Այս քաոսային մթնոլորտում, երբ խոսում ես գաղափարախոսության, ծրագրերի մասին, այլեւս կարող է չընկալվես

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի քաղաքական կանխատեսումն իրականացավ: Հիշեցնենք, որ նա, դեռեւս նախորդ շաբաթ անդրադառնալով վարչապետի նստավայրի` Բաղրամյան 26-ի դարպասները բացելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ասել էր. «Այդ նույնը կպարտադրվի խորհրդարանին, որպեսզի բացվեն նաեւ խորհրդարանի դարպասները, եւ ժողովուրդն անկաշկանդ ներս մտնի: Իմ անձնական կարծիքով` այս ամենը կավարտվի այնպես, ինչպես կարգալույծ աբեղան իր տարբեր ճիվաղներով շրջապատված մտավ եւ փորձեց Մայր Աթոռի դիվանատունը փակել: Այնպես որ, եթե արտահերթ ընտրությունների հետ կապված ոչինչ չստացվի, Ազգային ժողովի բակում զբոսնող հանգիստ ժողովուրդը կմտնի խորհրդարանի շենք, կգրավի միջանցքները եւ կստեղծի նոր խոչընդոտներ»:

Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ պատգամավորների ելույթների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ ինքը եւ մյուս ՔՊ-ական պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Հրաչ Հակոբյանը հանդես են գալիս նախաձեռնությամբ` Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու որոշման նախագիծ, ըստ որի` քաղաքացիներն իրավունք կունենան ամենօրյա ռեժիմով` ժամը` 09:00-ից մինչեւ 23:00-ն ազատ ու անարգել մուտք գործել Ազգային ժողովի հարակից այգի: Իսկ արդեն ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով եւ առանց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին տեղյակ պահելու` բացվեցին ԱԺ դարպասներն ու մարդիկ ներխուժեցին խորհրդարանի բակ:

«ՉՄՈՌԱՆԱՆՔ, ՈՐ ԻՆՉ ԷԼ ԽՈՍՎԻ, ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱԺ-Ն ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆՆ Է»

Խորհրդարանի դարպասները դեռ նոր-նոր բացվում էին, երբ տեղի ունեցավ նաեւ առաջին հարձակումը օրենսդիրի վրա: Մի խումբ կանայք վիրավորանքներ էին հնչեցրել, հրմշտել ու թույլ չէին տվել, որպեսզի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը կարողանա մտնել խորհրդարան` իր օրենսդրական պարտականությունները կատարելու: Այս եւ ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց հենց ՀՅԴ-ական պատգամավորի հետ:

– Տիկին Առաքելյան, պատրաստվո՞ւմ եք իրավական ընթացք տալ, որ ինչ-որ մարդկանց կողմից Ձեր ազատ տեղաշարժը խոչընդոտվել է, եւ վիրավորանքներ է հնչեցվել Ձեր հասցեին:

– Ոչ, արդեն իսկ շատ խոսվեց այդ մասին, ինչի կարիքը չկար: Ինձ համար կարեւոր էր ոչ թե այդ միջադեպի մասին բարձրաձայնելը, այլ տեղեկացնելը, որ թեպետ չեմ կարողացնել մտնել Ազգային ժողով, բայց կողմ եմ եղել ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

– Երեկ ՔՊ-ական պատգամավորները դեմ էին ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին` ասելով, թե դրանով փորձ է արվում այս գումարման խորհրդարանը պահպանել, մինչդեռ իրենք բացեցին ԱԺ դարպասները, որի նպատակն ըստ էության այն էր, որ մարդիկ անհրաժեշտության դեպքում մեկ հրահանգով հավաքվեն եւ ճնշում գործադրեն պատգամավորների ազատ կամարտահայտման վրա: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ազգային ժողովը նոր Սահմանադրությամբ երկրի բարձրագույն օրգանն է, եւ ճնշումներով վերաբերմունք դրսեւորել Ազգային ժողովի հանդեպ, կարծում եմ` այդքան էլ խոհեմ չէ: Իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագիծը, որի մասին այդքան խոսվեց, պետք էր ընդունել: Երբ վտանգվում է Ազգային ժողովի բնականոն աշխատանքը կամ ենթադրաբար կարող է խաթարվել, բնականաբար, պետք է անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ոչ թե ընդդիմանալ, այլ պարզապես մտածել խորհրդարանը հնարավորինս պաշտպանված դարձնելու մասին: Չմոռանանք, որ ինչ էլ խոսվի, խորհրդարանական երկրում նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը կարեւորագույնն է:

«ԱՄԵՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԻՄՔՈՒՄ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

– Առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում Ազգային ժողովի դարպասները բացելու գաղափարին:

– Ճիշտն ասած, ես միշտ կողմ եմ եղել անվտանգությունն ապահովելուն: Մեր երկրի անվտանգությունը մեզ համար առաջնահերթ է, եւ եթե այս համատեքստում հարցը ձեւակերպենք, բնականաբար, պետք է քննարկել, որովհետեւ որոշակի մտահոգություններ կան: Անշուշտ, որպես առաջարկ, հետաքրքիր է, բայց 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ից հետո կա լուրջ մտահոգություն:

– Անդրադառնանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջին` հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ինչը հանգեցրեց նաեւ համաձայնության կառավարության քանդվելուն: Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում լուծումը:

– Մենք այս կառավարության ծրագրին, որտեղ կար նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին կետ, կողմ ենք քվեարկել: Բայց շուտափույթ, այսքան հապշտապ ընտրություն անցկացնելու իմաստը ո՞րն է: Ամեն ինչի մեջ` ամեն նախաձեռնության, առաջարկի հիմքում տրամաբանություն պետք է լինի: Եթե առաջարկվել է բոլոր կուսակցությունների համախոհության արդյունքում քաղաքական քայլ անել, ուրեմն` պետք է այդ համախոհությունը ստեղծվի, եւ բոլոր կուսակցությունները, արտախորհրդարանական քաղաքական ուժերը պետք է նստեն սեղանի շուրջ, եւ այդ որոշումը կայացնեն: Հիմա հռետորական հարց եմ տալիս` ինչի՞ համար պետք է անցկացվեն շուտափույթ խորհրդարանական ընտրություններ, երբ բոլոր քաղաքական ուժերը կառավարության այս ծրագրին եւ արտահերթ ընտրությունների գնալու որոշմանը կողմ են քվեարկել:

«ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՅՍՕՐ ՊԵՏՔ ԵՆ ՄԻԱՅՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ»

– Ի դեպ, ընտրությունների մասին. Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ-ն անգամ անցողիկ շեմը չհաղթահարեց: Ըստ Ձեզ, ինչո՞վ էր սա պայմանավորված, չէ՞ որ ՀՅԴ-ականներն ասում էին, որ կայուն էլեկտորատ ունեն:

– Գիտեք, սա մեզ համար խնդիր չէ, ի վերջո, մենք էլի ունեցանք մեր ընտրազանգվածը, որը հիմնականում մտավորականներն են: Այս քաոսային քաղաքական մթնոլորտում, երբ խոսում ես գաղափարախոսության, ծրագրերի մասին, այլեւս կարող է չընկալվես, որովհետեւ մեր ժողովուրդն այսօր ապրում է մի մթնոլորտում, որ իրեն պետք է անընդհատ լսել խոստումներ` առանց մտածելու` այդ խոստումները կատարվելո՞ւ են, թե` ոչ եւ որքանով են կատարվելու: ՀՅԴ-ն բացի, քաղաքի հոգսերից, որոնց մասին բազմաթիվ անգամ խոսվեց այդ օրերի ընթացքում, խոսեցինք նաեւ մեր ծրագրերի մասին, մեր գաղափարական հենքի մասին, որովհետեւ միշտ ասել ենք` առանց գաղափարական հենքի, նույնիսկ սոցիալական ծրագրեր չեն կարող իրագործվել: Որեւէ երկիր չեք տեսնի, որտեղ չկա քաղաքական ուժի կոնկրետ տեսլական, այլ ուղղակի կա գործելաոճ: Ամեն գործելակերպ իր հիմքում պետք է ունենա գաղափարախոսություն, ծրագիր, որին պետք է միտված լինի մնացյալ բոլոր գործողությունները:

– Քաղաքական դաշտում մի նոր ուժ է հայտնվել` ի դեմս «Սասնա ծռեր» կուսակցության, որոնք փորձում են ակտիվ քաղաքականություն մտնել` որպես ազգային ուժ: Մտահոգություն չունե՞ք, որ ահաբեկչական խմբավորումից կուսակցություն դարձածները մտնում են քաղաքականություն:

– Տա Աստված, որ իրենք, իսկապես, հանդես գան ազգային գաղափարախոսական դիրքերից` այն, ինչի մասին հայտարարում են: Կապրենք կտեսնենք, ես դեռ չգիտեմ ինչ կարելի է սպասել նրանցից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
iravunk.com

Տպել Տպել