Կիպրոսի խորհրդարանի անդամները պատրաստակամություն են հայտնել խորացնել Արցախի հետ համագործակցությունը

Սեպտեմբերի 28-ին Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը, նրա հետ Արցախ ժամանած Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսը, Միկայիս Գիորգալասը և ՀՅԴ Կիպրոսի ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանը, պատվիրակությանն Արցախում ուղեկցող ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանն ամփոփել են Արցախ կատարած այցը:

Պատվիրակության անդամներն արդյունավետ են գնահատել Արցախում կայացած հանդիպումները՝ հատկապես Կիպրոսի և Արցախի միջև մշակութային, կրթական կապերի հաստատման ու այլ համատեղ ծրագրերի իրագործման առումով:

Բազմիցս Արցախ այցելած Էլենի Թեոխարուսը նշել է, որ պատվիրակության անդամներից 3-ը ոչ թե ազգությամբ, այլ ընտրությամբ հայեր են: «Հանդիպումների ընթացքում վերահաստատել եմ, որ մենք Ձեր ժողովրդի կողքին ենք, մենք հայկական համայնքների հետ միասին Եվրախորհրդարանում, Եվրոպական Միությունում, Կիպրոսի խորհրդարանում աջակցելու ենք Ձեզ բոլոր բնագավառներում »,- նշել է Էլենի Թեոխարուսը՝ ավելացնելով, որ բազմակողմանի համագործակցութամբ փորձելու են բարձրացնել Կիպրոսում Արցախի մասին իրազեկվածությունը: Նա նաև նշել է, որ իր համար մեծ պատիվ է «Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի» կոչում ստանալը. «Աշխարհի յուրաքանչյուր ազատ ու անկախ մարդ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի է»:

Կիպրոսի խորհրդարանում Կանաչների կուսակցությունը ներկայացնող Յորգոս Պերդիկիսը համոզմունք է հայտնել, որ Արցախի ժողովրդին սատարելու համար միայն զգացումը քիչ է, պետք է ունենալ գիտելիքներ, որը տալիս են նման այցերը: Մեր երկու երկրների միջև ջերմ հարաբերություններ կան, որոնք շարունակվելու են նաև հետագայում:

Միկայիս Գիորգալասը նշել է, որ այցելության ընթացքում ծանոթացել է Արցախին, որի շնորհիվ կարող է զուգահեռներ անցկացնել Կիպրոսի և Արցախի միջև:

Պատվիրակությանն ուղեկցող ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքն ուղղելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևին նշել է, որ նրանք իրենց հայտարարություններով, սպառնալիքներով, հակառակ արդյունքն են ստանում: Արցախ բազմաթիվ պատվիրակություններ ուղեկցած Գասպար Կարապետյանը նշել է, որ նրանք վերադառնում են Արցախին սիրահարված և նպաստում ճիշտ տեղեկատվության տարածմանը:

Պատասխանելով Կիպրոսի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հնարավոր մասին հարցին, պատգամավորները նշել են, որ դա բարդ քաղաքական հարց է և ներկա պայմաններում դեռևս դժվար է խոսել Կիպրոսի կողմից Արցախի ճանաչման մասին: Յորգոս Պերդիկիսը նշել է, որ եթե ճանաչման հարց լինի Կիպրոսի խորհրդարանում ինքը լինելու է այն պատգամավորներից մեկը, ով երկու ձեռքով կողմ կքվեարկի Արցախի պաշտոնական ճանաչմանը:

aparaj.am

Տպել Տպել