Համեմատած գործող Ընտրական օրենսգրքի՝ առաջարկվող փաթեթում դրական փոփոխություններ առկա են

Հայաստանի Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունը գործող Ընտրական օրենսգրքի առաջարկվող տարբերակում գործող օրենսգրքի համեմատ դրական փոփոխություններ է տեսնում:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Դանիել Իոաննիսյանի՝ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ ԱԺ-ում քննարկումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Հանդիպումն օգտակար էր: Մենք նախապես քննարկում արել էինք և ներկայացրինք մեր մոտեցումները: Ներկայացրինք երեք առաջարկություն: Եվ դրանց մերժումը ուներ մեկ բացատրություն՝ մինչ դեկտեմբերին չենք հասցնի դրանք անել, ժամկետները սեղմ են»,- ասաց Ռուստամյանն ու հավելեց՝ իրենք հենց դրա համար է, որ դեմ են դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Իրենց առաջարկներից մեկը վերաբերել է բաց կամ փակ ցուցակներին: Առաջարկել են ընտրությունների արդյունքներով կուսակցությունների խորհրդարան մուտքի քվեների շեմը նվազեցնել: Առաջարկել են նաև տարբերակ, որի միջոցով ընտրությունների ժամանակ պիտի արձանագրվեին ոչ միայն կեղծիքները, այլ նաև դրանց ծավալը, ինչը թույլ կտար դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները:

«Այնուամենայնիվ, ցանկացած առաջարկած քայլ մենք միշտ էլ ողջունել ենք: Մենք համարում ենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ցանկացած դրական առաջընթաց մենք պետք է ողջունենք: Օրինակ՝ կա ռեյտինգային կարգից հրաժարում, անցողիկ շեմի իջեցում: Համեմատած գործող Ընտրական օրենսգրքի՝ առաջարկվող փաթեթում դրական փոփոխություններ առկա են»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Կողմ կամ դեմ քվեարկելու համար ՀՅԴ-ն իր քննարկումը կանի երկուշաբթի ու կհայտնի այդ մասին:

Ռուստամյանը հույս հայտնեց, որ իրենց երեք առաջարկները նորից քննության առարկա կդարձնեն: Նա նորից շեշտեց՝ կառավարությունը դրանք չի ընդունում ոչ թե մերժելու, այլ ժամկետների մեջ չտեղավորվելու տրամաբանությամբ:

Ռուստամյանը նշեց՝ դրա համար էլ խորհրդարանական ընտրությունների անցկացումը դեկտեմբերին հապճեպ են համարում:

armenpress.am

Տպել Տպել