Արցախի Բերձոր եւ Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջեւ վերաստորագրվել է բարեկամության հռչակագիր

Սեպտեմբերի 25-ին Արցախում էր Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակը Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև 2017 թ. նոյեմբերի 20-ին տեսակապի միջոցով նախաստորագրված բարեկամության հռչակագրի վերաստորագրումն էր։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Բերձոր քաղաքում, որին ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Ֆրանսիայի և Արցախի կառույցների ներկայացուցիչներ, երկու քաղաքների քաղաքապետարանների աշխատակիցներ։

Հյուրերին Բերձորի մուտքի մոտ դիմավորել են աղուհացով, որից հետո ուղեկցել քաղաքապետարան:

Բերձոր քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է քաղաքապետի պաշտոնակատար Անահիտ Չարչյանը, իսկ Արֆորվիլ քաղաքի անունից՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչը։

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հիմք ընդունելով Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը և ընդգծելով ժողովուրդների միջև երկխոսությանը նպաստելու և Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ամրապնդել երկու քաղաքների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը։ Հռչակագրի նպատակն է գործընկեր քաղաքների միջև կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցության խթանումն ու գործնական ծրագրերի իրականացումը։

Իր խոսքում Միշել Ժերշինովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: «Արֆորվիլ քաղաքը ստեղծվել է 133 տարի առաջ և ծաղկել է նաև մեր հայ ընկերների շնորհիվ և այնտեղ ապրող հայկական համայնքի ներկայացուցիչները շարժիչ ուժ են հադիսանալու հետագա համագործակցության համար: Ստորագրելով այս հռչակագիրը մենք մոտենում ենք Բերձոր քաղաքին, Հայաստանի և հատկապես Արցախի Հանրապետությունների հետ կապերն էլ ավելի ամրապնդելու նոր էջ է բացվում մեզ համար»,- նշել է նա և ավելացրել, որ ԱՀ-ն այսօր քիչ է ճանաչված և այսպիսի նախաձեռնությունները, համագործակցությունը մի օր բերելու է աշխարհում Արցախի Հանրապետության ճանաչմանը:

Բերձորի քաղաքապետի պաշտոնակատար Անահիտ Չարչյանը նշել է, որ ստորագրված պայմանագիրը ավելի է սերտացնելու բարեկամական կապերը. «Բացի զուտ մարդկային շփումներից, մենք կունենանք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարող ենք համագործակցել, կատարել փորձի փոխանակում, իրացնել զարգացման համատեղ ծրագրեր»:

Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել Արֆորվիլի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային Ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասը: Նա է 2017թ. ստորագրել հռչակագիրը: «2016թ. սեպտեմբերին ես այստեղ էի պարոն Ժերշինովիչի հետ, գիտեինք, որ ընդհանրումներ կան հարևան երկրի հետ և մեր այցով փաստորեն քաղաքական աջակցություն ենք ցուցաբերել: Այսօր ես Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր եմ, որտեղ ինձ նման շատ պատգամավորներ կան, ովքեր պայքարում են Արցախի հիմնախնդրի լուծման համար:»,- նշել է Լյուկ Կարվունասը: Նրա խոսքով` Ֆրանսիայի կառավարությունն այնքան էլ չի ողջունում նման այցերը, բայց «դիվանգիտությունից բացի գոյություն ունի նաև իրականությունը, պատմական իրականությունը, որը ցույց է տալիս, որ Արցախը հայկական է»: «Ես շարունակելու եմ պայքարը Արցախի Հանրապետության ճանաչման համար, որովհետև սա արդար պայքար է, և վստահ եղեք, որ Արցախի ճանաչման համար մեկ ձայն արդեն ունեք»,- ասել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը:

