- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթը ԵՄ-Հայաստան ԽԳԿ առաջին նիստի ժամանակ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթը ԵՄ-Հայաստան Խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստի ժամանակ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» թեմայով


Հարգելի գործընկերներ,

Թեև Հայաստանում քաղաքական լուրջ գործընթացներ են ընթանում, այնուամենայնիվ մենք երբևէ և այսօր էլ ազգային խնդիրները չենք պայմանավորում ամենօրյա քաղաքական վայրիվերումների հետ:
Հայկական հարցը հայ ժողովրդի ընդհանուր պայքարն առաջնորդող խնդիր է: Հայկական հարցի լուծումը մինչև վերջ տանելու մեր ժողովրդի կամքը, ամեն ինչից առաջ, իր քաղաքական ճակատագրին տեր լինելու որոշումն է: Հետևաբար Հայաստանի Երրորդ Հանրապետության իշխանության համար Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը դարձավ պետական քաղաքականություն: Դրա լավագույն օրինակը Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումն էր:

2008 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց: Եվ արդեն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

Խորհրդարանում ներկայացված Հ.Յ. Դաշնակցություն կուսակցությունը, որի անդամն եմ նաև ես, գտնում էր, որ հայ-թուրքական արձանագրությունները պետության և ժողովրդի համար վտանգավոր, անընդունելի նախապայմաններ էին պարունակում: Ուստի այս համատեքստում բնական էր մեր քաղաքական ուժի վերապահումը:

Եվ իրականում, շուտով Թուրքիան արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմամբ:

Հետագա տարիներին Թուրքիայի վարած քաղաքականությունը հիմքեր տվեց պնդելու, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ արձանագրությունների վավերացմանը:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները:
Հայաստանի քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունները ողջունեցին նախագահ Սերժ Սարգսյանի հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու որոշումը: Եվ այլևս Հայաստանի համար այս արձանագրությունները առոչինչ են դարձնում այն վտանգը, որ կարող էին այս արձանագրությունները հասցնել Հայաստանի շահերին:

Քաղաքական իմաստով ամենահիմնականը այն իրողությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունների հանգուցալուծումը հայ դիվանագիտության մեջ դառնում է առաջնային: Ներկա ժամանակահատվածում մեր ռազմավարական գերակա խնդիր է դարձել նաև հատուցման պահանջը: Արձանագրենք, որ հայ ժողովուրդը շարունակում է պահանջատեր մնալ իր բռնազավթած իրավունքների:

Թյուր ըմբռնում ունեն բոլոր այն գործիչները, ովքեր կարող են մտածել, որ ազգային նպատակներին նախանձախնդիր մնալով, կարող ենք վնասել մեր երկրի զարգացման բնական ընթացքը: Մեր կարծիքով ընդհակառակը՝ մեր երկիրը միշտ և այսօր էլ ձգտում է թևակոխել զարգացման որակական նոր փուլ՝ հետ չմնալով զարգացած այն երկրներից, որոնք առաջնորդվում են 21-րդ դարի արժեհամակարգային չափանիշներով:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կարող է կայանալ միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կամք դրսևորի առանց նախապայմանների նստել բանակցային սեղանի շուրջ:

«Մինչև Թուրքիան իր կեցվածքը, դիրքորոշումը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ չփոխի մենք այլևս չպետք է ջանքեր թափենք այս հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այո՛, Թուրքիան, ոչ թե Ադրբեջանի պատճառով, այլ ինքն էր որոշել, որ Հայաստանի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ չհաստատի և ցամաքային շրջափակումը չհանի»,- ընդգծել էր Կիրո Մանոյանը:

Համաշխարհային մտածողներից Մոնտեն ասում էր՝ ժողովուրդ ասա քո իդեալը, և ես կասեմ քո ապագան: Մեր իդեալը՝ ազատ, անկախ, միացյալ Հայաստանն է, ուրեմն աներկբայորեն պիտի ասել, որ մեր ապագան տեսանելի է, եթե այն խարսխվում է ամենօրյա առաջնահերթ խնդիրների, որոնք ազգային անվտանգության տեսակետից կարևոր են մեզ համար: