Մեր նպատակը երկրի, պետության, պետականության ամրապնդումն ու զարգացումն է

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի հայտարարությունը Ազգային ժողովում

Սիրելի՛ հայ ժողովուրդ: Մենք իսկապես յուրահատուկ ժողովուրդ ենք:

Ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ հնարավոր է երկրում իրականացնել թավշյա հեղափոխություն, իշխանափոխություն՝ առանց բախումների: Հեղափոխություն. Այսինքն, կներեք բառերիս համար, բայց փորձում եմ սահմանումներով խոսել, երբ ներքևինները այլևս չեն ուզում հին ձևով կառվարվել, իսկ վերևինները այլևս չեն կարողանում հին ձևով կառավարել: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այլևս չցանկացողներին, իսկ Սերժ Սարգսյանը՝ այլևս կառավարել չկարողացողներին և նրանք լուռ, ինչ որ տեղ անբացատրելի, բայց շատ անհրաժեշտ համաձայնությամբ իրականացրեցին իշխանության ընդունում հանձնումը:

Հիմա էլ անհապաղ խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջով մեր ժողովրդին և ամբողջ աշխարհին ուզում ենք ապացուցել, որ մեկ կուսակցության ուժերով ձևավորված գործադիրն ու թեկուզ 66,6 % օրենսդիրը կարող են ապահովել ժողովրդավարություն, զսպումների և հակակշռումների մեխանիզմի անխափան գործունեություն, ընդդիմության համար գործունեության նպաստավոր պայմաններ: Ուզում ենք ամբողջ աշխարհին ապացուցել, որ քաղաքական մենաշնորհը չի բերի տնտեսական մենաշնորհ, եթե այդ ամենի գլխավերևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, կներեք, բայց չեմ կարող շարունակել ու ասել. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որովհետև առայժմ տեսնում ենք, որ նրա թիմի ուժերից այդ ամենը հեռու է:

Լավ, ենթադրենք դա հնարավոր է, ես չեմ ուզում կասկածել դրանում, բայց չեմ էլ կարող դա ընդունել որպես աքսիոմատիկ, անառարկելի, ակնհայտ փաստ:

Մենք ունենք այդ ամենը ապացուցելու բացառիկ հնարավորություն: Ընտրվել է Երևանի ավագանի, որի օրենսդիր մարմինը ավագանին է, 65-ից 57-ը՝ «Իմ քայլը» դաշինքից, իսկ գործադիրը՝ քաղաքապետն ու աշխատակազմը, նորից կլինի նույն դաշինքից, չեմ կասկածում: Այսինքն ունենք մինի մոդել և միգուցե պետք է միակուսակցական ժողովրդավարության հնարավորության ապացույցը սկսել հենց այդ մինի մոդելն աշխատացնելով՝ որպես պիլոտային ծրագիր: Տեսնենք ինչպես կաշխատի այն Երևանի պարագայում, հետո նոր տարածենք ամբողջ Հայաստանի վրա: Ես հույս ունեմ, որ Երևանը մեզ շատ սպասեցնել չի տա, երևանցին ու հայաստանցին կզգան այդ մոդելի ճշմարտացիությունը կամ սխալ լինելը, և դրանից հետո միայն կորոշի Հայաստանի վրա մոդելի տարածման անհրաժեշտությունը:

Իմ սիրելի ժողովուրդ, Հայաստան երկիրը դարեր շարունակ կորցրել է, դարեր շարունակ սերունդները իրենց հաջորդ սերնդին հանձնել են ավելի քիչ, քան ստացել են: Մենք այն սերունդն ենք, որ ունենք բացառիկ հնարավորություն վերջապես հաջորդ սերնդին հանձնելու ավելի շատ, քան ստացել ենք: Եկեք չանենք բաներ, որ այս հնարավորությունը կորցնենք, եկեք չշտապենք: Մեր երկիրը փորձադաշտ չէ, եկեք մեր պետության ու պետականության ամրապնդման խնդրի լուծման իրավունքը չտանք մի ուժի, որին տրված ժամանակը դեռ բավարար չէ ճիշտ գնահատելու համար այսօրվա իրավիճակը:

Եկեք համոզվենք Նիկոլ Փաշինյանի թիմի կարողությունների ու ուժի վրա Երևանի մակարդակում, համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ կլինի բնակչության գոնե կեսի համար:

Եկեք դանդաղ շտապենք: Մեր նպատակը պետք է լինի ոչ թե այս կամ այն ուժի հաղթանակի ցուցադրումը, այլ երկրի, պետության, պետականության ամրապնդումն ու զարգացումը:

Տպել Տպել