«Ապառաժ»-ի խմբագրական. Հեղափոխությունն արդյունավորենք արժեքների հեղափոխությամբ

Յուրաքանչյուր հեղափոխություն իր շուրջն է համախմբում ազնիվ նպատակների և առաջադիմական գաղափարների կողմնակիցների, ովքեր երաշխավորում են հեղափոխության հաղթանակը: Բնականաբար, յուրաքանչյուր հեղափոխության գլխագիրը, հիմնական լոզունգը կազմվում է վեհ գաղափարներ կրող բառակապակցություններից: Այդպես է եղել 1600-ականների՝ Անգլիայի հեղափոխությունից սկսած, մինչև 1700-ականների՝ Ֆրանսիայի հեղափոխությունը, 1900-ականների՝ Ռուսաստանի և մեր օրերի հեղափոխությունների պարագայում:

Ազատություն, հավասարություն, եղբայրություն, համերաշխություն, սեր, հանդուրժողականություն, վարդեր, ծաղիկներ: Սրանք են եղել հեղափոխությունների հիմնական կարգախոսները: Բնականաբար, այսպիսի գեղեցիկ բառակապակցություններն իրենց մեջ կուտակել են այն ներուժը, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում համախմբման ներքո ստեղծել առաջադիմական և թռիչքային նախաձեռնություն: Ըստ էության զարգացման համար անհրաժեշտ են թռիչքային գաղափարներ և այդ գաղափարների թելադրանքով արված գործնական քայլեր:

Այսպես թե այնպես, մարդկության զարգացման կարևորագույն թռիչքային կետերի նախօրյակին նկատելի են հեղափոխական մոտեցումների և ապստամբության երևույթներ: Արդի հասարակական գիտությունների տեսաբաններից շատերը համոզված էին, որ 1979թ. Իրանի հեղափոխությունից հետո դասական հեղափոխությունների շարանն ավարտվել է և դրանց հաջորդելու է քաղաքակրթությունների բախումը: Ի վերջո, քաղաքակրթությունների բախման գագաթնակետը եղավ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունը, որին հաջորդեց Արևմուտքի բիրտ ուժի ներթափանցումն Արևելք՝ Աֆղանստան, որը մինչ այժմ շարունակվում է Սիրիայում: Այս բիրտ ուժի կողքին արևմտյան քաղաքակրթությունը դեռևս 1990-ական թվականներից փափուկ ուժի կիրառմամբ քաղաքակրթությունների բախմանն էր նախապատրաստվում: Քաղաքագետ, փիլիսոփայության դոկտոր Ջին Շարփի կողմից 1993թ. հրատարակված «Բռնապետությունից ժողովրդավարություն» աշխատությունը ուղեցույց դարձավ մի շարք գունավոր ու թավշյա հեղափոխությունների, մասնավորապես 2010-ից սկսված Արաբական գարնան համար:

Անկախ այն հանգամանքից, թե արդի ժամանակաշրջանում տեղի ունեցած հեղափոխություններն ինչքանով են կարողացել իրագործել իրենց կողմից հռչակված արժեքներին համապատասխան հասարակական կարգեր, դրանք համախմբել են ժողովրդին և ստեղծել առաջընթացի ներուժ: Դա հեղափոխության արժեքն է, որն անկատար է, եթե իր հետ չի բերում արժեքների հեղափոխություն:

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դուրս չէ այս ընդհանուր օրինաչափությունից: Պետք է խոստովանել, որ արաբական գարնան հեղափոխությունների շարանն անխտիր ձախողվեց, քանի որ չկարողացան հեղափոխության ենթարկել հասարակության մեջ տիրող արժեքային համակարգը, քանի որ հասարակության մեջ արդեն իսկ ավանդույթ դարձած մեթոդները նույնությամբ կիրառվեցին «նորերի» կողմից: Դրա հետևանքով կամ «նորը» դարձավ նորացված «հին» կամ «հինը» փոխվրեժի միջոցով վերագրավեց կորցրած դիրքերը:

Հայկական հեղափոխության պարագայում բոլորիս պարտքն է չթողնել, որ «սերն ու համերաշխությունը» վերածվեն «ատելության ու թշնամանիքի»՝ սևի ու սպիտակի: Հեղափոխության արժեքն իմաստավորվում է արժեքների հեղափոխությամբ:

«Ապառաժ»-ի խմբագրական, 19 սեպտեմբերի, 2018թ.

Տպել Տպել