- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Սևանի շաքարի գործարանը պատրաստվում է վերագործարկման

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարճատև աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։ Նախարարն այցելել է Սևանի շաքարի գործարան, որն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել։

Նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՏԶՆՆ փոխնախարար Հակոբ Ավագյանը, այլ պատասխանատուներ։

«Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող ծրագրերին։

Նախարարը ողջունել է շուրջ տասը տարի գործունեությունը դադարեցրած գործարանի վերագործարկման ծրագիրը, նշել, որ նախարարությունն ամեն ջանք գործադրելու է ծրագրի լիակատար իրագործման համար․ «Պետությունը աջակցելու է վերագործարկման ծրագրին, սկսած վարկավորման սուբսիդավորումից մինչև արտահանում։ Մենք կունենանք շաքարի երկրորդ գործարանը, ինչը նաև մրցակցային կդարձնի շաքարի շուկան», – լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Մինասյանը։

Նախարարն անդրադարձել է նաև հետագայում տեղական հումք ունենալու հեռանկարին, նշելով, որ գյուղատնտեսության արդյունաբերականությանը միտված ծրագրեր պետք է իրականացվեն, ինչի շուրջ աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության նախարարության հետ։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