«Ապառաժ»-ի խմբագրական. Բուռն քննարկումներ

Սեպտեմբերի 25-ից սկսած՝ Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում արցախյան հարցի շուրջ քննարկումներն ու հայտարարությունները բուռն էին:

Նախ, սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող բաժնում ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ հարցը Արցախի Հանրապետության կարգավիճակը եւ անվտանգության հարցն է լինելու: Միաժամանակ, Ադրբեջանին կոչ ուղղեց լուրջ վերաբերվել բանակցությունների գործընթացին եւ հրաժարվել ռազմական լուծման գաղափարից: Այս բաժինը կրկնությունն էր մինչ այս Հայաստանի կողմից հնչեցրած մոտեցումներին: Սակայն, հաջորդ պարբերությամբ ՀՀ վարչապետը միջազգային բեմահարթակից հնչեցրեց դեռեւս այս տարվա մայիսի 9-ին Ստեփանակերտում հնչեցրած այն միտքը, որ Արցախը եւս պետք է հանդիսանա Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունների կողմ: Փաշինյանը տրամաբանեց, որ հակառակ պարագայում Ադրբեջանի համար միայն տարածքի հարց է լուծվում: Ելույթի այդ բաժինն ավարտվեց հետեւյալ կոչով, որն ուղղված էր միջազգային հանրությանը. «Հետեւաբար, Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որեւէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»: Փաշինյանը միջազգային հանրությանը պատասխանատվություն ստանձնելու կոչ ուղղեց: Պատասխանատվություն՝ Արցախի մասնակցությունը բանակցություններում ապահովելու հարցում:

Անշուշտ, Ադրբեջանի պատասխանը չուշացավ, կրկնվեցին նույն, արդեն բոլորի համար սովորական դարձած հռետորաբանությունը՝ օկուպացիա, տարածքային ամբողջականություն…

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Լրատվական դաշտում այդ հանդիպման բովանդակության մասին շատ չարտացոլվեց: Ըստ լրատվության՝ երկու կողմերը պայմանավորվել են մինչեւ տարվա վերջ մեկ անգամ եւս հանդիպել: Սակայն այդ հանդիպումից հետո եռանախագահների կողմից տարածվեց ոչ ավանդական ոճով՝ կոշտ հայտարարություն, որտեղ հատկապես շեշտվեց շփման գծում լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին:

Արցախյան հարցով բուռն քննարկումների թեման շարունակվեց, իր գագաթնակետին հասավ Դուշանբեում կայացած ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովին, որտեղ ԵԱՏՄ նախագահների ընդունելության տարածքի ճեմուղիներում կայացավ Փաշինյան-Ալիեւ կարճատեւ զրույցը, որի ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ: Սա երկու երկրների ղեկավարների առաջին զրույցն էր Արցախյան հարցով: Ավելի ուշ ՀՀ վարչապետը մանրամասնեց այդ կարճատեւ «բանակցությունների» արդյունքները՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի նախագահի հետ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ՝ երկու կողմերն իրենց հավատարմությունն են հայտնել բանակցությունների միջոցով հարցի կարգավորման գործընթացը շարունակելու համար եւ պայմանավորվել՝ օպերատիվ կապի հնարավորություն ստեղծել: Փաշինյանը շեշտեց նաեւ, որ երկու նախագահները համակարծիք չեն եղել բանակցություններին Արցախի մասնակցության հարցում:

Արցախյան կողմը միշտ էլ շեշտել է բանակցություններին լիարժեք մասնակցելու անհրաժեշտության մասին: Սակայն, նախքան գործնականում բանակցությունների մասնակցության ապահովումը՝ նախնական պայման է, որ հրապարակվի Արցախի պաշտոնական տեսակետները յուրաքանչյուր իրադարձության կապակցությամբ: Այս շաբաթվա բուռն քննարկումների ընթացքում լուռ էր Արցախը, դրա փոխարեն՝ գործնական իմաստով՝ այցելուներով աշխույժ: Արցախ ժամանեցին Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությունը եւ Կիպրոսի խորհրդարանականները:

«Ապառաժ»-ի խմբագրական, 2 հոկտեմբերի, 2018թ.

aparaj.am

Տպել Տպել