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, շնորհավորելով հռչակագրի վերաստորագրման առիթով, նշել է, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը դարերի փորձություն է անցել և բազմաթիվ գործողություններով ամրագրվել: «Ուրախ ենք, որ Ֆրանսիայում կան նման մարդիկ, ովքեր կնպաստեն մեր երկրի ճանաչմանը»,- նշել է Արտուշ Մխիթարյանը` ավելացնելով, որ Արցախի հողը սրբացել է զոհվածների արյամբ, որոնցից վերջինը մի քանի օր առաջ թշնամու գնդակից ընկած Քաշաթաղի բնակիչ Արցախ Հովսեփյանն է:

aparaj.am


Ալֆորվիլի քաղաքապետը ժամանել է Քաշաթաղ

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությանը ժամանել է Արցախ, որտեղ նրանց ընդունել է Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Հիշեցնենք՝ Քաշաթաղի շրջանում տեղի է ունեցել Բերձոր-Ալֆորվիլ բարեկամության հուշագրի վերստորագրման արարողությունը: Քաղաքների միջեւ համագործակցության սկիզբը դրվել է դեռեւս 2017-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։

YerkirMedia.am


Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախի Բերձոր քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ։

Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամների այցն Արցախ՝ վերաստորագրելու Բերձորի և Ալֆորվիլի միջև բարեկամության հռչակագիրը, ինչը, նրա գնահատմամբ, վերահաստատում է երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը։

ԱԳՆ ղեկավարը գոհունակությամբ է նշել Ալֆորվիլի քաղաքային իշխանությունների ջանքերը՝ ուղղված Բերձորի հետ համագործակցության ամրապնդմանն ու Արցախի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը՝ հիշատակելով վերջերս Ալֆորվիլ քաղաքում «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի անցկացումը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ անդրադարձ կատարելով նաև Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է օտարերկրյա պետությունների հետ տարբեր մակարդակներով հարաբերությունների հաստատման և աշխարհագրության ընդլայնման կարևորությունը՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից հետևողականորեն տարվող մեկուսացման քաղաքականությանը դիմագրավելու տեսանկյունից։ Այս համատեքստում նա նշել է, որ ամեն կերպ ձգտելով մեկուսացնել Արցախը՝ Ադրբեջանը փորձում է իր համար բարենպաստ հող նախապատրաստել՝ Արցախի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու համար, ինչը սպառնալիք է ոչ միայն երկու հայկական պետությունների, այլև ողջ տարածաշրջանի համար։

Քաղաքապետ Միշել Ժերշինովիչն իր հերթին վերահաստատել է Ալֆորվիլի քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ խորացնել և ընդլայնել Բերձոր քաղաքի հետ մշակույթի, սպորտի, կրթության և տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցությունը՝ նշելով, որ պատվիրակության այցելությունն Արցախ լրացուցիչ առիթ է՝ քննարկել և նախանշել երկկողմ կապերի զարգացմանն ուղղված հետագա անելիքները։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել գործնական ծրագրերի իրականացման հեռանկարների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

ԱՀ ԱԳՆ


Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Ալֆորվիլ քաղաքի հետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ալֆորվիլի հետ համագործակցությունն ընթանում է բավականին արդյունավետ՝ ընդգծելով, որ ակնկալում է փոխգործակցության դրական դինամիկայի ապահովում նաեւ ապագայում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմ


Խորհրդարանի ղեկավարն ընդունել է Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը

Սեպտեմբերի 25-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Արցախի խորհրդարանում՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության շարունակական զարգացումը և երկկողմ փոխգործակցության ուղղությամբ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ջանքերը: Այս համատեքստում Աշոտ Ղուլյանը կարևորել է պատվիրակության հետ Արցախ ժամանած Ալֆորվիլի նախկին քաղաքապետ, ներկայումս Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի անդամ Լյուկ Կարվունասի դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը նշել է, որ Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև հաստատվող բարեկամական հարաբերություններին պետք է հաջորդի կոնկրետ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի նաև հաղթահարելու Արցախի քաղաքական մեկուսացումը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Տպել Տպել