- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

«Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը Շուշիում

Սեպտեմբերի 11-ին Շուշիում՝ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության շենքում կայացել է Երվանդ Փամբուկյանի «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը: Այն Արամ Մանուկյանի տասնամյա (1904-1915) նամակագրությունն է` ամբողջական բովանդակությամբ ու ժամանակագրական հերթականությամբ:

Հայոց պետականության հիմնադրի կյանքի ու գործունեության մի ժամանակշրջանը ներկայացնող գրքի շնորհանդեսին ներկա էին ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, գրքի հեղինակ Երվանդ Փամբուկյանը, ընթերցասերներ, լրագրողներ:

Բացելով միջոցառումը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը նշել է, որ գրքում ներկայացվում է ոչ միայն այդ ժամանակաշրջանի հայկական իրականությունը, այլ նաև լույս է սփռվում Արամ Մանուկյանի անձնավորության վրա: «Գրքում զետեղված 354 նամակները մեծամասամբ անտիպ են, որոնցում վեր է հանվում Արամ Մանուկյանի կերպարը»,- իր խոսքում ասել է Հերմինե Ավագյանը:

ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն նշել է, որ պատահական չէ գրքի շնորհանդեսի կազմակերպումը հենց Արամ Մանուկյանի ծննդավայր Շուշիում, որն անկասկած մեծ ազդեցություն է ունեցել ապագա քաղաքական ու հեղափոխական գործչի ձևավորման գործում: Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՅԴ պատմության անխոնջ ուսումնասիրող Երվանդ Փամբուկյանին՝ կատարած աշխատանքի համար:

Գրքի հեղինակը ներկաներին հետաքրքիր մասնամասներ ներկայացրեց Արամ Մանուկյանի կյանքի մասին, շեշտելով, որ նա անանձնական, համեստագույն, նվիրյալ, համբերատար մարդ էր: Նա ահավոր հոդացավեր ուներ և չնայած դրան ակտիվորեն մասնակցում էր հեղափոխական պայքարին, դարձել էր բոլոր վանեցիների սիրելին, չնայած վերջիններս այնքան էլ չէին սիրում եկվորներին:

ԱրՊՀ պրոֆեսոր Արարատ Վարդանյանը կարևորել է նման նախաձեռնությունը և շեշտել, որ Արամ Մանուկյանն իր ամբողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին, պայքարել ժողովրդի ազատության համար, հայոց անկախ պետականության վերականգնման համար և տպագրված գրվով ընթերցողները նոր տեղեկություններ կարող են ստանալ ազգանվեր գործչի մասին:

Շնորհանդեսը կայացել է ԱՀ ՄԵՀԶ նախարարության եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի համագործակցությամբ: Այն նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Ապառաժ