- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Համազգայինը նշում է հիմնադրման 90-ամյակը

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսություն, որի բեմադրիչն է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։ Մինչ հանդիսությունը մայր թատրոնի նախասրահում տեղի կունենա Համազգայինի հրատարակչական գործունեությանը նվիրված ցուցահանդես։ Նախատեսված է շքեղ հոբելյանական հանդիսություն, որի ընթացքում կցուցադրվի համերգային-թատերականացված ինքնատիպ ներկայացում, որին կմասնակցեն Սունդուկյանի անվան թատրոնը, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, Երեւանի մնջախաղի թատրոնը, «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթը, Երեւանի պետական կամերային երգչախումբը, «Միայն աղջիկներ» վոկալ խումբը, «Էմմանուել Հովհաննիսյան եւ ընկերներ» դուդուկահարների խումբը, «Սասնա ծռեր» ազգագրական համույթը։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանն ասաց, որ Վարդան Մկրտչյանն այս հանդիսության ոչ միայն բեմադրիչն է, այլեւ հիմնական «ճարտարապետը», ապա հավելեց, որ Համազգայինի 90-ամյա գործունեությունը ներկայացնելու համար 90 տարի է պետք։ Համո Օհանջանյան, Լեւոն Շանթ, Նիկոլ Աղբալյան․ սրանք Համազգայինի այն երեք հիմնադիրներն են, որոնց նպատակն էր հայ ժողովրդի կրթական մակարդակը հայ լեզվով եւ հայ հոգով բարձրացնելը։ «Դպրոց եւ մշակույթ, այսինքն՝ հայկականության քարոզ․ սա է եղել Համազգայինի առաքելությունը, փոքրերի համար՝ դպրոց, իսկ մեծերի համար՝ մշակույթ, որպեսզի կարողանան դիմադրել օտար հոսանքներին, ոչ թե պահպանողականության, այլ առաջ գնալու իմաստով»,-շեշտեց նա։

Իր առջեւ դրված նպատակներն իրագործելու նպատակով Համազգային մշակութային միությունն առաջին հերթին 1930թ․ Բեյրութում բացել է Հայ ճեմարանը, 1931թ․՝ «Հույս» տպարանը։ 1980 թ․ հիմնադրվել է Մարսելի կրթական կենտրոնը, 1986-ին, Սիդնեյում՝ Համազգայինի Արշակ եւ Սոֆի Գալստյան երկրորդական վարժարանը։

Հանդիսության բեմադրիչ Վարդան Մկրտչյանն էլ նշեց, որ անհնար է մեկ ներկայացման մեջ պատկերել Համազգայինի ամբողջ գործունեությունը, որովհետեւ միայն Համազգայինի հրատարակչական գործունեության վերաբերյալ կարելի է առանձին ֆիլմ նկարել եւ մի մեծ ներկայացում բեմադրել․ «Համազգայինը նաեւ թատրոնաստեղծ կառույց է, որովհետեւ կանգնելով Սոս Սարգսյանի թիկունքին՝ ժամանակին ստեղծվեց Համազգային թատրոնը։ Մենք փորձել ենք այդ 90 տարիների բովանդակությունը բերել որոշակի ձեւի մեջ եւ ներկայացնել բեմում»։

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը ե՛ւ սցենարին է ծանոթ, ե՛ւ փորձերն է նայել։ «Այն տպավորությունն եմ ստացել, որ Վարդանը մի գորգ է գործել, եւ այդ գորգը Համազգայինի նկարագիրն է։ Վստահ եմ, որ ամեն դիտող այդ ներկայացումն իր հետ տուն կտանի, որովհետեւ սովորական համերգ չի լինելու»,- նշեց նա։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«ՀՐԱՊԱՐԱԿ»

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՅՍՕՐ ՏՕՆ Է

Ժամը 18:00-ից հետևէք մեր հանդիսութեան ուղիղ հեռարձակմանը հետևեալ հասցէով
https://www.youtube.com/chann…/UCMchbxL3GeNH_cYCyN_niBQ/live [1]