Մենք 128 տարվա պատմություն ունենք, և չկա մի գործ, որի համար գլուխներս կկախենք

Այսօր ՀՅ Դաշնակցության ցուցակով քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանն այցելեց «Վերնիսաժ»՝ քննարկելու ինչպես տեղում առկա, այնպես էլ Երևանի՝ մարդկանց հուզող խնդիրները:

Մանուկյանի խոսքով՝ երևանցիների հետ հանդիպումների ընթացքում քաղաքացիները հիմնականում բարձրաձայնում են հրատապ խնդիրների մասին՝ աղբահանություն, կանաչապատում, տրանսպորտ, բնարականաշինություն: Ըստ նրա՝ շատ կարևոր է ընտրություններից հետո բոլորի ծրագրերը համադրելը: «Ես, օրինակ, Նուբարաշեն վարչական շրջանում մի տուն տեսա, և երբեք չէի պատկերացնի, որ հնարավոր է նման տուն գոյություն ունենա 21-րդ դարում: Այն ամբողջությամբ փայտից էր կառուցված: Տունն այն վիճակում է, որ մի քիչ հարաբերական է ասել՝ այնտեղ ապրողները տուն ունե՞ն, թե՞ ոչ: Անկախ նրանից` քաղաքապետ կընտրվեմ, թե` ոչ, գոնե մեր առաջարկը կներկայացնենք քաղաքապետարանին, որպեսզի այս խնդիրը լուծվի»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Երևանի քաղաքապետարանը, Մանուկյանի գնահատմամբ, արդեն ինչ-ինչ խնդիրներ լուծել է, օրինակ` բավականին միջոցներ է ծախսել՝ փորձելով լուծել տրանսպորտի խնդիրը:

Հարցին, թե ի՞նչ է առաջարկում ՀՅԴ-ն, որ մյուս կուսակցությունները չունեն իրենց ծրագրում, նա պատասխանեց, որ, առաջին հերթին, մունիցիպալ ոստիկանության ստեղծման անհրաժեշտություն են իրենք տեսնում և ծրագրում: «Մունիցիպալ ոստիկանությունը պետք է զբաղվի համայնքի գույքի պահպանությամբ, մեր քաղաքացիների անվտանգությամբ, պետք է լինի քաղաքացու կողքին գործող ոստիկանություն: Բացի այդ՝ մենք մեր պլատֆորմում ունենք համահայկական մայրաքաղաքի դրույթը, ըստ որի՝ մեր հայության ներուժը պետք է օգտագործել հանուն Երևանի»,- նշեց Մանուկյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր շանսերը, նա պատասխանեց` բարձր, քանի որ ՀՅԴ-ն պատմություն ունեցող կուսակցություն է և միշտ ժողովրդի կողքին է եղել: «Մենք 128 տարվա պատմություն ունենք, և չկա մի գործ, որի համար գլուխներս կկախենք»,- հավելեց թեկնածուն: Մանուկյանի կարծիքով՝ այսօր երևանցին, առհասարակ` ՀՀ քաղաքացին, շատ բարձր ինքնագիտակցություն ունի և հավատում է, որ պետք է ինքը որոշի իր և երկրի ապագան:

yerkir.am

Տպել Տպել