ և ինտենսիվ այգիների հիմնմամբ մենք ցույց ենք տալիս, որ գյուղատնտեսությունը ոչ միայն հանապազօրյա հացը վաստակելու միջոց է, այլև ամբողջ աշխարհում դա լրջագույն բիզնես է և եթե մենք զբաղվում ենք այն մոտեցումներով և ընկալմամբ, որ ամբողջ աշխարհում են հիմա անում, գյուղացիները գոնե մի շարք համայնքներում տեսել են, որ այդ գյուղատնտեսությունը լրջագույն բիզնես է և իր եկամտաբերությամբ չի զիջում որևէ այլ բիզնեսի: Մենք ծրագրեր ունենք նաև տեքստիլ արդյունաբերությունը զարգացնելու. խոսքը մինչև 500 աշխատատեղ ստեղծելու մասին է, որն ուզում ենք իրականացնել Ապարան քաղաքում: Մենք անցյալ Կառավարության օրոք դրա հիմքերը դրել ենք և հիմա ունենք համաձայնությունը նոր Կառավարության՝ դա շարունակելու: Կարծում եմ՝ մենք այդ գործընթացը կհաջողենք և Ապարանում 500 աշխատատեղ ունենալը, հավաստիացնում եմ, զբաղվածության լրջագույն խնդիր կլուծի: Մենք ամենևին նպատակ չունենք մարզում հիմնելու 1-2 հսկայական և մեծ գործարաններ և դրանցով փորձել լուծել աշխատատեղերի խնդիր: Մենք ընդհակառակը, նպատակ ունենք ամեն բնակավայրում, ամեն համայնքում տեղի ներուժը հաշվի առնելով ստեղծել փոքրիկ աշխատատեղեր. որոշ դեպքերում 5, որոշ դեպքերում 10, որոշ դեպքերում 50, առանձին դեպքերում մինչև 500 աշխատատեղ ունեցող ձեռնարկություն: Աշխատատեղերի ստեղծմամբ մարզում նաև կբարձրանա կենսաապահովման մակարդակը և կիջնի աղքատության մակարդը: Այդ առումվ նույնպես ուզում եմ ասել, որ մենք ընկալման խնդիր ունենք:

-Եթե Աշտարակի տարածաշրջանը մայրաքաղաքին ավելի մոտ է ու ավելի շատ ինտեգրված է մայրաքաղաքին, ապա Թալինը, Ապարանը բավական հեռու են աշխարհագրական առումով ու նաև սպեցիֆիկայով՝ ժողովրդի մտածողությամբ, ավանդապաշտությամբ միգուցե այլ են: Այդտեղ տուրիզմի, այլ ենթակառուցվածքների զարգացումը ձեր ծրագրերում կա՞: Բացի այդ, ձեր ասած նախաձեռնությունների համար ֆինանսական միջոցներ կա՞ն, ուրվագծվո՞ւմ են:

Անշուշտ կան, այդ ֆինանսական միջոցները մասնավոր հատվածի ներդրումներն են: Խոսեցիք տուրիզմի մասին: Մարզն իր պատմամշակութային արժեքներով բավականին մեծ ժառանգություն ունի և այդ առումով ունենք ուրվագծված այն տուրիստական վայրերը, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնենք և այդ աշխատանքներում թիվ մեկը ենթակառուցվածքներն են, որոնք պետք է փորձենք կամաց-կամաց բարելավել, զարգացնել և տուրիստին տուրիստական վայր հասնելու համար քիչ թե շատ բավարար պայմաններ ստեղծել: Միևնույն ժամանակ մտածում ենք նաև ոչ միայն ավանդական տուրիզմի մասին, այլև տուրիզմի բոլոր տեսակների մասին և, հավատացեք, որ այստեղ ևս բավականին մեծ պոտենցիալ ունենք: Պատահական չէ, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա ընթացքում մոտավորապես 25-26 տոկոսով ավելի շատ տուրիստների հոսք է նկատվել դեպի մարզ: Ուզում եմ մի կարևոր բան ընդգծել, որ տարիներ շարունակ տուրիզմի զարգացումը կապել ենք բացառապես մեր եկեղեցիների և պատմամշակութային արժեքների հետ, բայց ժամանակակից աշխարհի փորձը ցույց է տալիս, որ տուրիզմը ոչ միայն եկեղեցիներ և պատմամշակութային արժեքներ են, այլ այդ տուրիզմն ունի բազմաճյուղ այլ վեկտորներ, որոնք ավելի շատ տուրիստներ են ներգրավում, քան թվարկածներս: Այդ առումով, կարծում եմ, մինչև տարեվերջ կունենանք նաև ամբողջական փաթեթը որպես տուրիստական մարզ, պատկերացում, թե ինչպես պետք է տուրիստին բերենք Արագածոտնի մարզ, և որ ամենակարևորն է այդ տուրիստն Արագածոտնի մարզից գնալուց հետո մտածի, այնուամենյանիվ, ևս մեկ անգամ Արագածոտնի մարզ վերադառնալ և իր բարեկամին, ծանոթին ու հարևանին անպայման խորհուրդ տա այցելել:

-Վերջերս հրապարակումներ եղան, որ Արագածոտնի նախկին մարզպետը որոշակի կոռուպցիոն սկանդալների մեջ է: Դրա մասին ինչ-որ բան ունե՞ք ասելու:

Բացի այն, ինչ մամուլն է ասում, ես ավելացնելու որևէ բան չունեմ: Ընդամենը տեղյակ եմ, որ նախաքննություն է ընթանում, իրավապահ մարմինները կարծում եմ համապատասխան քրեական գործին ընթացք կտան և նախաքննությունը ցույց կտա չարաշահում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ:

-Առջևում ԱԺ ընտրություններ են: Մինչև այս Կառավարությունը սովորաբար ՏԻՄ մարմինները բավական ակտիվ մասնակցություն են ունեցել իրենց կուսակցական շահերը տեղում առաջ տանելու և այլն: Ձեր առջև նման խնդիր դրվա՞ծ է պաշտոնապես, թե՞ Դուք ինքներդ, որպես դաշնակցական, ամեն ինչ անելու եք, որ ձեր մարզում Դաշնակցույթունը հաջողություններ ունենա:

Իմ պատկերացումը կուսակցականի և կուսակցական պաշտոնյայի` ընտրություններում կուսակցությանը օգնելու առումով շատ պարզ է: Այդ բանաձևը հետևյալն է. ես իմ գործունեությամբ եմ վաստակելու այն քվեները, որոնք պետք է ՀՅԴ-ին ժողովուրդը հավատալով տա: Համոզված եմ, որ եթե մենք ուզում ենք ունենալ ժողովրդավար հասարակություն, հասարակությունը պետք է հասկանա, թե քաղաքական այս կամ այն ուժը ներկայացնող մարզպետը, նախարարը կամ հասարակ քաղաքացին իր գործուենությամբ ի՞նչ տեսլական ունի մեր երկրի, մեր ապագայի, վաղվա օրվա հետ կապված: Մեզ՝ որպես պետական պաշտոնյաներ, հնարավորություն է ընձեռված որոշակի ժամանակահատված նաև դրսևորվել և ցույց տալ, թե մենք ինչպես ենք պատկերացնում մեր մարզի զարգացումը, մեր ապագան և մեր մոտեցումներն ավելի լավ երկիր ու հայրենիք կառուցելու գործում: Եթե ես իմ գործով պետք է մեկ այլ բան ցույց տամ, իսկ ընտրությունների ժամանակ փորձեմ մեկ այլ բան անել, հավատացած եղեք, մեր հասարակությունը շատ լավ հասկանում է ով ով է և անցել են այն ժամանակները, որ վախի, ճնշման կամ այլ միջոցներով մարդկանց պետք է փորձել դեպի քո կողմը գրավել, որպեսզի քո կուսակցությանը քվե տան: Այդպես չի լինելու: Հասարակությունը շատ լավ տեսնում է ով ով է, ինչպես է աշխատում, ինչպես է պատկերացնում մեր վաղվա օրը, ինչով էլ պայմանավորված է լինելու մեր ապագա բոլոր ընտրությունները. նախևառաջ գոնե սա, որը Կառավարության ծրագրով պետք է լինի մեկ տարվա ընթացքում: Ժողովուրդը հավատաց ու հասկացավ, որ իրոք իշխանությունն իրեն է պատկանում և մենք՝ իշխանավորներս, մեր գործողություններվ երբեք ու երբեք պետք է չանենք մի բան, որպեսզի այդ հավատը մարի, այլ ընդհակառակը, մեր գործողություններով պետք է այդ հավատը արմատավորենք, ամրապնդենք և հավատացած եղեք, որ այդ միասնությունն է, որ վաղը մեզ հնարավորություն է տալու ավելի լավ երկիր ու հայրենիք կառուցելու:

Էդուարդ Սարիբեկյան

Տպել Տպել