- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ամեն ինչ արվելու է հանուն Երևանի

Ոչ մեկ թող չկասկասծի, որ հաղթող ուժը մենք ենք, հաղթող թեկնածուն ես եմ լինելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահ, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը: «Երևանցիներին համոզելու եմ, որ ինձ ընտրեն` մեր ծրագրերով և իմ անձով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է 1994 թվականին Համբարձում Գալստյանի սպանության գործի անդրադարձին, նրան ուղղված մեղադրանքին և հարցին, թե արդյոք այդ գործն անձի վարկանիշի վրա բացասաբար չի՞ անդրադառնա, նա ասաց, որ շատերին հայտնի է այն ժամանակվա իշխանությունների` դաշնակցության դեմ տարվող քաղաքականության, կասեցման և դաշնակցական գործիչներին ձերբակալելու մասին: «Դա խոսում է այն մասին, որ այն ժամանակ կար քաղաքական պատվեր և շարունակվում է մինչ հիմա: Բոլոր թեկնածուներից միայն ես թիրախավորվեցի, ինչը խոսում է նրա մասին, որ, իսկապես, երևի թե լուրջ մրցակիցը բոլորի համար ես եմ»,-ասաց նա:

Անդրադառնալով Երևանի բյուջեի սահմանափակ լինելուն՝ Միքայել Մանուկյանն ասաց.«Ես հավատացած եմ, որ կարևորը գործն է, գործի դեպքում գումար ճարել հնարավոր է, կան բազմաթիվ աղբյուրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, համասփյուռ հայություն կա, որի հետ մեր կապերը, որպես կուսակցություն, շատ ավելի սերտ են: Գործ անելու ժամանակ ես գումարի խնդիր չեմ տեսնում»:

Թեկնածուն նկատեց, որ Երևանի խնդիրները շատ են և բոլորն էլ կարևոր են. քաղաքապետից քաղաքապետ խնդիրներն ավելացել են, փոխվել են և այդ խնդիրներին լուծում է պետք:

Այսպիսով ՀՅԴ թեկնածուն քաղաքին ուղղված ծրագրերի թվում նշեց քաղաքապետարանի ինքնուրույնությունը բարձրացնելը, մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, վարչական շրջանների լիազորությունների ավելացումը, մունիցիպալ ոստիկանության կառավարումը: Ինչ վերաբերում է մրցակցությանը և մյուս թեկնածուների կողմից «սև ու սպիտակի» բաժանելուն, Միքայել Մանուկյանն ասաց.«Սա մեզ ոչ մի լավ տեղ չի տանի, մենք պետք է միասնական լինենք, գույների բաժանելը ամենավտանգավոր բանն է մեր երկրի և մեր քաղաքի համար»:

Նա նշեց, որ սուր քարոզչություն մրցակիցների նկատմամբ չի իրականացնելու, ամեն ինչ արվելու է հանուն Երևանի:

Դիտարկմանը, որ Երևանի ավագանու նախորդ ընտրություններին չեք մասնակցել, իսկ դրանից առաջ կայացած ընտրություններին չեք հաղթահարել պահանջվող շեմը, այս անգամ ինչո՞ւ ՀՅԴ-ն պիտի ընտրվի, Միքայել Մանուկյանն ասաց, որ երկրում իրավիճակ է փոխվել և հանրության գիտակցությունը շատ բարձր է: «Երկրի իրավիճակը փոխվել է, և լարումները, մարդկանց իրարից բաժանելը լավ տեղ չի տանելու»,-ասաց նա:

Հարցին, թե եթե մեծամասնություն չկազմեք, հնարավո՞ր է կոալիցիա կազմեք, նա ասաց, որ դրա մասին դեռ վաղ է խոսել, սակայն չբացառեց ոչինչ: