Պետք է հարգել պայմանավորվածությունները

Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր էր ստորագրվում, կառավարությունում մեկ այլ հանդիպում էր ընթանում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի եւ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի հետ։ Թե ինչու կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չընդունեց դաշնակցականներին, եւ ինչու չստորագրվեց հուշագիր, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Արսեն Համբարձումյանի հետ։

– Պարոն Համբարձումյան, նախ խնդրում եմ պարզաբանեք, թե ինչու Ավինյանի հետ, ոչ թե վարչապետի, եւ ինչ հարցեր քննարկեցիք։

-Նախապես պայմանավորվածությունը եղել է, որ հանդիպումը պետք է անցկացվեր այդ ձեւաչափով։

– Բայց հանդիպումից մի քանի ժամ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպելու է Ծառուկյանի եւ ՀՅԴ-ականների հետ։

-Ոչ, եղել է այն ձեւաչափով, որով հանդիպումը կայացավ։ Միայն արտահերթ ընտրությունների հարցով չենք սահմանափակվել, քննարկել ենք այլ հարցեր։ Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր տեսակետներն ու առարկությունները։ Կարծում եմ՝ օգտակար հանդիպում էր, եւ հետագա քննարկումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղով։

– Հուշագիր չստորագրելու փաստը նշանակում է, որ ՀՅԴ-ն դե՞մ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու Փաշինյանի մտադրությանը։

-Հուշագիր ստորագրելու հարց մեր հանդիպման օրակարգում չի եղել, իսկ դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումներում բան չի փոխվել։ Մենք երբեւէ ժամկետների վերաբերյալ բան չենք ասել, այլ դրանք պայմանավորել ենք անհրաժեշտ քայլերով եւ գործողություններով, եւ այդ հաստատումներն արված են կառավարության ծրագրում, քաղաքական ուժերի համաձայնությամբ։

– Ի՞նչ հաստատումների մասին է խոսքը։

-Նախքան արտահերթ ընտրությունները պետք է հարգել պայմանավորվածությունը եւ կատարել ծրագրում ամրագրված հետեւյալ հաստատումները, խոսքն ընտրական օրենսդրության արմատական բարեփոխման, ընտրական ընթացակարգերի փոփոխության եւ ոստիկանության կարգավիճակի փոփոխության քայլերի մասին է։ Ճիշտ չէ առանց այս պայմանավորվածությունը կատարելու խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Տեսականորեն հնարավոր է այլ տարբերակ, եթե հնչեն լուրջ հակափաստարկներ ու գործողություններ՝ առանց այդ քայլերի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Պետք է ասեմ, որ մինչ օրս իրենց կողմից հնչած փաստարկները համոզիչ ու հիմնավոր չեն։

– Եթե իշխանությունն այդ պայմանավորվածությունները չկատարեց, ո՞րն է լինելու ձեր քայլը։

-Ես կարծում եմ՝ երեկվա քննարկումը շարունակություն կունենա, եւ քննարկումների արդյունքում մենք մեր մոտեցումները կհայտնենք։ Մենք ակնկալում ենք տեսնել կոնկրետ ժամանակացույց, թե ինչ ժամանակացույցով է հնարավոր անել այդ քայլերն ու գործողությունները։ Որովհետեւ կան բազմաթիվ քայլեր, որոնք պարտադիր պետք է արվեն․ նախ՝ կառավարության կողմից պետք է հաստատվի ԸՕ բարեփոխումների փաթեթը, հետո ուղարկվի ԱԺ, որտեղ ընթացակարգով պետք է ընդունվի, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության խնդիր կա, ԿԸՀ-ի կողմից բազմաթիվ նորմատիվ ակտերի ընդունման խնդիր կա, հանձնաժողովականների պատրաստման եւ այլն։ Ուզում ենք հասկանալ՝ այդ ամբողջն ինչպես է հնարավոր անել մինչեւ դեկտեմբեր։

– Իսկ գուցե ընտրություններն իրականացվում են գործող Ընտրական օրենսգրքով, այդ դեպքում ի՞նչ կարծիքի եք՝ ինչպիսի՞ խորհրդարան կձեւավորվի գործող օրենսգրքով։

-Ես ոչինչ չեմ բացառում, բայց այդ պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ եթե չէին արվելու փոփոխություններ, ու դրանից հետո չէինք գնալու ընտրությունների, ո՞րն էր իմաստը ժամանակ ձգելու, որովհետեւ արտահերթ ընտրությունները կարելի էր անցկացնել մի քանի ամիս առաջ՝ ամռանը։

Ինչ կունենանք արդյունքում․ կարծում եմ՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների առումով, մեծ հաշվով, խնդիրներ չենք ունենա, բայց մրցակցային ընտրությունների հետ կապված, բնականաբար, հարց կունենանք։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող ուժերը, բնականաբար, պատրաստվելու խնդիր են ունենալու։

– Այսինքն, երկու դեպքում էլ՝ որ օրենսգրքով էլ գնանք ընտրությունների, խնդիրը ժամկետն է, որ ուժերը ժամանակ չեն ունենալու պատրաստվել։

-Անշուշտ։ Գիտեք, եթե անհրաժեշտ էր դեկտեմբերին կազմակերպել ընտրություններ, ապա կառավարության՝ ընտրական օրենսդրությամբ զբաղվող հանձնաժողովն իր աշխատանքներն ավելի արդյունավետ պետք է կազմակերպեր, այդ փաթեթը՝ մշակված, սեպտեմբերի կեսին ուղարկեր ուժերին, այնինչ հոկտեմբերն է, բայց աշխատանքներն ավարտին չեն հասցվել։

– Ձեր քննարկումների ընթացքում չխոսեցի՞ք՝ ինչով է բացատրվում իշխանության շտապողականությունը։

-Բնականաբար, բայց միայն կարող եմ ասել, որ իրենց հիմնավորումները համոզիչ չեն։

– Գուցե խորհրդարանական ուժերի նախորդ շաբաթ դրսեւորած պայքա՞րն արագացրեց ամեն ինչ։

-Այդ հարցի հասցեատերը ես չեմ։

– Այդ հիմնավորումները «Ծառուկյան դաշինքի» համար հիմնավոր են, ստորագրված հուշագիրն էլ դրա վկայությունն է։

-Այդ հարցն ուղղեք «Ծառուկյան դաշինքին»։

– Եթե, ամեն դեպքում, ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, ՀՅԴ-ն կմասնակցի՞, թե՞ ոչ։

-Թույլ տվեք ժամանակից առաջ չընկնել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Hraparak.am

Տպել Տպել