Վստահ ենք, կհաջողենք

Հայ Օգնության միության կենտրոնական վարչության անդամ Ալեսյա Բեջանյանի ելույթը քարոզարշավի մեկնարկին.

Հրագելի հայրենակիցներ,

մենք հավաքվել ենք մեկնարկը տալու մեր քարոզարշավի։ Պայմանական է ասել, որ նոր սկսում ենք քարոզարշավը, քանի որ Դաշնակցությունը երբեք էլ չի բացակայել մեր քաղաքացիների բակերից, տներից, շենքերից, մեր Երեւանից, Հայաստանից ու աշխարհի ամենատարբեր հատվածներում բնակվող հայկական համայնքներից։ Մեր համաշխարհային կազմակերպությունն է, որ ամենուր ներկա է, ու միշտ էլ եղել է մեր հայրենակցի կողքին։ Ես ներկայացնում եմ նաեւ հայ իրականության մեջ կանանց մեծագույն եւ հնագույն՝ 100 տարա կյանք ունեցող Հայ Օգնության միությունը։

Չկա որեւէ հայ, որ գեթ մեկ անգամ դիմած ու ստացած չլինի մեր աջակցությունը՝ հոգեւոր, սոցիալական, հոբեբանական կամ այլ։ Ու պատահական չէ, որ մեր համաշխարհային կազմակերպությունը՝ Դաշնակցությունը այսօր էլ հանդես է գալիս նույն միասնության կարգախոսով՝ ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ԵՐԵՒԱՆԻ։ Քանի որ ամեն մեկս, ամեն երեւանցի գործ ունենք անել մեր մայրաքաղաքի համար։ Ու ոչ միայն երեւանցին ունի այդ գործը։ Մեր համոզմամբ, Երեւանը պետք է լինի համահայկական մայրաքաղաք։ Ամեն հայի մայրաքաղաք։ Մենք գիտենք, ինչպես դա կազմակերպել։

Մենք ունենք դրա փորձը՝ նայեք Հայաստանի բազում քաղաքներին՝ Կապան, Սիսիան, Վանաձոր, Շուշի որոնց մեր կազմակերպական հզոր կառույցների միջոցով դարձրել ենք աշխարհի տարբեր քաղաքների հետ քույր բնակավայրեր, ապահովել նրանց համար լայն աջակցություն։

Վստահ ենք, կհաջողենք, ու մեր հաջողությամբ կհաղթի Երեւանը, մեր երեւանցին, մեր բոլոր քաղաքացիները։ Ու այսպես գնում ենք ու սկսում ենք մեր քարոզարշավը՝ ՄԻԱՍԻՆ հանուն Երեւանի:

Տպել Տպել