2019թ-ի բյուջեն բավականին համեստ է, այն ստիպելու է ավելի ձգել մեր գոտիները

«2018թ-ի հունիսին ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը հաստատվեց, որտեղ նշված չէր որևէ քանակական ցուցանիշ և նման դեպքում կառավարությունը նախօրոք ստանձնած որևիցե խոստում չունի, թե 2019թ-ի բյուջեում ինքը պետք է իրականացնի։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝ կառավարությունը կարող է ըստ իր հայեցողության և ըստ իր կանխատեսումների՝ իրականացնի բյուջետային քաղաքականություն և մշակի օրենքի նախագիծ։

Բացի սրանից՝ 2019թ-ի համար ներկայացված բյուջեի նախագծում՝ նախորդ տարվա համեմատ՝ մոտավորապես 10% աճ կա, որը պայմանավորված է մեր բյուջետային քաղաքականությամբ, ինչպես նաև միջնաժամկետ ծախսային ծրագրով, սակայն, այսուհանդերձ, այս նախագծով 2019թ-ին աշխատավարձերի և նպաստների բարձրացում չի նախատեսվում։ Ողջունելի է, որ 2019թ-ին որոշ չափով կենսաթոշակների աճ է լինելու, բայց սա էլ իր հերթին մասամբ է, քանի որ թոշակների բարձրացում լինելու է միայն այն թոշակառուների համար, որոնց թոշակը ցածր է 25․500 դրամից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հաստատված 2019թ-ի պետբյուջեի նախագծին։

Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 27-ի հերթական նիստում, որը վարում էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հավանություն տվեց Հայաստանի 2019թ-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին, համաձայն որի՝ Հայաստանի եկող տարվա համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,533.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 151.6 մլրդ դրամ: Համայնքների 2019-ի բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 138.9 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով՝ 138.9 մլրդ դրամ։

Նշենք նաև, որ ըստ նախագծի՝ 2019թ-ի համար տնտեսական աճը նախատեսված է 4․9% , որը նկատենք՝ 2018թ-ի համեմատ այդքան էլ մեծ չէ, քանզի 2018թ-ին տնտեսական աճը նախատեսված էր 4,5%-ի չափով։

Տնտեսագետի գնահատմամբ՝ անգամ 2019թ-ի բյուջեի կատարողականի դեպքում՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական կտրուկ փոփոխություններ չեն լինելու, որովհետև նախատեսվող տնտեսական աճը փոքր է, ինչպես նաև ներդրումների ծավալն էլ իր հերթին նվազման միտում է գրանցում։

Այս համատեքստում բանախոսը հատկանշական համարեց նաև այն, որ 2018-2019թթ-ին արտահանման և ներմուծման բացասական հաշվեկշիռը մեծանալու է, այսինքն՝ ներմուծման ծավալները գերազանցելու են արտահանման ծավալներին, որը, անշուշտ, իր բացասական ազդեցությունը կունենա հայաստանյան տնտեսության վրա։

Այս ամենից զատ, տնտեսագետի խոսքերով՝ 2019թ-ին Հայաստանի պետական պարտքն է մեծանալու՝ հասնելով 7,5 միլիարդ դոլարի։

«Նախատեսվում է, որ 2019թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կկազմի 7,5 միլիարդ դոլար և սա այն դեպքում, երբ 2018թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը նախատեսված է 7 միլիարդ 50 միլիոն դոլար, այսինքն՝ հաջորդ տարի 450 միլիոն դոլարով 2019թ-ի ընթացքում մեր պետական պարտքը ավելանալու է, որը ունի մի քանի պատճառ։ Դրանցից առաջինն այն է, որ 2019թ-ի ընթացքում մենք մեծ ծավալներով մարելու ենք նախկինում ձեռք բերված պարտքերը»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ 2019թ-ի բյուջեն բավականին համեստ է․ «Այն ստիպելու է ավելի ձգել մեր գոտիները»,-նկատեց նա և այս համատեքստում հավելեց նաև․ «Ողջունելի է, որ 2018թ-ի բյուջեի համեմատ 2019թ-ի բյուջեով՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության պահպանման համար ծախսերը նվազելու են, որը խոսելու է արդյունավետության բարձրացման մասին, սակայն մյուս կողմից՝ այս նախագծով հավակնոտ ծրագրեր, հավակնոտ ցուցանիշներ առկա չեն․ սա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ 2018-2019թ-ին ձևավորվելու է նոր կառավարություն, որն իր հետ բերելու է իր գործունեության ծրագիրը և միգուցե վերանայելու է 2019թ-ի բյուջեի նախագիծը»։

Սուրեն Պարսյանի կարծիքով՝ 2019թ-ի բյուջեն, ըստ էության, ներկայիս կառավարության ծրագրի նման՝ ժամանակավոր է ՝ միտված խորհրդարանական արտահերթ ընտրություններին և նոր կառավարության ձևավորմանը։

Հեղինակ՝ Դիանա Դավթյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել Տպել