Սպառնալիքներով, պարտադրանքներով քաղաքական գործընթացներ իրականացնելը երկիրը լավ տեղ չի տանի

«Երկրի հարցը» հաղորդման հյուրն է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը

Մեկ կարևոր ճշտում, ուզում եմ հասկանալ, ի վերջո ազգային համերաշխության կամ համաձայնության կառավարությունը Դաշնակցության լքելու մասին որոշումը կայացրել է վարչապետ Փաշինյանը, թե՝ Դուք: Համարյա միաժամանակ այդ երկու հաղորդագրությունները տարածվեցին։ Եղավ Ձեր հաղորդագրությունը և գրեթե այդ րոպեներին վարչապետը Գիտությունների ակադեմիայի դիմաց հայտարարեց և ստորագրեց հրապարակայնորեն նախարարներին աշխատանքից ազատելու հրամանը։ Ո՞վ է այդ որոշումը կայացրել։

Սկսեմ նրանից, որ վարչապետը նախարարներին աշխատանքից ազատելու իրավասություն չունի։ Վարչապետը իրավասություն ունի առաջարկելու ՀՀ նախագահին աշխատանքից ազատել, հետևաբար կարծում եմ, որ շոուն անտեղի էր:Եթե ժամանակագրությանը հետևած լինեք պետք է արձանագրած լինեք, որ իմ տարածած հաղորդագրությունը նախարարներին և մարզպետերին հետ կանչելու մասին շատ ավելի վաղ է եղել, առնվազն կես ժամ, 40 րոպեի տարբերությամբ է եղել, որովհետև ազգային համաձայնության կառավարությունում մենք ներգրավվել ենք մեր որոշմամբ՝ պարոն Փաշինյանի առաջարկությունը նկատի ունենալով և մեր որոշմամբ էլ դուրս ենք եկել։

Բայց այդ պահին արդեն հստակ էր, որ նա չի ուզում աշխատել այդ երկու ուժերի՝ Ձեր դեպքում Դաշնակցության հետ։ Այսինքն, նա Ձեզ չի տեսնում Ազգային համաձայնության կառավարության կազմում։

Բնականաբար, և դրա մասին մենք նաև ասել ենք երեկ տարածած մեր հայտարարության մեջ, որովհետև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկից սկսած նոր լարվածության մթնոլորտ ձևավորվեց Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Ըստ էության, սևերի և սպիտակների բաժանելու այդ փորձը հասարակությանը բարիկադավորելու, հակահեղափոխականներ փնտրելու, հեղափոխականի պատմուճանով հանդես գալու, այդ ընթացքը խոսում էր այն մասին, որ ազգային համաձայնության կառավարության կազմում ընդգրկված քաղաքական ուժերի միջև փոխվստահության լիմիտը գնալով սպառվում է և վերջին ակորդը եղավ խորհրդարանի կողմից, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, արդեն վիճահարույց գնահատված փոփոխության, նախագիծը։

Մենք քվեարկությանը դեռ կհասնաեք և կհասկանանք, ի վերջո Դուք ինչու եք դրան կողմ քվեարկել: Բայց մինչ այդ՝ երբ նախօրեին խորհրդարանում հարց ու պատասխան էր, վարչապետը, Ձեր խմբակցության ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանի հարցին ի պատասխան բավականին թափանցիկ ակնարկ արեց Ձեր կուսակցության մասին՝ ասելով, որ որոշ քաղաքական ուժեր շատ մեծ ամպլիտուդաներով կերպարանափոխվում են՝հստակորեն նկատի ունենալով Դաշնակցությանը։Հետո էլ արդեն լրագրողների հարցին ի պատասխան, երբ նրան հարցրեցին ՀՅԴ-ի հետ համագործակցության եզրեր տեսնում է, թե ոչ, ասաց, թե ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է և մեկ շերտի պատճառով չի կարելի ամբողջ կուսակցության վրա խաչ քաշել։ Հավանաբար, նկատի ուներ Հայաստանի կառույցը, Հայաստանի Գերագույն մարմինը։ Ինչ մեկնաբանություն Դուք կտաք այս երկու հայտարարությանը։

Սկսեմ Ձեր վերջի հարցադրումից, կապված նրա հետ, որ պարոն Փաշինյանի գնահատմամբ ՀՅԴ-ն բազմաշերտ քաղաքական ուժ է։ Դաշնակցությունը կազմակերպական առումով ապակենտրոն կառույց ունի, բայց գաղափարական առումով կենտրոնացված կուսակցություն է և մարդիկ, ովքեր չեն հասկացել Դաշնակցության էությունը, կարծում եմ ժամանակ կունենան անդրադառնալու, թե ինչ է իրենից ներկայացնում Դաշնակցությունը կազմակերպական և գաղափարական-արժեքային համակարգի իմաստով։ Եթե ոմանց թվում է, որ մեր արտերկրի այս կամ այն կառույցի ներկայացուցիչների կամ առանձին դաշնակցականների հետ դրսում տեղի ունեցած հանդիպումները, գրկաբաց ընդունելությունները, կառավարության ներկայացուցիչների հանդեպ ջերմ վերաբերմունքը և այլն համաձայնեցված և համադրված չեն Դաշնակցության ղեկավար մարմինների հետ՝ չարաչար սխալվում է։ Դաշնակցությունը մեկ ամբողջություն է, Դաշնակցությունը ղեկավարվում է հստակ սկզբունքներով։ Անշուշտ Դաշնակցության ներսում կա բազմակարծություն, յուրաքանչյուր կազմակերպական կառույց կոնկրետ իրողություններից, տվյալ տարածքի առանձնահատկություններից, երկրի առանձնահատկություններից ելնելով նաև իր որոշակի քաղաքական օրակարգն է ճշգրտում, բայց դա ամենևին հիմք չի տալիս ասելու, որ Դաշնակցությունը բազմաշերտ կուսակցություն է։ Ենթատեքստը հասկանում եմ, նկատի ունի նաև այն հանգամանքը, որ Դաշնակցության մեջ կան անհատներ, գործիչներ, ովքերավելի բարյացակամ են տրամադրված, կամ պակաս։ Ի վերջո, Դաշնակցությունն առաջնորդվում է որոշումներով և անկախ համակրանքներից ու հակակրանքներից, եթե կա կուսակցության քաղաքական որոշում՝ Դաշնակցությունը կազմակերպական կառույց է և յուրաքանչյուր դաշնակցական պարտավոր է հետևել այդ որոշումներին։

Այսինքն, նկատի ունենալով սփյուռքին, որպես պոտենցյալ գործընկերոջ, Փաշինյանի այդ ընկալումը դուք չեք ընդունում։ Այսինքն, չկա այն օտարվածությունը սփյուռքի և Ձեր կառույցի միջև, որն, օրինակ ենթադրվում է Փաշինյանի խոսքից կամ կառավարության խոսքից։

Ես կարծում եմ, որ առաջիկայում պարոն Փաշինյանը դրանում համոզվելու առիթներ կունենա։

Շատ լավ, ինչ վերաբերվում է տիկին Կյուրեղյանին ի պատասխան հնչեցրած գնահատականին, փաստորեն, դա ի վերջո Ձեր քաղաքական ուժի հասցեին ուղղված մեղադրանք էր։

