Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի քայլերը ձախողվում են

Ինչպես արդեն տեղեկացրել էիք, Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև սեպտեմբերի 25-ին վերաստորագրվել է բարեկամության հռչակագիր: Բերձոր ժամանած պատվիրակության կազմում էր նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա կարևորել է նման նախաձեռնությունները. «Հարցը միայն համատեղ հայտարարություն ստորագրելը չէ, այլ նաև այն, որ Ալֆորվիլ քաղաքից մի ամբողջ պատվիրակություն` ներկա ու նախկին քաղաքապետներով, եկել են, որպեսզի տեղում ստորագրեն բարեկամության հռչակագիրը: Սա քաղաքական պատասխան է այն թշնամական պահվածքին, որ Ադրբեջանը ցուցաբերում է Արցախի Հանրապետության նկատմամբ»: «Նման յուրաքանչյուր այցելություն ապտակ է Ադրբեջանին: Համոզված ենք, որ Ալֆորվիլի քաղաքապետի վերադարձից հետո Ադրբեջանի դեսպանատունը դատական հայց է հարուցելու նրա դեմ: Բայց նա այս ամեն ինչը գիտակցելով է ժամանել»,- մասնավորապես ասել է Կիրո Մանոյանը:

«Ճիշտ է, համայնքները չեն կարող ճանաչել այլ պետությունների, բայց հռչակագրի ստորագրումն ինքնին ազդեցիկ է: Դրանով Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի քայլերը փաստորեն ձախողվում են: Տարբեր համայնքների հետ նման կապերը, ոչ միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուղղակի պաշտպանություն են, այլ նաև ֆիզիկական պաշտպանություն, որը Ադրբեջանին ստիպում է ավելի զուսպ լինել»,- նշել է Կիրո Մանոյանը` ավելացնելով, որ կցանկանար, որ Արցախի համայնքները, քաղաքներն այնքան շատ նման միջոցառումներ անցկացնեն, որ սկսեն ձանձրանալ:

Ինչ վերաբերում է տվյալ նախաձեռնությանը ՀՅԴ մասնակցությանը, ապա պատահական չէ, որ պատվիրակության մաս են կազմում ՀՅԴ ներկայացուցիչներ Ֆրանսիայից, ՀՀ-ից և Արցախից: «Մեր կառույցն աշխատում է, որպեսզի հնարավորինս շատ լինեն նման այցելություններն ու ծրագրերը»,- եզրափակել է Կիրո Մանոյանը:

aparaj.am

Տպել Տպել