ԱՄՆ կոնգրեսականը Հայ դատի հանձնախմբի հետ քննարկել է «Ինջիրլիք» ռազմաբազայից ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու հարցը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դեվին Նունյեսը ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու հարցը: Այս մասին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են կարեւոր հարցեր՝ սկսած Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումից, մինչեւ Թուրքիայում մեր «Ինջիրլիք» ռազմական բազայից որոշ գործառույթներ այլ վայր տեղափոխելու հարցը»,- հանդիպումից հետո ասել է Նունյեսը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը իր հերթին նշել է, որ Թուրքիան երկար ժամանակ օգտագործել է «Ինջիրլիք» ռազմաբազան՝ ԱՄՆ-ին պատանդ պահելու համար:

Թուրքիայի հարավում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազան հիմնվել է 1954թ. Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ համատեղ օգտագործման համաձայնագրի հիման վրա: Այն հանդիսանում է Մերձավոր Արեւելքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական օպերացիաների հիմնական կապուղին: Այս տարվա մարտին Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն կտրուկ կրճատել է ռազմական ներկայացվածությունը «Ինջիրլիք» ավիաբազայում՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ վատացող հարաբերությունների պատճառով:

yerkirmedia.am

Տպել Տպել