Կողմնորոշվեք քաղաքական հորձանուտում

Սեպտեմբերի 26-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լիագումար նիստի ժամանակ պատգամավորական հայտարարությամբ է հանդես եկել «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

«Հարգարժան գործընկերներ,

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցան ԱՀ ԱԺ արտահերթ ընտրությունները թիվ 10 և 11 ընտրատարածքներում, իսկ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա թիվ 2 ընտրատարածքում: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին թիվ 10 և 11 ընտրատարածքներում, իսկ ներկա օրերին՝ թիվ 2 ընտրատարածքում, քարոզարշավի շրջանակներում մենք ականատեսն ենք առաջադրված տարբեր թեկնածուների հրապարակային ելույթների՝ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ կամ ԶԼՄ-ների միջոցով:

Ակնեղծ ասած որոշ մտահոգիչ ելույթներն էլ պատճառ դարձան այսօրվա հայտարարությանս:

Քարոզարշավի շրջանակներում տարբեր թեկնածուների կողմից երբեմն, կամ նույնիսկ հաճախ, հնչում էր և է հետևյալ միտքը՝ «ես ոչ մի կուսակցության անդամ չեմ, ես կոճակ սեղմող չեմ» և այլ նմանատիպ մտքեր:

Հարգելինե՛րս, պոպուլիզմն ու դեմագոգիան չեն կարող ուղղորդող լինել քաղաքական գործընթացներում: Քննադատությունը, պայքարը, հաստատակամությունն ու ճկունությունն ավելի են համապատասխանում քաղաքական գործիչներին: Հրապարակ իջած մեր որոշ «քաղաքական» գործիչների նման կեցվածքը միայն հարվածում են մեր կուսակցություններին, ավերում քաղաքական դաշտը, քանդում, ամայացնում մեր հասարակական ու քաղաքական կյանքը: Թվում է թե հատուկ գիծ է որդեգրվել կուսակցություններին քաղաքական դաշտից դուրս մղելու համար:

Հավանաբար համաշխարհային զարգացումների մեջ պետք է «վերանայել» կուսակցությունների դերն ու դերակատարությունը՝ հրաժարվել կուսակցական մրցապայքարներից և կուսակցական կառավարման դասական մոդելներից:

Առ ի հիշեցում.

ԱՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի 2-րդ կետով (Ազգային Ժողովի բաժին) հաստատվում է, որ «Ազգային Ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով»:

Ասել է, թե Ազգային Ժողով որպես պատգամավոր մուտք գործելու համար պետք է լինել կամ կուսակցական, կամ առնվազն որևէ կուսակցության ցանկի մեջ:

Ես չեմ ուզում առավել խորանալ թե ինչպիսի գաղափարախոսություն կամ քաղաքական համոզմունք են դավանում այդ թեկնածուները, ընկերվար են, լիբերալ, կենտրոնամետ թե ձախակողմյան: Սա այլ հարց է:

Բայց կարևոր է գիտակցել, որ ուզեք թե չուզեք պատգամավոր դառնալու համար պետք է հարաբերվեք որևէ քաղաքական կուսակցության հետ, եթե չեք ուզում անդամակցել որևէ «պարտիայի»:

Ուզեք, թե չուզեք՝ քաղաքական մարմնի մաս կազմելու, քաղաքական գործունեություն ծավալելու համար պարտավոր եք որևէ քաղաքական կառույցի մեջ լինել: Սա առ այսօր այն գերագույնն է, որով պայմանավորված է ոչ միայն քաղաքական, հասարակական, այլ նաև սոցիալական ու տնտեսական առաջընթաց ապահովելու նախադրյալները: Ազնիվ, արդար, քաղաքակիրթ ու կառուցողական քաղաքական մրցակցությունը պայմանավորված է կայացած կուսակցությունների գոյությամբ:

Մի քանի խորհուրդներ ունեմ տալու քաղաքական ասպարեզ մտնող մեր նոր գործիչներին՝

Մի ավերեք քաղաքական դաշտը,
Մի նվաստացրեք պետական կարևորատրիբուտ օրենսդիր մարմինը,
Կողմնորոշվեք քաղաքական հորձանուտում
Ընտրվելու դեպքում կոճակ պարտադիր եք սեղմելու, կարևորը քաղաքական հենասյունը ամուր լինելու հանգամանքն է»:

Տպել Տպել