- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

2019-ի ընթացքում ստվերային տնտեսության զգալի նվազում կամ հարկային վարչարարության աճ չի լինելու

«2019 թվականի պետական բյուջեն կարելի է բնորոշել համեստ կամ գոյատևման, նախկին վարկերը փակելուն ուղղված բյուջե»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա նշեց, որ 2019-ի ծախսային մասը կազմում է 1 տրիլիոն 614 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 149 միլիարդ դրամի չափով կամ 10 տոկոսի չափով։

Տնտեսագետը նշեց, որ 2018-ը 2017-ի նկատմամբ գրեթե նույն աճն էր արձանագրել։

«Մենք չունենք կտրուկ բյուջետային ծախսերի աճ, ինչպես նաև չունենք կտրուկ բյուջետային եկամուտների աճ, մասնավորապես հարկային եկամուտների գծով։ 2019 թվականի ընթացքում նախատեսվում է եկամտային մասն ավելացնել մոտավորապես 154 մլրդ դրամով, ինչը թույլ չի տա կրճատել ստվերային տնտեսությունը։ Այս թվի աճը հիմնականում պայմանավորված է 2019 թվականին ուժի մեջ մտնող, մասնավորապես ակցիզային հարկի դրույքաչափերի աճով ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, ինչպես նաև մոտ 4 մլրդ դրամի չափով նախատեսված է աճ ԵԱՏՄ-ից ստացվող մաքսային տուրքերի մասով, և հիմնական բյուջեի ծախսային կամ եկամտային մասի ապահովող գործոն է հանդիսանալու 2019 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից ձեռք բերվող մոտ 450 մլն դոլարի վարկային միջոցները»,- մանրամասնեց Պարսյանը։

Նրա խոսքով, եթե 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արտաքին պարտքը լինելու է 7մլրդ 50 մլն դոլարի չափով, ապա 2019 թվականի դեկտեմբերին՝ 7, 5 մլրդ դոլարի չափով։

«450 մլն դոլարի վարկն ուղղվելու է նախկինում ձեռք բերված վարկային միջոցների մարմանը»,- ասաց նա։

Տնտեսագետն ասաց նաև, որ 2019 թվականի ընթացքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է 20,7 տոկոս, այն դեպքում, որ 2018-ին դա կազմել է 21,6 տոկոս, իսկ այս նվազումը փաստելու է, որ 2019 թվականի ընթացքում ստվերային տնտեսության զգալի նվազում կամ հարկային վարչարարության աճ չի լինելու։

«Սա պետք դրդի, որ կառավարությունը վերանայի իր հարկային, մաքսային քաղաքականությունը և այնպիսի նոր հարկային քաղաքականություն առաջ քաշի, որը ՀՀ տնտեսության և պետական բյուջեի համար ապահովի կայուն եկամուտների աճ»,- հավելեց Սուրեն Պարսյանը:

panorama.am

Երիտասարդ ընտանիքների բնակարանի ձեռքբերման ծրագրի խոչընդոտները՝ ըստ Սուրեն Պարսյանի

«Կանխավճարը 30 տոկոսից նվազեցվել է 10-ի, եթե մեկ այլ բնակարան է գրավադրվում: Սա տրամաբանական չէ. եթե ընտանիքն այլ բնակարան ունենար, այդտեղ կապրեր: Սա լրացուցիչ խոչընդոտ է երիտասարդ ընտանիքի համար»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով երիտասարդ ընտանիքների բնակարանի ձեռքբերման ծրագրում կատարվելիք փոփոխություններին [1], ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա խոսքով՝ բնակարանի ձեռքբերման հիպոթեկային վարկի տոկոսադրույքը կնվազեցվի մինչեւ մոտ 6 տոկոս. «Դա ողջունելի է, բայց չի նպաստի, որ բնակարանի կարիք ունեցող երիտասարդները կարողանան այն ձեռք բերել: Նրանք վարկ չեն վերցնում ոչ թե այն պատճառով, որ տոկոսը բարձր է, այլ որովհետեւ կանխավճարն է բարձր, աշխատավարձը՝ քիչ, ամսական վճարվելիք գումարի չափն էլ՝ մեծ: Ասում են, թե 1-2 սենյականոց բնակարան ձեռք բերելիս այսուհետեւ ամսական 45.000 դրամով հնարավոր է գումարը փակել, բայց իրականում 15 տարի վճարելու ես ամսական մոտ 95.000 դրամ, եւ վերջին տարիներին է միայն այդ գումարը նվազելու»:

Փորձագետի բնորոշմամբ՝ առաջիկայում աստիճանաբար աճելու են 1-2 սենյականոց բնակարանների գները, քանի որ դրանք են այդ ծրագրի շրջանակում հասանելի բնակչությանը. «Եթե կառավարությունը ցանկանում է այս հարցը լուծել, աշխատավարձերի բարձրացման մասին պետք է մտածի: Շատերը ստանում են աշխատավարձ, բայց համարվում են աղքատ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
aravot.am