Պետք է փորձենք տարբերակներ գտնել

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից պետք է արգելվեր ցամաքային ճանապարհով ցորենի ներկրումը Հայաստան։ Վրացական կողմը, սակայն Հայաստանի համար որոշակի զիջման գնաց, եւ ժամկետը երկարացրեց մինչեւ հոկտեմբերի 1-ը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ՀԺ-ին տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 18-19-ին լինելու է Վրաստանում եւ բանակցություններ է ունենալու նաեւ այդ հարցի շուրջ: Սեպտեմբերի 19-ին Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի ներմուծման-արտահանման արգելքի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվել էր մինչեւ այս տարվա վերջը։ Իսկ դրա հաջորդ օրը` սեպտեմբերի 20-ին, որոշում է կայացվել այդ ժամկետը երկարաձգել մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր:

«Ի թիվս այլ խնդիրների, մենք հույս հայտնեցինք, որ հաշվի կառնեն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, եթե այդ որոշումը ուժի մեջ մտնի»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, սեպտեմբերի 20-ին տեղեկություն տարածվեց, որ Վրաստանը մեկ տարով երկարաձգել է ցորենի եւ ալյուրի ներմուծման եւ արտահանման արգելքի որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը: Ինչպե՞ս փոխվեց որոշումը:

– Մեր այցի նպատակը, իհարկե, այլ է եղել, բայց քննարկվել է նաեւ այս խնդիրը եւ մենք ներկայացրել ենք, թե ինչ ռիսկերով է այդ որոշումը հղի, ինչ հետեւանքներ կարող է ունենալ ՀՀ գյուղատնտեսության վրա եւ ակնկալել ենք բարեկամական երկրից` բարեկամական քայլ:

Իհարկե, այս քայլի հետեւում կոնկրետ Վրաստանի ֆինանսների նախարարությունն էր, իսկ մեր մոտից հիմնականում բանակցում էր տրանսպորտի նախարարությունը: Ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ նաեւ մենք մեր ներկայացուցիչն ունեինք, բայց քանի որ այցով գտնվում էինք Վրաստանում, հանդիպում ունեցանք նախարարի եւ սննդի անվտանգության ղեկավարի հետ եւ ի թիվս այլ խնդիրների՝ մենք հույս հայտնեցինք, որ հաշվի կառնեն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, եթե այդ որոշումը մտնի ուժի մեջ:

– Հնարավո՞ր է արգելքը առհասարակ չեղարկվի, թե 1 տարում պետք է հայկական կողմը տարբերակներ գտնի:

– Վստահ եմ, որ պետք է փորձենք տարբերակներ գտնել, որովհետեւ փաստարկները, որ վրացական կողմը ներկայացնում է, օդից բերված փաստարկներ չեն եւ իրականում մտահոգվելու տեղ ունեն: Այնպես որ, պետք է փորձենք այդ տրված ժամանակից օգտվել եւ տարբերակներ գտնել:

«Հայկական Ժամանակ»

Տպել Տպել