- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ընտրական հին օրենսգրքով հնարավոր չէ նոր արդյունք ակնկալել

Vesti.am-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի հետ զրուցել է արդեն պատրաստի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ:

– Պարոն Սեյրանյան, ծանո՞թ եք ներկայացված նախագծին, ԱԺ-ում ձևավորված հանձանժողովի առաջարկները որքանո՞վ են տեղ գտել օրենսդրական փաթեթի մեջ:

Ծանոթացել եմ, այո, ու բոլոր այն դրույթները, առաջարկները, որ առաջ էին եկել խորհրդարանում կազմակերպված քննարկումների ժամանակ, կարծես թե, ներառված են նախագծի մեջ: Եթե շտկումների կարիք լինի, ապա երբ փաթեթը դրվի Ազգային ժողովի քննարկմանը, այդ ժամանակ նույնպես կարելի կլինի բարեփոխումներ իրականացնել: Միակ բանը, որ ինձ հետարքրում է հետևյալն է. մենք օգոստոսի սկզբին նախագծի հիմնական մասը ներկայացրել էինք Կառավարություն, ու այն աշխատանքը, որ վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովն արել է մի քանի ամսում, լավագույն դեպքում երկու երեք օրվա խնդիր էր, եթե ոչ՝ ժամերի:

– Ի՞նչ եք կարծում, մինչև դեկտեմբեր նոր ԸՕ-ն պատրաստ կլինի:

Արձակուրդների ընթացքում մենք աշխատում էինք հենց այդ տրամաբանությամբ, որ գոնե սեպտեմբերին օրենսգրքի ամբողջական փաթեթն ունենայինք ու այն ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով: Իմ համոզմամբ՝ եթե անհարկի ձգձգումներ չլինեին, ապա այս փաթեթը, Վենետիկի եզրակացություններով հանդերձ, արդեն պատրաստ կլիներ: Բայց հուսով եմ, որ եվրոպացի մեր գործընկերներն ըմբռնումով կմոտենան այն խնդիրներին, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ուենան հնարավորինս շուտ, ապա իրենք, համապատասխան կամքի դրսևորումով, կփորձեն մեզ հնարավորինս շուտ փոխանցել իրենց գնահատական-եզրակացությունները, որ մենք նոր օրենսգրքով գնանք ընտրությունների:

Իհարկե, ես չեմ ուզում դավադրությունների կանխավարկածով առաջնորդվել, բայց եթե ձգձգումների իմաստն այն է, որ հին օրենսգրքով գնանք ընտրությունների, այդ դեպքում մենք կունենաք ցավալի մի իրողություն, այն է՝ ինքներս կխախտենք ոչ միայն մեր քաղաքական պայմանավորվածությունը, այլ նաև հասարակական մի մթնոլորտ կձևավորենք՝ հին օրենքով նոր արդյունք ակնկալելով:

– Իշխանություններն այժմ ասում են, որ եթե մինչև դեկտեմբեր հնարավոր չլինի նոր օրենսգիրքն ընդունել, ապա հոգ չէ, կարող ենք անգամ հին օրենքով կազմակերպել: Հավելում են՝ կարևորը քաղաքական կամքն է, որն առկա է:

Ես հենց այդ կոնտեքստում էլ արեցի իմ դիտարկումը, որ եթե բոլորս շահագրգիռ ենք ունենալ նոր Ընտրական օերնսգիրք, ձևավորել հավասար պայմաններ ու հնարավորություններ բոլորի համար՝ ընդունելի ու ընկալելի ընտրություններ կազմակերպելու իմաստով, ապա այդ դեպքում ո՞րն է իմաստն այսքան ձգձգել գործընթացը:

– Տեսակետ կա՝ եթե ընտրությունները հին օրենսգրքով անցկացվեն, ապա նաև այն պատճառով, որ մեր եվրոպացի գործընկերները «չնեղանան», թե իրենց դիտարկումներից որոշների հետ հաշվի չենք նստել:

Իմ խորին համոզմամբ՝ ընտրական գործընթացն ու Ընտրական օրենսգիրքը բարեփոխում ենք ոչ թե Եվրոպային դուր գալու կամ զուտ այն պատճառով, որ նրանց հետ բան ենք պայմանավորվել, այլ, առաջին հերթին, նրա համար, որ դա Հայաստանի բնակչությանն է պետք, մեր խորհրդարանի լեգիտիմության աստիճանի բարձրացմանն է պետք: Բայց կարևոր է, որ կարողանանք եվրոպացի մեր գործընկերներին հիմնավոր ներկայացնել, թե ինչու ենք բովանդակայինը մի կողմ դնում ու առաջին պլան բերում ընտրությունների անցկացման ժամկետը: Ոչ թե օրն է հետաքրքրում, այլ՝ ինչից հետոն:

– Վենետիկի հանձնաժողովը, կարծում եմ, ինչպես գործող ԸՕ-ի դեպքում, նույնպես և հիմա, չի ողջունի ընտրողների ստորագրված ցուցակների հրապարկումը: Ի՞նչ անել այս դեպքում:

Ընտրողների ստորագրված ցուցակները հրապարկելուն կողմնակից ուժերից մեկն էլ «Դաշնակցությունն» է եղել: Այո, ճիշտ եք նկատում, եվրոպացի մեր գործընկերների մոտեցումների վերապահումն այն էր, որ դա անձնական տվյալների հրապարակում ու իրավունքի խախտում է: Բայց մենք փորձեցինք համոզել նրանց, որ այս պարագայում հանրային վստահությունն ու շահն է առաջնայինը, որպեսզի հրապարակվեն ցուցակները՝ հասկանալու համար, թե, ի վերջո, ովքեր են մասնակցում ընտրություններին: Իրենք հասկացան ու, ինչ-որ իմաստով, կարելի է ասել փոխզիջումային տարեբարկի գնացին՝ նկատելով, որ դրանք չպետք է պարունակեն քվեարկության բովանդակությունը: Այսինքն՝ միայն փաստը ֆիքսվի, թե տվյալ անձը գնացե՞լ է ընտրության, թե՞ ոչ:

– Գործող ԸՕ-ն ընդունելու ժամանակ ընդդիմությունն ասում էր, թե այն ժամանակվա իշխանությունների նկատմամբ վստահություն չունեն, բաց այժմյան իշխանությունները, կարծես, լիակատար վստահություն են վայելում, հետևաբար՝ կարիք չկա՞ հրաժարվել այս դրույթից:

Ես կարծում եմ, որ ոչ այնքան «կարիք կայի» խնդիրն է առաջնային, որքան բոլորիս մոտ ընդհանուր կոնսեսուսի ձևավորելու հարցը: Ես, իհարկե, համոզված եմ, որ հասարակությունն իր զարգացման ընթացքում կհասնի այն աստիճանին, որ այսպիսի գործիքների պահանջ ու կարիք չի լինի: Բայց եթե այս պահին ժողովուրդն այդպես է ուզում, ուրեմն այդպես անելը ճիշտ է:

Վրույր Սևակ