- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ոստիկանությունը պետք է դուրս բերվի վարչապետի ուղղակի ենթակայությունից

«Հապշտապ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու գործընթացը անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքական մենիշխանության հաստատմանը, ինչից տարիներ շարունակ բողոքում էինք, բայց, կարծես թե, բողոքելով հանդերձ փորձ է արվում շարունակել նույն սխալ ընթացքով առաջ գնալ».-Politik.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի շտապողականությունը բավարար չափով փաստարկված չէ. «Կազմվել է կառավարական գործունեության ծրագիր, որին, ըստ էության, կողմ են քվեարկել բոլոր քաղաքական ուժերը: Այդ ծրագրում հստակ ամրագրված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են և պետք է կայանան մեկ տարվա ընթացքում»:

Արսեն Համբարձումյանը նշում է, որ կառավարման գործունեության ծրագրի որոշված դրույթները կյանքի չեն կոչվել և պայմանավորվածությունները խախտվել են այն քաղաքական ուժի կողմից, ով պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է ավելի վաղ տեղի ունենան:

Ըստ Համբարձումյանի՝ որոշվել է, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը անհրաժեշտ է բարեփոխումների ենթարկել Ընտրական (ԸՕ) օրենսգիրքը, և ապահովել ազատ, արդար և մրցակցային ընտրություններ: Այս հարցերով պետք է զբաղվեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովը.

«ԸՕ բարեփոխումների բարեփոխումների հանձնաժողովը դանդաղ է աշխատում, հարց է առաջանում՝ ինչու՞: Այս պահին վերջնական տեսքի է բերվել միայն ԸՕ բարեփոխումների հայեցակարգը, իսկ նախագիծից՝ ոչ մի նորություն»:

Արսեն Համբարձումյանի խոսքով՝ նույն կառավարության գործունեության ծրագրում ամրագրված էր, որ պետք է փոփոխություն կատարել Ոստիկանության կարգավիճակում.

«Ոստիկանությունը որոշակի լիազորություններ ունի ընտրական գործընթացում, և սուպերվարչապետական համակարգը, որ ժամանակին քննադատության առարկա էր համարվում ,պետք է բարեփոխման ենթարկվի, և Ոստիկանությունը դուրս բերվի վարչապետի ուղղակի ենթակայությունից, ինչը ևս չի արվել»:

Համբարձումյանն ասում է, որ դեռ քայլեր կան արվելու, որպեսզի ունենանք մրցակցային ընտրություններ.

«Քաղաքական ուժերից որևէ մեկը չի քննարկում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը, քննարկվում է միայն դրանց անցկացման ժամանակը.

«Բոլոր քաղաքական ուժերը, անկախ նրանից, խորհրդարանում ներկայացվա՞ծ են, թե՞՝ ոչ, պետք է բավարար ժամանակ ունենան ընտրական գործընթացին մասնակցելու համար»:

Արսեն Համբարձումյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հստակ ժամկետ չի նշում, ասելով, որ դրանք պետք է լինեն մեկ տարվա ընթացքում այն ժամանակ, երբ վերը թվարկված բարեփոխումները կատարվեն.«Մեր գնահատմամբ՝ իմ թվարկած քայլերն ու գործողությունները մինչև դեկտեմբեր հնարավոր չէ անել»:

Հարցին, թե որքա՞ն է հավանական, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ՀՅԴ-ն կառաջադրի վարչապետի իր թեկնածուին, Արսեն Համբարձումյանը պատասխանում է, որ իրենց օրակարգում նման հարց չի քննարկվում: