- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Շատ մեծ է վտանգը, որ մենք կունենանք քաղաքական մենիշխանություն

Հոկտեմբերի 2-ին Բաղրամյան 19-ում տեղի ունեցած բողոքի ակցիաների եւ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասով ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն տարածեց, որտեղ գնահատականներով հանդես եկավ իշխանությունների գործողությունների վերաբերյալ։ 6 կետից բաղկացած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Համոզված ենք, որ իրավիճակը սրելու, պայմանավորվածությունները խախտելու եւ դավադրությունների կեղծ մեղադրանքները հասարակության ուշադրությունն ընտրությունների համար ազատ եւ մրցակցային պայմաններ ապահովելու հրամայականից շեղելու փորձեր են: Ստիպված ենք արձանագրել, որ գործ ունեք ուղղակի ժողովրդավարության անվան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ։ Վերադարձն անցյալին բացառված է, բայց որպեսզի ներկան եւ ապագան լինեն երաշխավորված, անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները։ Համոզված ենք՝ երկխոսության հնարավորություն դեռ կա, եւ քաղաքական ուժերի համախոհությամբ կարելի է գտնել իրավիճակի հանգուցալուծման ճիշտ ճանապարհը»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին հարցրինք, թե ՀՅԴ ԳՄ-ն վստա՞հ է, որ իշխանության հասցեին հայտարարության մեջ հնչեցվող կարծիքներն ու գնահատականները հավանության կարժանանան նոյեմբերին տեղի ունեցող ՀՅԴ ընդհանուր ժողովի կողմից։ «Գերագույն մարմինը ընդհանուր ժողովներին ընդառաջ չի կարող վստահ լինել ժողովի որոշումների բանաձեւերի առումով։ Դաշնակցության ժողովները, ի տարբերություն մյուս կուսակցությունների ժողովների, ընթանում են առանց նախապես կայացած որոշումների, եւ բուն ժողովների ժամանակ համապատասխան որոշումները կայացվում են։ Այդ առումով կանխատեսումներ դժվար է անել»,- մեզ հետ զրույցում ասաց Համբարձումյանը։

-Այսինքն՝ հնարավո՞ր է, որ հայտարարության մեջ հնչեցված դիրքորոշումները եւ գնահատականները ընդհանուր ժողովից հետո տրամագծորեն փոխվեն։

-Դուք ուզում եք, որ ես կանխագուշակումներ անեմ, որն այս պարագայում ճիշտ չէ։ Ես նորից եմ կրկնում, որ Դաշնակցության ժողովները տեղի են ունենում առանց նախապես որեւէ որոշումների եւ նախագծերի, եւ ժողովները մեր բարձրագույն մարմիններն են, եւ մարմիններն առաջնորդվում են ժողովների բանաձեւերով։ Եթե ընդհանուր ժողովի ժամանակ կայացվեն այլ որոշումներ, որոնք տրամագծորեն հակառակը կլինեն, դա կենթադրի համապատասխան քաղաքականության վերանայումներ, եթե ոչ, ապա կուսակցության ուղեգծի մեջ որեւէ փոփոխություն տեղի չի ունենա։ Ամեն դեպքում մինչ օրս քաղաքական ինչ քայլ եւ գործողություն որ իրականացվել է, իրականացվել է համապատասխան ժողովի բանաձեւերի տրամաբանությանը հավատարիմ մնալով եւ ընդհանուր տրամաբանության շրջանակներում։ Այս առումով որեւէ խնդիր չեմ տեսնում։

-Պարոն Համբարձումյան, գոնե հիմա կարո՞ղ ենք ասել, որ Դաշնակցությունը Հայաստանում ընդդիմություն է։

-Ես, ճիշտն ասած, նման միանշանակ ձեւակերպումներ չէի տա։ Կոնկրետ այս պարագայում խնդիր ունենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հապշտապ ժամկետների հետ, որը, մեր գնահատմամբ, խախտում է պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են կառավարության գործունեության ծրագրում։

-Դաշնակցությունն իր մարզպետներին ու նախարարներին ետ կանչեց, հետո վարչապետը հրապարակայնորեն հեռացրեց նրանց։ Ի՞նչ եք կարծում՝ հակասությունները վաղուց դուրս չե՞ն եկել արտահերթ ընտրությունների ժամկետների հետ կապված տարակարծությունների շրջանակից։

-Ժամանակը ցույց կտա։ Մենք ամեն դեպքում մեր դիրքորոշումներին հարազատ ենք մնալու եւ միեւնույն ժամանակ չենք բացառում, որ առաջացած խնդիրները կարելի է քննարկումների ձեւաչափով հանգեցնել ճիշտ լուծումների։

