Դեկտեմբերին ունենալու ենք երկու ելք՝ երկուսն էլ մեր երկրի համար ոչ նորմալ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու ՀՅԴ ցուցակը դեռ որոշված չէ, որոշված չէ նաև, թե ով է գլխավորելու նրանց ցուցակը:

Հարցին` հնարավո՞ր է ցուցակում լինեն անակնկալ անուններ, Ռուստամյանը պատասխանեց, որ անակնկալներով լի է կյանքը, այո, կարող են նաև այդպիսի անակնկալներ լինել: Դիտարկմանը` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ասել է, թե ՀՅԴ-ն ռեյտինգային թեկնածուներ չունի և այդ երկու տոկոսանոց շեմը հաղթահարելու դրույթը նվեր էր մի շարք կուսակցությունների այդ թվում նաև Դաշնակցության համար, Ռուստամյանն արձագանքեց.

«Մեր ռեյտինգայինները որ հիմա այստեղ պատգամավոր են, բա ովքե՞ր են, նրանք ռեյտինգային չե՞ն: Ամեն մեկը թող իրենից խոսի: Հատկապես, այս նախընտրական փուլում կոչ եմ անում չհրապուրվել և այնպիսի բաներ խոսել, որ հետո չկարողանան պատասխան տալ, այս փուլը կանցնի, մի քիչ ավելի օբյեկտիվ եղեք ձեր գնահատականներում և խոսեք ամեն դեպքում ճիշտը»:

Նա ասաց, որ իրենք ԸՕ փոփոխությունների վրա շատ լուրջ ջանք են թափել, որ վերացվի այս գործող ռեյտինգային ընտրակարգը:

«Այս ամենը մեր մոտեցումն է եղել: Հիմնական պատճառը, որ տապալվեց ԸՕ ընդունումը պետք է փնտրել այնտեղ, որ դեկտեմբեր ամիսը դրվեց և սկսվեց այս ամենը: Այս գլխավոր պատճառը թողել ու սկսել են տարբեր տեղեր մեղավորներ փնտրել»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե դեկտեմբերին արտահերթ ընտրություններ լինելու էին, քանի որ վարչապետը հրաժարական էր տվել և այստեղ խնդիրը հին թե նոր ԸՕ-ով արտահերթին գնալու մեջ էր, պատգամավորը նշեց, որ բոլոր դեպքերում փաստորեն ունենում ենք մի վիճակ, երբ շատ սեղմ ժամկետներում տեղավորելու հարց է առաջացնում:

«Դեկտեմբերը բերեց նրան, որ ունենալու ենք երկու ելք, որոնցից երկուսն էլ նորմալ չեն մեր երկրի համար: Առաջինը` չի ընդունվում, ունենում ենք հինը, որը լավ չի, երկրորդ` ընդունում ենք, ունենում ենք մեկ ամիս ամենաշատը ժամանակ նոր ընտրություններ անցկացնել նոր ընդունված ԸՕ-ով, որը նույնպես լավ չէ, հենց սկզբից էլ մենք սրա մասին ասել ենք»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՅԴ-ին մեղադրում են ՀՀԿ հետ ստվերային համաձայնության գալու և ԸՕ-ն տապալելու մեջ, նա շեշտեց. «Դե ասում եմ` Դաշնակցությանը մեղադրել են Թիֆիլիսում կառք շուռ գալու մեջ էլ, մենք դրան սովոր ենք: Մարդիկ, երբ իրենց մեջ չեն գտնում պատճառները, ման են գալիս ում գտնեն և պարզվում է` դե Դաշնակցությունը միշտ կա, մի հատ եկեք Դաշնակցությանը մեղադրենք հարցը փակվի»:

Հարցին էլ, թե ՔՊ պատգամավորներից մեկը ասել էր, թե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ինչ-որ գաղտնի բաներ են անում, ԸՕ տապալումը էդ գաղտնի պայմանավորվածությունը չէ՞ր, հաշվի առնելով, որ ՀՀԿ-ն չէր ցանկանում, որ անցնի ԸՕ-ն, նա ասաց, որ այդ նույն տրամաբանությամբ կարող են ասել, թե ՀՅԴ-ն պայմանավորվել է նաև Հռմի պապի հետ:

«Այս ի՞նչ տրամաբանություն է, այս մոտեցումներով շատ հեռուն կարելի է գնալ, ես էլ կասեմ, որ իրենք են ամեն ինչ արել, որ ձախողվի: Սաբոտաժը հենց իրենց կողմից է, որովհետև երկու ոտը մեկ կոշկի մեջ դնել ու պնդել, որ հենց դեկտեմբերին պետք է լինի, սաբոտաժը հենց այդտեղից սկսվեց, ուրեմն իրենք են պայմանավորվել ՀՀԿ-ի հետ: Սա ի՞նչ տրամաբանություն է: Այդպես ձեռքի հետ մարդկանց մեղադրելը շատ սխալ ճանապարհ է, մենք կողմ ենք քվեարկել, ՀՀԿ-ն դեմ է եղել»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՅԴ-ն համագործակցում է Գուրգեն Արսենյանի հետ, Ռուստամյանն ասաց. «էս ի՞նչ թազա բան էր, էլ ի՞նչ կա օդում պտտվող, մի քիչ լուրջ վերաբերվեք էլի»:

Ինչ վերաբերում է նրան, թե երկրորդ փուլում ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրությանը, նշեց. «ինչպես որ չենք քվեարկել առաջին փուլում, այդպես էլ չենք քվեարկելու»:

yerkir.am

Տպել Տպել