Տեսեք, նմանատիպ մեղադրանքներ պարբերաբար հնչեցվում են և, չեմ բացառում, էլի կհնչեն տարբեր առիթներով, բայց մի բան հստակ է և միանշանակ, որ Դաշնակցությունը մշտապես քաղաքական դաշտում դիրքավորվել է իր քաղաքական օրակարգը նկատի ունենալով։ Եթե մեր քաղաքական օրակարգը, մեր քաղաքական նպատակադրումները, քաղաքական առաջնահերթությունները թելադրել են, որ մենք լինենք իշխանության մեջ, կամ իշխանության կողքին, մենք դիրքավորվել ենք այդտեղ, նկատի ունենալով, որ այդ դիրքավորումը մեզ հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով հետամուտ լինել մեր քաղաքական օրակարգի իրականացմանը։ Եթե եղել են տարակարծություններ, կամ անհաղթահարելի իրողություններ, այդ պարագայում, բնականաբար, նկատի ունենալով, որ մեր օրակարգի իրականացումը հնարավոր չէ, ունեցել ենք այլ քաղաքական դիրքավորում։

Ինչպես հիմա։

Ինչպես հիմա։ Այսինքն նույն տրամաբանությամբ, երբ որ համագործակցել ենք ՀՀԿ-ի հետ, մենք ունեցել ենք մեր օրակարգը, որը հստակ ամրագրել ենք կոալիցիոն համաձայնագրում և հետևել ենք մեր օրակարգին։ Այսինքն այստեղ որևէ արտառոց կամ տարօրինակ բան պետք չէ տեսնել։ Նույն հաջողությամբ, պարոն Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում, ունեցել ենք ընդհանուր հայտարար՝ մեզ համար կարևոր նշանակության հարցերի հետ կապված և եղել է համագործակցություն մինչև այն պահը, երբ անդրադարձել ենք, որ այդ համագործակցությունը այլևս անիմաստ է շարունակել, որովհետև բավարար պայմաններ չեն փոխհամաձայնեցված։

Ֆորմալ առիթը, փաստորեն, այս օրերին, օրինագիծը հանդիսացավ։

Օրինագիծը ես կարծում եմ առիթ հանդիսացավ

Այսինքն խնդիրները շատ ավելի խորն են և վաղուց են կուտակված։

Անշուշտ, խնդիրները նախորդ ամիսների ընթացքում կուտակվել էին և այդ կուտակված խնդիրները, նաև չքննարկելու պատճառով, դառնում էին անհասկացողության պատճառ՝ շատ ու շատ դեպքերում, որովհետև գործընկերությունը ենթադրում է տարբեր հարցերի շուրջ պարբերաբար քննարկումներ, խոսակցություն, որի արդյունքում նաև ձևավորվում է ընդհանուր հայտարարը։ Բայց, երբ կա քաղաքական գործընկերություն, բայց չկան օրակարգի վրա գտնվող հարցերի քննարկումներ՝ դիսկուրս, դա անխուսափելիորեն ժամանակի ընթացքում բերում է նաև օտարման միմյանցից և անհասկացողության։

Դա այն է, ինչ որ գրել եք հայտարարության մեջ՝ քաղաքական մենիշխանության հաստատման փորձ, այսինքն առավելապես որոշումները միանձնյա էին փորձել կայացնել, առանց Ձեր կարծիքը հաշվի առնելու։ Դա է եղել միայն պատճառը։

Մենք նախկինում էլ առիթ ունեցել ենք այդ մասին ասելու։ Դաշնակցության տարբեր ղեկավար ներկայացուցիչների կողմից, դրա մասին նաև հրապարակավ ասել ենք, կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկման ենթակա են, բայց ըստ էության այդ քննարկումների համար առիթ և հնարավորություն չի եղել։ Այսինքն անընդհատ առկա հարցերըքննարկելուցխուսափելը, ի վերջո բերում և հանգեցնում է նրան, որ քաղաքական գործընկերությունը դադարում է այդպիսին լինելուց։ Այս պարագայում էլ, նույն խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված, մեր համար զարմանալի էր, որ շուտափույթ, հապշտապ ընտրությունների հարց կա վարչապետի օրակարգում։ Ինչն էր խանգարում, որ Ազգային համաձայնության կառավարության կազմում Դաշնակցության և ԲՀԿ-ի, նույն «Լուսավոր Հայաստան»-ի հետ, կամ «Հանրապետություն» կուսակցության հետ քննարկումները լինեին գործընկերային միջավարյում և փորձեինք ընդհանուր հայտարարձևավորել։ Բայց ինչպես տեսանք բոլորովին այլ ընթացք տրվեց։ Վարչապետը, փոխանակ նախապես քննարկումներ ունենար գործընկեր քաղաքական ուժերի հետ, հարցի քննարկումը սկսեց ՀՀԿ-ի հետ՝ անտեսելով գործընկեր քաղաքական ուժերին։ Այնինչ կարծում եմ ճիշտ ձևն այն էր, որ քննարկումը նախապես լիներ գործընկեր քաղաքական ուժերի հետ, մանավանդ, որ որևէ մեկն այդ քաղաքական ուժերից,անցող ամիսների ընթացքում, երբևէ չի վիճարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։

Պարոն Համբարձումյան, ամեն դեպքում նախորդ կոալիցիայից,ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալիս, Սերժ Սարգսյանի հրաժարականից մի քանի օր առաջ, կար իշխանության ճգնաժամ։ Այսօր չկա իշխանության այդ ճգնաժամը: Հակառակը,այսօր կա մեծ հաշվով միակուսակցական, կամ մեկ դաշինքային, եթե հաշվենք «Ելքը», իշխանություն։ Եթե իշխանության ճգնաժամ չկա ի՞նչն է կոալիցիայի փլուզման պատճառը, Ձեր և ԲՀԿ-ի լքելն այդ, դեֆակտո, կոալիցիան։

Պատճառը շատ պարզ է։ Այն պայմանավորվածությունները, որ ունեցել ենք, մեր գնահատմամբ, այդ պայմանավորվածությունները չեն պահպանվում։ Ավելի կոնկրետ ասեմ։ Կա կառավարության գործունեության ծրագիր։ Ըստ էության Ազգային համաձայնության կառավարության մաս կազմած քաղաքական ուժերի միակ գրավոր համաձայնեցված փաստաթուղթը կառավարության գործունեության ծրագիրն է, որովհետև այլ տիպի որևէ փաստաթուղթ՝ կլինի հուշագիր, համաձայնագիր և այլն, այսինքն որևէ բան գրավոր ամրագրված չէ: Հետևաբար պիտի հիմք ընդունենք կառավարության գործունեության ծրագիրը։ Իսկ կառավարության գործունեության ծրագրում հստակ ամրագրված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պիտի տեղի ունենան մեկ տարվա ընթացքում և մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություները պիտի էապես բարելավվեն Ընտրական օրենսգիրքը, ընտրությունների ընթացակարգերը և ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների համար ապահովվեն բարենպաստ պայմաններ։ Հիմա ես հարց եմ ուզում տալ, արդյո՞ք ապահովածեն այս պայմանները։ Ավելին Ձեզ ասեմ, նույն կառավարության գործունեության ծրագրում հստակ ամրագրված է, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անդրադարձ կատարել ոստիկանության կարգավիճակին: Եւ սուպերվարչապետական համակարգը, որը ժամանակին, ՀՀԿ-ի օրոք, բուռն քննարկումների և քննադատության առարկա է դարձել եւ որի վերաբերյալ, ի դեպ, պարոն Փաշինյանի հետ մենք նաև քննարկումներ ենք ունեցել, համակարծիք ենք եղել, որ սուպերվարչապետական համակարգից քայլ առ քայլ պետք է հրաժարվել:Նաև ոստիկանությունը պետք է դուրս բերել վարչապետի ուղղակի ենթակայությունից, որովհետև ոստիկանությունը որոշակի ֆունկցիոնալ դերակատարություն ունի ընտրությունների ժամանակ, ինչը նաև ակնհայտ երևաց նույն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ։ Այս ուղղությամբ էլ որևէ քայլ չի կատարվել։ Եվ դա այն պայմաններում, երբ, ի սկզբանե, պարոն Փաշինյանի վստահությունը վայելող քաղաքացիական հասարակության, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների կողմից սկսվել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի մշակում՝ դեռ հունիս ամսին։

Ասացիք, որ այս քվեարկությունը, այս գիշերային քվեարկությունը դարձավ առիթը և ոչ թե պատճառը կոալիցիան լքելու։ Հարցն այն է, որ Հանրապետականն ամեն գնով փորձում էր այդ օրինագիծն անցկացնել և, երբ Լենա Նազարյանը քարտերը հավաքեց, պատգամավորները ձեռքով, առանց ուղիղ հեռարձակման,առանց խորհրդարանական կարգ ու կանոնը պահպանելու պարզապես շատ արագ անցկացրին դա և տեսեք ինչ տպավորություն կա, որ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև եղել է պայմանավորվածություն (67 կողմ ձայն է եղել), կողմ քվեարկել և անցկացնել ամեն գնով։ Այսինքն, Դուք լավ գիտեիք ինչ մեղադրանքներ էին Ձեզ ուղղվելու։ Ինչու գնացիք դրան կողմ քվեարկելու ճանապարհով։

Ես Ձեր հարցին կանդրադառնամ, բայց Ձեր թույլտվությամբ ուզում եմ այնուամենայնիվ անդրադառնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի նախապատմությանը և ընթացքին: Որպեսզի ամբողջության մեջ կարողանանք գնահատել իրավիճակը և վերջին զարգացումները։ Տակավին հունիս ամսին սկսվել էր գործընթաց Ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ և մենք պատրաստակամ կերպով մեր մասնակցությունը բերել ենք այդ գործընթացին։ Դրանից հետո, եթե հիշում եք, Ազգային ժողովում ձևավորվեց համապատասխան ձևաչափ, տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների ներգրավմամբ և շատ ակտիվ ձևով, անգամ օգոստոս ամսին՝արձակուրդի ժամանակ պատգամավորներն աշխատեցին, ձևավորեցին իրենց առաջարկությունների փաթեթը: Զուգահեռաբար, քանի որ նաև կառավարության կողմից ձևավորվել էր համապատասխան հանձնաժողով,այդ ամբողջ փաթեթը փոխանցվեց հանձնաժողովին՝ ամփոփելու և վերջնական տեսքի բերելու համար:Ի սկզբանե, կանխատեսումներն այնպիսին էին, որ շատ արագ, մինչեւ օգոստոսի վերջ-սեպտեմբեր պիտի Ընտրական օրենսգրքի բարեփոխումները պատրաստ լինեին, որպեսզի հասցնեինք սեպտեմբերի ընթացքում քննարկել, վավերացնել և դրանից հետո արդեն ուղիղ ճանապարհ կհարթվեր դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հիմա ես ուզում եմ հարց տալ, ի՞նչն է պատճառը, եթե ցանկություն կար մինչև տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, ինչն էր պատճառը, որ այդ աշխատանքներն այսքան դանդաղեցին և առ այսօր ոչ միայն նախագիծը պատրաստ չէ…

Դանիել Իոնիսյանը գրեց, որ հայեցակարգն առաջիկա օրերին կհրապարակվի։

Գիտեմ, որ հայեցակարգը պատրաստ է, բայց հայեցակարգն է պատրաստ։ Ես ասում եմ, որ այն դեռ պաշտոնապես չի ուղարկվել։ Հայեցակարգի հիման վրա պիտի պատրաստվի օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթը, որը ստվարածավալ փաստաթուղթ պիտի լինի, որովհետև անդրադարձ կա տարբեր հարցերի և դրանից հետո քննարկման տարբեր ռեժիմներ կան, Վենետիկի հանձնաժողով և այլն։ Այսինքն, իմ գնահատմամբ, արհեստականորեն դանդաղեցվել է ընթացքը և հիմա, առանց կառավարության գործունեության ծրագրում ամրագրված համաձայնությունների պահպանման, փորձ է արվում արագ դեկտեմբերին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:Այն փաստարկները, որ ներկայացվում են, մեր գնահատմամբ այդ փաստարկները այնքան էլ հիմնավոր չեն։

Բայցկառավարությունը պետք է շահագրգռված լիներ արագացնելու, ինչո՞ւ են արհեստականորեն դանդաղեցրել։

Բնականաբար։ Ես ուզում եմ արձանագրել, որ վարչապետ Փաշինյանի ցանկությունը, դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ կապված, ըստ էության նշանակում է պայմանավորվածությունների խախտում։ Իսկ մենք չենք ցանկանում խախտելով պայմանավորվածությունները գնալ այս, կամ այն քաղաքական գործչի, քաղաքական ուժի ցանկությունները բավարարելու ճանապարհով, որովհետև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պիտի կազմակերպել և անցկացնել մրցակցային պայմաններում և բոլոր քաղաքական ուժերը պիտի հավասար հնարավորություններ ունենան մասնակցության համար և դա ենթադրում է ժամանակ։

Այսինքն, Ձեր խոսքից դատում եմ, որ Ձեր կուսակցության համար մի քանի խանգարող հանգամանք կա ։ Առաջինը ԸՕ-ի անմշակ բնույթն է, այսինքն այն դեռ չի հասել խորհրդարան և դրա համար ամիս, ամիս ու կես ժամանակ պետք կլինի։

Եթե պիտի գնայինք հին օրենսգրքով, ո՞րն է իմաստը այս ամիսների ընթացքում կատարված աշխատանքի:Այդ պարագայում ճիշտ կլիներ մենք գնային արտահերթ խորհրդարանական ընտրությունների հունիսին, կամ հուլիսին, որովհետև ես Ձեզ վստահեցնում եմ, որ դեկտեմբերին հնարավոր չի լինելու նոր ԸՕ փոփոխությունների փաթեթն ընդունել և դեկտեմբերին ընտրություններ անցկացնել։ Դա, ժամանակագրական առումով պրակտիկորեն անհնարին է։ Հետևաբար, ուզում ենք հասկանալ ո՞րն է այս ավելորդ շտապողականության պատճառը։ Մենք երբևէ, ոչ նախկինում, ոչ այսօր, հստակ ժամկետների մասին չենք ասել և չենք ասելու, որ մեր նախընտրելի ժամկետը այս ամիսն է, կամ այս օրը։ Մենք միշտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակը, ժամկետը պայմանավորել ենք կատարվելիք քայլերի տրամաբանությամբ։ Այսինքն, երբ նախատեսված քայլերն ու գործողությունները կկատարենք, կավարտենք, ըստ այդմ էլ պարզ կլինի, թե երբ է անհրաժեշտ ամենասեղմ ժամկետներում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եթե դա մարտ ամիսն է, ուրեմն մարտին, եթե փետրվարն է, ուրեմն փետրվարին, եթե դեկտեմբերը՝ ուրեմն դեկտեմբերին։ Խնդիր չունենք։

ՀՀԿ-ն ասում է մինչև հունիս, որովհետև հունիսին է ընդունվել կառավարության ծրագիրը։

Ինչ է ասում ՀՀԿ-ն ինձքիչ է հետաքրքրվում, ես ասում եմ այն ինչ որ մենք ենք ասում։

Դե վարչապետն ասում է ևս 6 ամիս անորոշությունը երկարաձգումենք։ Այսպես չի կարող երկար շարունակվել։

Իսկ ով ասաց, որ ևս 6 ամիս պետք է երկարաձգել։Ես կարծում եմ ավելի սեղմ ժամկետներում հնարավոր է այդ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել՝ կատարելով իմ մատնանշած բոլոր քայլերն ու գործողությունները։

Հիմա Ձեր կուսակցությունը շարունակելո՞ւ է քաղաքական քննարկումները վարչապետի հետ, որովհետև, ի վերջո խորհրդարանական ուժերը չէ՞պետք է համաձայնություն տան ժամկետի շուրջ։

Մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկումների և կարծում ենք, որ լավագույն ձևաչափը քննարկումների միջոցով ընդհանուր հայտարար ձևավորելն է, որովհետև սպառնալիքներով, պարտադրանքներով քաղաքական գործընթացներ տանել մեր երկրում չի կարելի և դա հաստատ մեր երկիրըլավ տեղ չի տանի։ Ձեր մատնանշած ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունն էլ հենց միտված է եղել դրան։ Այդ փոփոխությունը որևէ ձևով նպատակ չի ունեցել ձախողելու սկսված բանակցային պրոցեսը, որևէ ձևով միտված չէ արհեստական ձևով խոչընդոտներ ստեղծելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացակարգերի հետ կապված՝ նկատի ունեմ վարչապետի հրաժարականի և նոր վարչապետի չընտրվելու հետ կապված, այլ ընդամենը նպատակ ունի ապահովելու բացառապես իրավունքի ուժով ԱԺ-ի արձակումը և ոչ թե ուժի իրավունքով։ Արմեն Ռուստամյանը պատկերավոր արտահայտվելու առիթ ունեցել է. ՙբաց դուռը պետք չէ ջարդելով բացել՚։ Դուռը բաց է և քաղաքական ուժերը պատրաստակամ են գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Բայց, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ավելի ազատ, ավելի արդար, թափանցիկ և մրցակցային դրա համար անհրաժեշտ է ի կատար ածել պայմանավորվածությունները, այն է՝ ԸՕ բարեփոխումներ իրականացնել, ապահովել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը և բոլոր դերակատար քաղաքական ուժերի հետ համաձայնեցված ճանապարհային քարտեզով գնալ առաջ։

Երեկվա Ձեր հայտարարությունից մի հատված եմ ուզում մեջբերել:Ասում եք վերադարձն անցյալին բացառված է, բայց մարդկանց մեջ կասկած կա, թե բացառված չէ վերադարձը անցյալին և այսպիսի տեսական հնարավորություն է քննարկվում։ Քանի որ խմբակցություններից որևէ մեկը չի երաշխավորում, որ չի առաջադրելու սեփական թեկնածուի՝ եթե վարչապետը հրաժարական տա:Իսկ վարչապետը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալու և այդ կերպ արձակելու խորհրդարանը՝ երկու անգամ չընտրելով, ոչ թե սահմանադրություն փոխելով։ Դուք, ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն կոալիցիա եք կազմում և, եթե անգամ կոալիցիա չեք կազմում, դուք մեծամասնություն եք և Ձեզանից որևէ մեկն առաջադրում է վարչապետի թեկնածու, ասենք, օրինակ, ՀՀԿ-ն, կամ ԲՀԿ-ն, կամ Դուք:

Անուններ էլ են շոշափում Ռոբերտ Քոչարյանը, կամ այլ մեկը կարող է լինել վարչապետի թեկնածու, այսինքն Փաշինյանն ասում է ինձ երաշխիք տվեք ընդամենը։ Ժամկետն էլ թողնենք մի կողմ, մայիսին թող լինեն այդ ընտրություները։ Բայց այս երեք ուժերից ես ուզում եմ երաշխիք, որ իրենք չեն առաջադրելու թեկնածուի և չեն պաշտպանելու որևէ այլ թեկնածուի և իրավունքի ուժով երկու անգամ չառաջադրելու դեպքու խորհրդարանն արձակվելու է։ Դուք տալիս եք այդպիսի երաշխիք վարչապետին։

Տեսականորեն որևէ սցենար ես չեմ ուզում բացառել։ Ես կարող եմ խոսել մեր անունից և ասել, որ մեր օրակարգում նման հարց չունենք։ Ինչ վերաբերվում է երաշխիքներին։ Երաշխիքներ կարելի է տալ, կամ ամրագրել համապատասխան համաձայնագրով՝ քննարկումների, բանակցությունների ընդհանուր հայտարար ձևավորելու արդյունքում։ Հակառակ պարագայում մենք գործ ունենք հետևյալ իրավիճակի հետ՝ ուզում ես ուզի, չես ուզում ուզի, դեկտեմբեր է և վերջ։ Այսինքն այս վերջնագրային տոնը, երբ հնարավորություն չի լինում փաստարկելու, մոտեցումները և քննարկելու, մեզ համար ընդունելի չէ։ Ինչ վերաբերվում է սցենարներին, եթե սցենարը զարգանա այդ ճանապարհով, որ պարոն Փաշինյանը հրաժարական ներկայացնի և դրանից հետո երկու իրարահաջորդ յոթօրյա ժամկետներում չընտրվի վարչապետ և այլնես նորից եմ կրկնում՝ մենք մեր օրակարգում որևէ դավադիր ծրագիր, այսպես ասած, ոնց որ հիմա շատերն ուզում են փնտրել, չունենք և մենք իրողություններն ու իրավիճակը շատ ռեալ ենք գնահատում և չեմ կարծում, որ նման ավանտյուրայի հնարավորություն որևէ քաղաքական ուժ տեսնում է։ Բայց նորից եմ կրկնում, ես չեմ կարող խոսել բոլորի անունից, բայց կարծում եմ, այդ տեսակ մտահոգություններ եթե կան, անտեղի են և այդ մտահոգությունների դուռը փակելու լավագույն ճանապարհը միասին, քննարկումների արդյունքում, հստակ պայմանավորվածություններն են, որոնք կարելի է ամրագրել նաև համապատասխան համաձայնագրով։ Բոլոր քաղաքկան ուժերը, այդ պարագայում, իրենց համաձայնությունը կտան, որ չառաջադրելու սցենարը երաշխավորված լինի։

Ես նորից եմ կրկնում դեկտեմբերի վրա ֆիքսվելը, մեր գնահատմամբ արդարացված չէ, որովհետև դեկտեմբերին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում է խաչ քաշել կառավարության գործունեության ծրագրում ամրագրված պայմանավորվածությունների վրա։ Դրանից բացի բազմաթիվ այլ խնդիրներ են ի հայտ գալու։ Պատկերացրեք, եթե դեկտեմբերին լինում են ԱԺ ընտրություններ, մենք մտնելու են մի ցիկլի մեջ, որ հետագա հերթական խորհրդարանական ընտրությունները, որ անցկացվելու են հինգ տարի հետո, ևս լինեն դեկտեմբեր ամսին։ Պատկերացնում եք ժամանակագրական իմաստով ինչ է նշանակում դեկտեմբերին ԱԺ համապետական ընտրությունների անցկացում։ Դրանից հետո, համապատասխան ընթացակարգերով, կառավարության ձևավորում, պետական բյուջեի օրենքի ընդունում: Այսինքն այդ ժամանակահատվածն ինչքանո՞վ է նպատակահարմար և բխում մեր երկրի շահերից՝ զուտ պրոցեդուրալ իմաստով: Էլ չեմ ուզում ասել այն մասին, որ ձմռան ամիսը հաստատ, քարոզարշավի իմաստով, հարմար ամիս չէ, այսինքն կա արդեն ձևավորված որոշակի ավանդույթ, որ ընտրությունները կազմակերպվեն գարնանը։ Ես Ձեզ վստահեցնում եմ, որ դեկտեմբեր ամիսն այս իմաստով հարմար ամիս չէ և այստեղ ավելորդ շտապողականություն ցուցաբերել և ասենք, օրինակ, մարտի փոխարեն դեկտեմբերին անել, ուղղակի նրա համար, որ դեկտեմբերը հարմար է նկատվում, մեզ համար ընկալելի չէ։

Տպել Տպել