ՀՅԴ-ն առաջարկում է Երևանում ստեղծել տրանսպորտի միասնական համակարգ

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն առաջարկում է Երևանում ստեղծել տրանսպորտի միասնական համակարգ:

Այս մասին սեպտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՅԴ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 2-րդ համար Դավիթ Հակոբյանը:

«Դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ առաջարկել էինք տրանսպորտի միասնական համակարգի ու միասնական տոմսի գաղափարը։ Միակ տարբերակը նորմալ տենդեր հայտարարելն է, որը կբացի կաշառակերության փաստը, հնարավորություն կտա, որ Երևանի քաղաքացին նորմալ երթևեկի: Բայց նաև հազարավոր վարորդներ կան, ովքեր աշխատում են, տուն են պահում։ Պետք է նրանց էլ հաշվի առնել»,- ասաց Հակոբյանը:

ՀՅԴ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 12-րդ համար Լուսինե Քարամյանը Երևանի կարևորագույն խնդիրներից մեկը համաչափ զարգացումն է համարում:

«Սոցիալական պետություն ենք համարվում բայց բավական է նայել Երևանի վարչական շրջաններում, արդեն պարզ է՝ ծայրամասերն անհամեմատելի հետ են Կենտրոն համայնքից: Ծայրամասերում երիտասարդները չեն կարող իրենց առօրյան կազմակերպել: Չկան սրճարաններ, հանգստի վայրեր»,- նշեց Լուսինեն:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ավագանու թեկնածուները մտահոգիչ են համարում այն հանգամանքը, որ նախընտրական շրջանում մրցակից թեկնածուներն իրար նկատմամբ վատ են տրամադրված:

armenpress.am

Տպել Տպել