Մասնավորը երբեք չպետք է արտոնյալ ու անվերահսկելի վիճակում հայտնվի

Իշխանափոխությունից առաջ Փաշինյանի խոստումներից մեկը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումն էր, ինչի ուղղությամբ գործնականում ոչինչ չի ձեռնարկվում, իսկ սպառողները նախկինի պես այդ երկու ծառայության դիմաց շարունակում են վճարել իրենց համար իրական բեռ դարձած սակագներով:

Ճիշտ է, կառավարությունը փորձում է գոնե գազի սակագնի վերանայման համար նախադրյալներ ստեղծել՝ հաշվի առնելով, որ այս տարի ավարտվում է Ռուսաստանից գազ գնելու պայմանագրի ժամկետը եւ այսպես թե այնպես այդ վառելիքի նոր գինը քննարկելու անհրաժեշտություն է առաջանալու:

Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս աշխատանքային խումբ է ձեւավորել գազի գնի ձեւավորման հարցում ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար։ Ութ հոգուց կազմված հանձնաժողովում ընդգրկված են վարչապետի գլխավոր խորհրդականը, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարն ու փոխնախարարը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարները, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահը:

Եվ քանի որ տարեվերջին հայկական ու ռուսական կողմերը քննարկելու են հաջորդ տարվա ընթացքում Հայաստանին վաճառվող գազի գնի հարցը, ապա հանձնաժողովը պետք է հասցնի իր առաջարկներն ու դիտարկումները, ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել։

Հայաստանը Ռուսաստանից գազ է ձեռք բերում 1000 խմ համար 150 դոլար վճարելով: Այդ գինը գործելու է մինչեւ 2018 թվականի ավարտը: Գազի ձեռքբերման նոր պայմանագրի շուրջ հայ-ռուսական բանակցությունները կմեկնարկեն նոյեմբերին:

Փորձագիտական որոշ գնահատականների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի կառուցվածքում այդ 58 դոլարը մինչեւ 25 տոկոսով նվազեցնելու հնարավորություն ունի:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԸ գազի սակագնի վերանայումն ավելի հավանական է համարում նեքին շուկայում որոշակի փոփոխությունների ու վերանայումների հաշվին՝ ամենեւին հույս չփայփայելով, թե Ռուսաստանն ավելի կնվազեցնի Հայաստանին վաճառվող գազի գինը.

«Չմոռանանք, որ Հայաստանին վաճառվող գազի համար Ռուսաստանն արտոնյալ գին է սահմանել, եւ չի բացառվում, որ հաջորդ անգամ այդ պայմաններն այլեւս չգործեն: Այդ դեպքում կառավարությունը պետք է մտածի հասարակությանը հուսախաբ չանելու մասին եւ հնարավորինս կանխի թանկացումը այլ գործոնների հաշվին:

Եթե անգամ Ռուսաստանը չթանկացնի, այլ նույնությամբ պահպանի մեզ վաճառվող գազի գինը, ապա կառավարությունը նորից պետք է ջանք գործադրի գազի սակագնի նվազեցման ուղղությամբ՝ հաշվի առելով համատարած թանկացումներն ու մարդկանց սոցիալական վիճակի վատթարացումը: Հարկավոր է խորհրդակցել ու խելամիտ լուծումներ գտնել: Հակառակ դեպքում էլեկտրաէներգիայի եւ գազի սակագներն իջեցնելու մասին հայտարարությունները հասարակության մեջ բացասական սպասումներ կձեւավորեն, քանի որ կառավարությունը չի կարողանա կատարել խոստումը»:

Տնտեսագետը համոզված է՝ սակագնի նվազեցումը հնարավոր կլինի, եթե այդ ուղղությամբ մասնագիտական լուրջ ուսումնասիրություններ կատարվեն եւ վերանայվի սակագնի ձեւավորման մեթոդաբանությունը: Այն պետք է շահավետ լինի ինչպես սպառողների, այնպես էլ տնտեսավարողների եւ պետության համար. «Գազի, ինչպես նաեւ Էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման մեթոդաբանությունը մեզանում տարիներ շարունակ չի վերանայվել, հաշվի չեն առնվել ժամանակակից միտումները, ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները եւ այլն:

Օրինակ, գազի կորուստները մեր օրերում կրճատվել են, այնինչ սակագնում պահպանված է նախկին կորուստների տոկոսը: Ուստի հաշվարկման մեթոդաբանությունը պետք է փոխվի, համապատասխանեցվի մերօրյա չափորոշիչներին եւ այնպես, որպեսզի դրանում հնարավորինս քիչ ծախսեր ներառվեն, ուռճացումներ ու չարաշահումներ չլինեն: Պետք է փոխել նաեւ գազամատակարարմամբ զբաղվող ընկերության աշխատակիցների հաշվարկման մեթոդաբանությունը: Անհրաժեշտ է հստակ սահմանել, թե քանի՞ աշխատակից կարող է ունենալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, քանի որ աշխատակիցների թիվն էլ է ազդում սակագնի ձեւավորման վրա, եւ չի բացառվում, որ այդ թիվն ուռճացված է»:

Պետք է ուսումնասիրվի նաեւ հանրային սպասարկման՝ մասնավորապես գազի մատակարարման ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր ընկերության ձեռքբերումների հաշվարկման մեթոդաբանությունը, այսինքն՝ թե ինչ սկզբունքով է այդ ընկերությունն իրականացնում իր գնումները, արդյոք չարաշահումներ չե՞ն լինում, վճարած գումարները խելամի՞տ են, թե՞ ոչ:

«Ստացվում է, որ նրանց կատարած ծախերի համար վճարում է ոչ թե ընկերությունը իր գրպանից, այլ սպառողը: Ահա թե ինչու շատ կարեւոր է մասնավոր ընկերության նկատմամբ անկախ վերահսկողություն սահմանելը: Կառավարությունն այդ ընկերությունների հանդեպ պետք է խիստ վերահսկողություն իրականացնի՝ չարաշահումներից, զեղծարարություններից խուսափելու համար: Եվ մասնավորը երբեք չպետք է արտոնյալ ու անվերահսկելի վիճակում հայտնվի»,- համոզված է Ս.Պարսյանը։


ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

«Հայոց Աշխարհ»

Տպել Տպել