Խնդիրները բազմաթիվ են. կառավարությունը դրանք չի հասկանում ու չի տեսնում

Օրերս վիճծառայությունը հրապարակեց 2018թ. առաջին ինն ամիսների սոցիալ-տնտեսական տվյալները:

Այս առիթով է զրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

-Մեկ ամսվա ընթացքում ակտիվության տեմպը նվազել է 1,2 տոկոսով, ինչին նպաստել են մի շարք գործոններ: Մասնավորապես անկումը շարունակվում է գյուղատնտեսության ոլորտում: Այս տարի նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 4,8 տոկոս անկում է արձանագրվել: Իսկ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ գյուղատնտեսության ցուցանիշն աճել է ընդամենը 0,2 տոկոսով, ինչը վատագույն ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում:

Տնտեսական աճի տեմպը դանդաղել է նաեւ արդյունաբերության ոլորտում: Եթե ութ ամիսների ընթացքում ունեցել ենք 4,4 տոկոս աճ, ապա սեպտեմբերի դրությամբ արդյունաբերական ծավալների աճը միայն 4 տոկոս է: Նվազել են տեմպերը նաեւ շինարարության, էներգետիկ ոլորտներում, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ինն ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա:

2018թ. ինն ամիսներին ունեցել ենք 11,6 տոկոս արտահանման աճ, սակայն ութ ամիսների ընթացքում այդ աճը 16,5 տոկոս է կազմել: Այսինքն՝ 4,9 տոկոսով արտահանման աճի տեմպը մեկ ամսում նվազել է: Անհամեմատ մտահոգիչ են այս տարվա սեպտեմբեր ամսվա ցուցանիշները. այս սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արտահանման ծավալների կտրուկ (14,8 տոկոս) անկում է արձանագրվել:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ինն ամիսների ընթացքում 28,6 տոկոս աճ է եղել, բայց օգոստոսին այդ թիվը հասել էր 32 տոկոսի: 3,4 տոկոսով ներմուծման աճի տեմպերը եւս դանդաղել են:

Միակ ոլորտը, որ շարունակական աճ է գրանցել, ծառայությունների ոլորտն է, մյուս բնագավառներում սեպտեմբերին միայն անկում է եղել:

Բնականաբար այս ամենը վկայում է վերջին ամիսներին շարունակվող տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության իրականացման մասին: Այս ուղղությամբ ներկա կառավարության քայլերը սահմանափակվում են հարկային, մաքսային վարչարարության պարզեցմամբ, բիզնեսին չխոչընդոտելով, բայց այդ միջոցներով հնարավոր չէ ապահովել տնտեսության ակտիվությունը:

Կառավարության համոզմամբ՝ եթե հարկային, մաքսային վարչարարությունը չի խանգարում բիզնեսին, կաշառք չեն վերցնում, ուրեմն տնտեսությունը պետք է զարգանա: Հայաստանի տնտեսության համար դա բավարար չէ, պետությունը պետք է տնտեսական, սոցիալական ծրագրեր իրականացնի, վերանայի մոտեցումները տնտեսության նկատմամբ:

Այսօր մեր առանձին շուկաներում շարունակում են գործել գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսավարող սուբյետները, որոնք գերիշխող դիրք ունեն ոչ միայն մեծածախ, այլեւ մանրածախ ոլորտում: Բենզին, դիզվառելիք նեմուծողները նաեւ մանրածախ վաճառողներ են, առանձին սննդամթերքի՝ կարագ, ալյուր, շաքարավազ ներմուծողները եւս նաեւ մանրածախ վաճառողներ են, եւ նրանց պատճառով փոքր ու միջին բիզնեսը շուկայից դուրս է մնում՝ չկարողանալով մրցակցել մանրածախ շուկայում մեծածախ ներմուծողների հետ:

Լուծված չէ նաեւ սուպերմարկետների գործունեության կարգավորման հարցը, կարեւոր է նրանց լրացուցիչ հարկումը, պրոգրեսիվ հարկային համակարգի ներդրումը: Խնդիրները բազմաթիվ են, որոնք ներկա կառավարությունը չի հասկանում, չի տեսնում:

Այս կառավարությունը չունի սոցիալ-տնտեսական տեսլական, թե ինչպիսի տնտեսություն է ուզում ստեղծել:

-Ասացիք, որ մեզանում ներքին արտադրանքն այս տարի կտրուկ անկում է ապրել, մինչդեռ արտադրության շնորհիվ է տնտեսությունը զարգանում: Այդ դեպքում 6,5 տոկոս տնտեսական աշխուժացումն ինչի՞ շնորհիվ է հնարավոր եղել ապահովել:

-Ինչպես նշեցի, հիմնականում ծառայության, սպասարկման ոլորտի շնորհիվ, այստեղ ինն ամիսների ընթացքում 19,1 տոկոս աճ է գրանցվել: 9,6 տոկոս աճ է գրանցվել նաեւ առեւտրի ոլորտում: Սակայն դա պայմանավորված է ստվերի կրճատմամբ, այլ ոչ թե իրական ծավալների ավելացմամբ:

2018թ. մեզանում ներդրումների աճ չի եղել, հակառակը, դրանք նվազել են, աշխատավարձերը, նպաստները, կենսաթոշակները եւս չեն բարձրացել: Իսկ երբ եկամուտները չեն ավելանում, բայց առեւտրի եւ ծառայության ոլորտում իրացման ծավալների աճ է գրանցվում, դա նշանակում է, որ նախկինում նույն ծավալները եղել են, պարզապես այժմ դրանք օրինական դաշտում են եւ երեւում են, տնտեսությունը նույնն է մնացել, փոխվել են տնտեսական ցուցանիշները՝ ստվերի կրճատման հաշվին:

Ինքնին ստվերի կրճատումը ողջունելի է: Այնուամենայնիվ փոքր ու միջին խանութներում պարզ վերլուծությունը ցույց կտա, որ դրանցում իրացման ծավալներն անգամ նվազել են:

Բացի դրանից, մեծ թվով փոքր ու միջին խանութներ, կրպակներ դադարեցրել են գործունեությունը նաեւ այս ընթացիկ տարում, եւ եթե ստվերի բացահայտում չլիներ, ապա մեր տնտեսական աճի ցուցանիշներն ավելի մտահոգիչ կլինեին: Այժմ ցուցանիշը բարձր է, բայց իրական պատկերն այլ է, այն չի արտացոլում իրականությունը, այդ ցուցանիշը ներառական, որակյալ չէ. ինչպես նախկինում, դրանից չի օգտվում հասարակության մեծ մասը։

Այնպես որ զարմանալի չէ, որ հանրության սոցիալական կյանքում դրական փոփոխություններ չեն եղել: Գյուղատնտեսության ոլորտում ներգրավված է աշխատողների մոտ 34 տոկոսը, եւ այդտեղ տնտեսական անկում է գրանցվել, ինչը նշանակում է, որ այդ մարդկանց եկամուտները նվազել են, նրանց սոցիալական վիճակը վատթարացել է:

Մեկ այլ ցուցանիշ էլ ներկայացնեմ. 2018թ. սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը օգոստոսի նկատմամբ նվազել է 1382 դրամով: Դա պայմանավորված է պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի նվազմամբ: Պետական հատվածում այս տարի մոտ 5 հազար մարդ կրճատվեց: 2019թ. պետական համակարգի օպտիմալացումը շարունակվելու է, անգամ խոսվում է պետական հատվածի մինչեւ 100 հազար աշխատակիցների կրճատման մասին, իսկ աշխատավարձերի բարձրացման մասին խոսք չկա: Այսինքն՝ այս տարվա 2,7 տոկոս գնաճի պայմաններում մարդիկ ավելի վատ են սկսել ապրել: Սա է տնտեսության իրական չափման միավորը:

Հաշվի առելով, որ ստվերի կրճատման ռեսուրսները սահմանափակ են, հաջորդ տարի դրա շնորհիվ բարձր տնտեսական ցուցանիշներ գրանցելը քիչ հավանական է: Թերեւս այդ հաշվարկով եկող տարվա բյուջեով ավելի ցածր տնտեսական ցուցանիշ է նախատեսված:

Բայց նշեմ, որ եթե տնտեսության աճի դանդաղման միտումը պահպանվի, ինչը շատ հավանական է, ապա այս տարին 6,5 տոկոս տնտեսական աճով չենք ավարտի, ինչն իր ազդեցությունը կունենա նաեւ 2019թ. տնտեսական աճի վրա: Այս տարվա ընթացքում չիրականացված ներդրումները չեն ստեղծի 2019թ. համար տնտեսական աճի պայմաններ:

-Վարչապետի պաշտոնակատարը օրերս հայտարարեց նաեւ տնտեսական կառուցվածքի փոփոխության անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ այդ ճանապարհով մեր երկրի տնտեսությունը հնարավոր կլինի զգալիորեն բարելավել:

-Նրա ընտրած տնտեսության մոդելը արդյունավետ չէ: Հարկավոր է մոտեցումը փոխել՝ հրաժարվելով նեոլիբերալ քաղաքականությունից: Կառավարությունը տնտեսության կայուն եւ ներառական աճի ապահովման գործում շատ մեծ դերակատարություն ունի, չպետք է միայն բավարարվել մրցակցային դաշտի ապահովմամբ, կոռուպցիայի վերացմամբ եւ այլն: Միայն դրանով տնտեսության աճ հնարավոր չէ ապահովել, ոչ էլ կյանքի որակը բարելավել:

Առանձին ոլորտներում պետությունը պետք է նախաձեռնի ներդրումային խոշոր նախագծեր եւ մասնակից լինի դրանց՝ արդյունաբերության, գյուղատնտեսության թե ծառայությունների ոլորտում: Հակառակ դեպքում կունենանք բեւեռվածության բարձր մակարդակով հասարակություն, որտեղ կան փոքրաթիվ մեծահարուստներ եւ մեծ թվով աղքատներ: Եկամուտների վերաբաշխման այլընտրանք չունենք, եւ դա պետք է սկսել տնտեսական մենաշնորհների վերացմամբ։

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

«Հայոց Աշխարհ»

Տպել Տպել