-Միքայել Մանուկյանին ազատեցին բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից, որը, ըստ էության, քաղաքական պաշտոն չէր։ Պատճառը, Ձեր գնահատմամբ, ո՞րն էր։

-Պարոն Միքայել Մանուկյանն իր դիմումի համաձայն է դուրս եկել պաշտոնից։ Միքայել Մանուկյանը նշանակվել է քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, մեր բոլոր պաշտոնյա ընկերները, ովքեր որ նշանակվել են քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, Գերագույն մարմնից ստացել են դիմումներ ներկայացնելու հրահանգ՝ աշխատանքից դուրս գալու վերաբերյալ։

-Դաշնակցության տարածած հայտարարության մեջ նշում եք, որ պետք չէ կենտրոնանալ ընտրությունների ժամկետի վրա, այլ՝ որակի եւ դրա համար քաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման վրա։ Տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրություններ, որին ՀՅԴ-ն նույնպես մասնակցում էր եւ չհաղթահարեց անցողիկ շեմը, եթե ընտրություններն անցկացվեն 1 տարի հետո, ապա ՀՅԴ-ի շանսերը դրանից կավելանա՞ն, եւ ի՞նչ մթնոլորտում անցան այդ ընտրությունները։

-Ժամանակը ցույց կտա՝ մեկ տարի հետո Դաշնակցության շանսերը կավելանա՞ն, թե՞ ոչ։ Մենք ժամանակացույցի մասին չենք ասել, այլ ասել ենք ժամկետների մասին եւ ասել ենք, որ պետք է ոչ թե սեւեռվել այս կամ այն ժամկետի վրա, այլ պիտի առաջնորդվել այլ տրամաբանությամբ՝ ինչ քայլեր եւ գործողություններ են անհրաժեշտ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, եւ այդ քայլերով ու գործողություններով է պետք պայմանավորել հնարավոր ժամկետը։ Եթե ժամկետը դեկտեմբերն է, մենք խնդիր չունենք, եթե փետրվարն է, մենք էլի խնդիր չունենք։ Այսինքն՝ ոչ թե ժամկետն է այս պարագայում կարեւոր, այլ կարեւոր են քայլերն ու գործողությունները։ Խոսքը եղել է ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների մասին, որովհետեւ ընտրությունները կարող են լինել ազատ եւ արդար, ինչպես եղան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները։ Բայց դա բավարար չէ, ընտրություններն անհրաժեշտ է, որ լինեն նաեւ մրցակցային, այսինքն՝ բոլոր քաղաքական ուժերը, անկախ նրանից՝ ներկայացված են խորհրդարանում, թե ոչ, պիտի հավասար պայմաններ ունենան եւ բավարար ժամանակ՝ ընտրություններին մասնակցություն ապահովելու համար։ Սրա մասին է խոսքը, որովհետեւ, եթե մրցակցային ընտրություններ մենք չենք անցկացնում, շատ մեծ է վտանգը, որ մենք կունենանք քաղաքական մենիշխանություն՝ մի վիճակ, որից նախընթաց տարիների ընթացքում անընդհատ բողոքել են բոլորը։ Եվ մեր ասածը հետեւյալն է, որ եթե չենք ուզում նախկին վիճակներին վերադարձ կատարվի, ապա դրա լավագույն երաշխիքը ներկայումս ճիշտ քայլերով առաջ գնալն է։

-Բայց այդ տարիներին, երբ Հայաստանում մենիշխանություն էր, Դաշնակցությունն այդ իշխանության մասն էր կազմում։ Հակասություններ չե՞ք տեսնում։

-Հակասություն չենք տեսնում, որովհետեւ թե՛ նախկինում եւ թե՛ այսօր մենք հաշվի ենք նստել ներկա իրողությունների հետ, եւ քաղաքական ուժերը, իրենց ցանկություններից եւ մտադրություններից անկախ, հարկադրված են նաեւ որոշակի իրողությունների հետ հաշվի նստել։ Նախկինում իշխանության մեջ լինելով՝ մենք փորձել ենք մեր ունեցած հնարավորությունների, ազդեցությունների եւ լիազորությունների շրջանակներում պայքարել այդ տեսակ երեւույթների դեմ։ Հաջողել ենք մասամբ, մենք եւս մեր արձանագրած հաջողություններից գոհ չենք, բայց դա չի նշանակում, որ մենք որեւէ կերպ սպասարկել ենք նման վիճակի գոյությանը։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

hraparak.am