Ինչո՞ւ սկսվեց սևի և սպիտակի խաղը

Ավարտվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որտեղ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ տարավ <Իմ քայլը> դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը: Բուն ընտրություններն անցան առանց լուրջ խախտումների և, իրավամբ, դրանք կարելի է համարել վերջին տարիներին անցկացված ամենաազատ, արդար ու թափանցիկ ընտրությունները մեր երկրում: Սակայն գնահատական տալուց առաջ չի կարելի անտեսել ընտրական գործընթացի անբաժան մաս կազմող նախընտրական քարոզարշավի փուլը, ինչից մեծապես կախված են ընտրությունների արդյունքները: Եվ ուրեմն՝ փորձենք հասկանալ որո՞նք էին այս ընտրությունների քարոզարշավի առանձնահատկությունները, ի՞նչ մթնոլորտում դրանք անցան և որքանո՞վ պայմանավորեցին ընտրությունների վերջնական արդյունքները…

Առաջինը, որ կարելի է առանձնացնել հետևյալն էր. այս քարոզարշավը ոչ միայն անկախ Հայաստանի անցած տարիների երևանյան, այլև համապետական ընտրությունների քարոզարշավներից տարբերվեց իր կոշտությամբ, չափից շատ անհանդուրժողական հայտարարություններով ու փոխադարձ վիրավորանքներով: Այնինչ, կարծես թե «թավշյա հեղափոխությունից» հետո հռչակված «սիրո և համերաշխության երկրում» նման բան չպիտի լիներ. ավելին՝ այս քարոզարշավը պիտի անցներ առավել լավ՝ դրական ու գեղեցիկ, խելացի բանավեճերի մթնոլորտում: Եվ դրա համար, կարծես թե, բոլոր նախադրյալները կային: Նախ, որ սիրո և համերաշխության մթնոլորտը համարվում էր հեղափոխության արդյունք և դրա ստեղծողներն այսօր, լինելով իշխանություն, պիտի ջանք թափեին այդ մթնոլորտն իրապես ապահովելու և պահպանելու համար, և երկրորդ՝ ընտրություններին չէր մասնակցում այն քաղաքական ուժը, որի դեմ պայքարի արդյունքում էր առաջացել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը:

Այսինքն ընտրական գործընթացում, ստեղծված էին բոլոր նպաստավոր պայմանները. չկա հանրապետական, չկա պրոբլեմ, հետևաբար սուր քննադատության թիրախ, դրան գումարած՝ նոր իշխանությունների հանդեպ ժողովրդի բարձր վստահությունը: Կար նաև երրորդ նպաստող հանգամանքը. ընտրական պայքարի մեջ գտնվող հիմնական խաղացողները իշխանության հետ փաստացի դաշնակից քաղաքական ուժեր էին, ինչը միմյանց չհայհոյելու լավ հիմք էր ստեղծում:

Բայց արի ու տես, ամեն բան տեղի ունեցավ տրամաբանությանը ճիշտ հակառակ: Եվ դա առաջին հերթին «սիրո և համերաշխության» մթնոլորտն ապահովողների մեղքով: Հենց նրանք շպրտեցին առաջին քարն ու փորձեցին կերտել աներևույթ թշնամու կերպար, որից հետո հողմաղացների դեմ կռվելու դոնքիշոտյան ասպետությունը դարձավ թելադրող վարք: Ինչո՞ւ, ինչը ստիպեց Նիկոլ Փաշինյանին և նրա կողմնակիցներին գնալ այդ ճանապարհով, ի՞նչ շահեցին նրանք անհանդուրժողական մթնոլորտ ձևավորելով և արդյո՞ք դա մտածված էր:

Վերհիշենք նախընտրական <սիրո եւ հանդուրժողականության> ընթացքը:

Այսպես, առաջին վտանգավոր հայտարարությունը, ինչը դարձավ հետագա բանավեճերի սրացման թեմա, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունն էր սևերի և սպիտակների մասին՝ դեռևս քարոզարշավի մեկնարկից առաջ: Սկզբում փորձ արվեց համոզել, թե եղել է սխալ ձևակերպում. «այո, ճիշտ մոտեցում չէ»…Սա հաստատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ հենց այն է՝ հասարակությունը սկսել էր համոզվել ու ներել Հայկին, նույն Փաշինյանն իջավ հրապարակ ու առավել խիստ տոնով հայտարարեց իր աջակցությունը Հայկոյի այդ խոսքերին. «Հա՛յկ, դու մի բան գիտեիր, որ այդպես էիր ասում. այո՛, ովքեր մեզ չեն պաշտպանում սև ուժեր են»: Այսպիսով Փաշինյանը, չբացելով փակագծերը՝ բոլորին մեղադրեց մութ գործերի ու համագործակցությունների մեջ, անվանեց ժողովրդի թշնամի: Ի՞նչ է սա, եթե ոչ նույն ժողովրդի մեջ կասկածի ու վախի մթնոլորտի սերմանում, յուրայինների մեջ թշնամիների փնտրտուք:

Սակայն Փաշինյան քաղաքական գործչի համար սա, ըստ էության, այնքան կարևոր չէր, որքան այն, որ օգտվելով ժողովրդի մոտ ունեցած իր բարձր վստահությունից ու հավատից, նա փորձեց ձևավորել մեկ բևեռ՝ իր /սպիտակների/ բևեռը: Այսինքն, փորձ արվեց ցույց տալ, որ ընտրության այլ հնարավորություն չկա, որովհետև բոլորը կասկածելի են և միայն մենք ենք. <մենք ու դուք ժողովուրդ և երկուսս էլ բիրտ ու վայրենի ուժերից պաշտպանության կարիք ունենք>: Եվ այդպես էլ անհայտ մնաց ՝ ո՞վ էր թշնամին ու ժողովրդին դավողը՝ «Լույս»-ը, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն թե մեկ ուրիշը: Մյուս քաղաքական ուժերի արժանիքների անտեսումը՝ իմա ծրագրերի քննարկումն ու գնահատումը մնաց ստվերում, ինչը նույնպես կարելի է համարել փաշինյանական ցանկություն: Նա իրեն փայլուն է զգում զգացմունքային ելույթների ու ամբոխահաճո հայտարարությունների ոճի մեջ, բայց ոչ երբեք ծրագրային թեմաների ու գաղափարների քննարկման դեպքում: Այդ տեսակետից բնավ չի փայլում նաև իր կուսակցության քաղաքապետի թեկնածուն, որն, ի դեպ, հրաժարվեց մյուս թեկնածուների հետ ծրագրային բանավեճերից: Եվ այս ամենի արդյունքում, մենք բաց թողեցինք ևս մեկ լավ հնարավորություն մարդկանց մղելու դեպի խելացի ընտրություն, ընտրություն՝ հենված սեփական մտքի ու դատողության վրա: Ընտրություններից առաջ ժողովրդի ուշադրությունը կուսակցությունների ծրագրերի վրա բևեռելը, նրանց խոստումները ծանր ու թեթեւ անելը ու խելացի ընտրություն կատարելը էլի մնացին երազանք:

Այս անգամ էլ չսովորեցինք գնահատել միտքն ու ներկայացված ծրագրերը, դրանց բովանդակության առավելություններն ու թերությունները, դրանց իրատեսական կամ անիրատեսական լինելը… Չկարողացանք գնահատել քաղաքական ուժերի եւ գործիչների իրազեկվածության ու ազնվության չափաբաժինը: Մի բան, առանց որի երբեք չի լինի սեր և համերաշխություն ժողովրդի ու իշխանության միջև…

Հ.գ. Դատելով ընտրությունների մասնակցության տոկոսից և արդյունքներից՝ կարելի է ենթադրել, որ դրանց հիմնականում մասնակցեց հասարակության այն հատվածը, որը սիրում է լսել ամպագոռգոռ ու ծայրահեղ հայտարարություններ: Լուրջ, ծրագրային դատողությունները նրանց այնքան էլ չեն հուզում. մարդիկ սիրում են լսել իրենց սրտին ցանկալի բաներ /թող որ լինի սուտ/, լսել այն մասին, որ շուտով հրաշքներ են տեղի ունենալու և այլն: Իսկ նրանք, ովքեր սպասում էին ծրագրի, ցանկանում էին տեսնել խնդիրների լուծման ճանապարհային քարտեզներ, չկարողացան կողմնորոշվել, դարձան կրավորական քաղաքացիներ ու փաստացի դուրս մնացին ընտրական գործընթացից: Սա, անշուշտ, լավ, չէ, նույնիսկ՝ վատ է….Մի բան պարզ է, պետք է հասնենք նրան, որ մեր քաղաքական բանավեճերն ու տարաձայնությունները լինեն միմիայն գաղափարական ու ծրագրային դրույթների շուրջ, բայց ոչ երբեք հենվեն հավակնությունների, ստի ու այսօրեկան օրակարգերի վրա: Չէ՞ որ բոլորիս նպատակը հզոր Հայաստան ու բարեկեցիկ ապագա ունենալն է. եթե դա չենք անելու, ճանապարհին ինչքան էլ աչքակապություն ու աճպարարություն անենք միևնույնն է, բոլորիս մեղքի բաժինն էլ նույնչափ է լինելու ու բոլորս էլ կանգնելու ենք սերունդների դատաստանի առջև:

Արթուր Մկրտչյան

Տպել Տպել