- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Գավառի տարածքի համայնքներ

Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային հերթական այցով եղավ Ծաղկաշեն, Գանձակ եւ Կարմիրգյուղ համայնքներում:

Ծաղկաշենի միջնակարգ դպրոցում մարզպետը ծանոթացավ շենքային բարվոք պայմաններին, նոր ուսումնական տարվա անելիքների շուրջ զրույցեց դպրոցի տնօրինության հետ: «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով արդիականացված դպրոցն արդեն 1 տարի է, ինչ ապահովված է շենքային ու գույքային լավագույն պայմաններով: 140 աշակերտական տեղ ունեցող դպրոցում այս ուսումնական տարում հաճախում են 64-ը:

Այցի հաջորդ կանգառը Ծաղկաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր, որտեղ Իշխան Սաղաթելյանը համայնքի ղեկավարի հետ քննարկեց 9-րդ դարից մեզ հասած եկեղեցու նորոգման, տարածքի բարեկարգման, զբոսաշրջության զարգացման հետ կապված որոշակի հարցեր: Ծաղկաշենի համար որպես առաջնահերթ լուծում պահանջող հարց ներկայացվեց խմելու ջրի խորքային հորի համար նոր պոմպի ձեռքբերումը: Մարզպետը հավաստիացրեց ծաղկաշենցիներին, որ խնդիրը լուծվելու է ՀՀ կառավարության միջոցներով, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորման ծրագրի շրջանակներում: «Համայնքի բնակչության առջեւ ծառացած են խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման խնդիրները: Խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման ծրագրը Ծաղկաշենում կմեկնարկի գարնանը, իսկ եկող տարվանից համայնքը կունենա անխափան ջրամատակարարում: Ինչ վերաբերում է խորքային հորի պոմպի ձեռքբերմանը, ապա կառավարության կողմից առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորման ծրագրի շրջանակներում մինչեւ տարեվերջ հարցը կստանա իր դրական լուծումը»,-տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը:

Գանձակ համայնքում մարզպետն այցելեց թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներ եւ մի շարք շինարարական տեղամասեր, որտեղ պետական բյուջեի միջոցներով կամ սուբվենցիոն ծրագրերով ավարտվել կամ ընթանում են շինարարական աշխատանքները: Գանձակի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներում Իշխան Սաղաթելյանը ծաղիկներ խոնարհեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոս հայորդիներ Արմեն Մարտիրոսյանի եւ Գուրգեն Այվազյանի անունները կրող հուշանկյուններում: Ծանոթանալով դպրոցների շենքային պայմաններին՝ մարզպետը տնօրենների եւ մանկավարժների հետ քննարկեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ: Գանձակ-Ծաղկաշեն կամրջի շինարարության տեղամասում Իշխան Սաղաթելյանին զեկուցվեց, որ պետբյուջեի միջոցներից կամրջի հիմնանորոգման համար հատկացվել է շուրջ 100 միլիոն դրամ, իսկ շինարարության մրցույթը շահվել է շուրջ 76 միլիով դրամով: Շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի ընթացքում, որից հետո կապահովվի անխափան երթեւեկությունը երկու բնակավայրերի միջեւ:

Մարզպետն այցելեց նաեւ նորակառույց ջերմոցային տնտեսության շինհրապարակ, որտեղ ծանոթացավ ծրագրի բովանդակությանը եւ աշխատանքների ընթացքին: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցներով ու համայնքի համաֆինանսավորմամբ կառուցվող ջերմոցային տնտեսությունը մարզում լինելու է առաջինը, որն աշխատելու է վերականգնվող էներգիայի հաշվին: Իշխան Սաղաթելյանը ծանոթացավ նաեւ ոռոգման ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ 430 մետր երկարության ոռոգման ջրանցքում հիմնանորոգման աշխատանքների շնորհիվ նվազագույնի են հասցվել կորուստները:

Կարմիրգյուղ համայնքում նույնպես մարզպետը հագեցած աշխատանքային այցեր ունեցավ համայնքի երկու դպրոցներում, բուժամբուլատորիայում, արվեստի դպրոցում, մանկապարտեզում եւ մեկ թաղամասում, որի փողոցը վերջերս հիմնանորովել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում առաջնահերթ լուծում դիտարկվող հարց համարվեց նոր պատուհանների տեղադրումը, տանիքի նորոգումը, Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ լոկալ ջեռուցման համակարգի կառուցումը եւ մարզադահլիճի հիմնանորոգումը: Հիմնանորոգման խիստ կարիք է զգացվում նաեւ Կարմիրգյուղի բուժամբուլատորիայի շենքում: «Աշխատանքային այցերը մեզ հնարավորություն են տալիս՝ տեղում դիտարկելու իրականացվող ծրագրերի ընթացքը եւ վեր հանելու առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները: Գանձակում մենք իրականացված մեծ ծավալի աշխատանք տեսանք, միաժամանակ արձանագրեցինք նոր խնդիրներ, որոնց լուծման համար պետք է գտնենք նոր միջոցներ: Ավելի շատ անելիքներ ունենք թե Գանձակի, թե Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցներում, որտեղ կփորձենք կուտակված խնդիրները լուծել այդ հաստատությունների խնայած միջոցների հաշվին: Իսկ ավելի մեծ ծախսեր պահանջող խնդիրները լուծելու համար հարկ կլինի փնտրել նոր միջոցներ: Առաջ քաշված ու առաջնահերթ լուծում պահանջող որեւէ հարց անուշադրության չենք մատնի», -աշխատանքային այցն ամփոփեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