Բարեփոխումները պետք է համալիր լինեն

Օրերս եկամտային հարկը նվազեցնելու մասին վարչապետի հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել մասնագետների կողմից. ոմանք պնդում են, որ այդ քայլով հնարավոր կլինի պայքարել աշխատաշուկայում գոյություն ունեցող ստվերի դեմ եւ բյուջեն ապահովել մեծ հոսքերով, իսկ ոմանց կարծիքով այն արդյունավետ մեխանիզմ չէ եւ միայն լրացուցիչ բեռ է դառնալու պետական բյուջեի համար:

Հիշեցնենք, որ վարչապետը կառավարությանն առաջարկել է մինչեւ 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը դարձնել 20 տոկոս, իսկ դրանից ավել ստացողներին հարկել 25 տոկոսով: Հարկման երկրորդ տարբերակով առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս եկամտային հարկ՝ անկախ աշխատավարձի չափից:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԻ կարծիքով, բոլոր ակնկալվող փոփոխություններն առնվազն իրատեսական չեն:

Նրա տեղեկացմամբ՝ հարկային բարեփոխումների այս փաթեթը դեռ նախորդ տարի էր քննարկվում, եւ դրանց ջատագովները նեոլիբերալ տնտեսագիտական թիմի ներկայացուցիչներն էին: Նրանք ճգնում էին ցույց տալ, որ հարկերը կրճատելով՝ հնարավոր է հասնել տնտեսական ակտիվության:

Բայց Սուրեն Պարսյանը փաստում է՝ մեր երկրում 27 տարվա ընթացքում իրականացրած տնտեսական քաղաքականությունը հակառակն է ցույց տվել. հարկերի կրճատմամբ տնտեսական զարգացում չենք ապահովել, հատկապես ներառական զարգացում, փոխարենը հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն ավելի են աղքատացել:

Նույն տրամաբանությունը տեղ է գտել վարչապետի ներկայացրած փաթեթում, որով առաջարկվում է հարուստների համար նվազեցնել հարկերը՝ հույս ունենալով, որ նրանք այդ գումարները կուղղեն տնտեսության զարգացմանը. «Փորձը ցույց է տվել՝ երբ հարուստներն ավելի շատ եկամուտներ են ունենում, իրենք այդ գումարներն ուղղում են ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ որպես ավանդ ներդնում են բանկերում եւ ավելացնում իրենց եկամուտը:

Շատ եկամուտ ստացողը հարաբերականորեն ավելի քիչ է սպառում, քան ցածր եկամուտ ունեցողը: Օրինակ՝ 150 հազար ստացողը մեկ ամսում ամբողջությամբ սպառում է գումարը, քանի որ դրա կարիքն ունի, իսկ մեկ մլն ստացողը 500 հազարն է ծախսում, մնացածը խնայում է:

Այսինքն՝ սպառողական պահանջարկը նվազում է, հարուստները շատ չեն սպառում, ակնկալվող ներդրումներ չեն արվում, սպառման ծավալները հարաբերականորեն հավասար չեն խնայողություններին, ինչն էլ նաեւ պատճառ է դառնում, որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունները փակվեն:

Այս փաթեթի ներդրմամբ ոչինչ չի փոխվելու: Պետք է շատից շատ, քչից քիչ սկզբունքն աշխատի, հակառակ դեպքում կունենանք հասարակություն, որտեղ կան ծայրահեղ աղքատներ եւ ծայրահեղ հարուստներ»:

Ինչ վերաբերում է ստվերի կրճատման վարչապետի պնդմանը, ապա տնտեսագետն ասում է, որ այդ կանխատեսումը իրատեսական չէ. «Երբ տասը տարուց ավելի շահութահարկը ֆիքսված սահմանվեց 20 տոկոս, նման հույս կար, բայց գործարարները այդպես էլ իրենց իրական շահույթի մեծությունը ցույց չտվեցին: Մեզ համար կարեւոր է հարկային վարչարարության կատարելագործումը, ոչ թե հարկային դրույքի իջեցումը»:

Մյուս կողմից՝ առաջարկվող համակարգը սոցիալական անարդարություն է ստեղծելու, քանի որ առաջին սխեմայով, որով առաջարկվում է մինչեւ 250 հազար դրամ աշխատավարձ ստացողին 20 տոկոս հարկել, իսկ ավելի բարձրի դեպքում՝ 25, արդար չէ. «Մեր բնակչության մեջ կան մարդիկ, որոնք ստանում են 1 մլն կամ ավելի գումար աշխատավարձ, եւ նրանց նկատմամբ այդքան ցածր հարկեր սահմանելն անարդար է շատ ավելի ցածր աշխատավարձով ապրողների նկատմամբ, որոնք, ի դեպ, անհամեմատ շատ են»:

Հարկային օրենսդրության նոր փաթեթում նախատեսվում է ավելացնել անուղղակի հարկերը, ինչը դեռեւս չի հրապարակվել, այդ մասին դեռ բնակչությանը չեն տեղեկացնում: Այս մասին եւս նշեց Սուրեն Պարսյանը. «Տրամաբանությունը հետեւյալն է՝ մարդկանց տնօրինության տակ գտնվող գումարների հարկերը կնվազեցվեն, եւ այդ կերպ նրանց եկամուտները կավելանան, բայց անուղղակի հարկերը՝ ավելացված արժեքի կամ ակցիզային, կբարձրանան կամ կկիրառվեն այն ապրանքների դեպքում, որոնց համար մինչեւ օրս չեն կիրառվել:

Արդյունքում այդ ապրանքները կթանկանան: Սա շատ անարդար մոտեցում է սոցիալական անապահով կամ քիչ ապահով խավի նկատմամբ: Փաստորեն հարուստն էլ, աղքատն էլ ստիպված են լինելու նույն չափով անուղղակի հարկ վճարել, օրինակ, հացի համար:

Այնպես որ այս համակարգը տնտեսական եւ սոցիալական տեսանկյունից ամբողջապես սխալ է եւ անարդար: Բարեփոխումները պետք է համալիր լինեն»:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

Տպել Տպել