Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը

Հոկտեմբերի 30-31-ը Արցախում էին Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզման, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ։

Արցախի Հանրապետությունում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահի, ԱՀ ԱԺ նախագահի, ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանի, Արցախի Հանրապետություն–Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի անդամների հետ, այցելել է Ստեփանակերտի Թումո Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «Halo Trust» կազմակերպության Արցախի գրասենյակ, իսկ հոկտեմբերի 31-ին՝ հանդես եկել մամլո ասուլիսով:

Ասուլիսի սկզբում Ժան-Ժակ Ֆլաոն նշել է, որ ուրախ է Արցախում գտնվելու և իրողություններին անձամբ ծանոթանալու հնարավորության համար: Նա տեղեկացրել է, որ Բելգիայում Ադրբեջանի դեսպանատնից էլեկտրոնային նամակ է ստացել, որտեղ իրեն «ահաբեկիչ» են անվանել. «Ադրբեջանի այս քաղաքականությունը հակառակ ազդեցությունն է ունենալու այն առումով, որ ես ավելի ու ավելի եմ սիրելու Արցախի Հանրապետությունը և ավելի է ամրապնդվելու նրա բարեկամը լինելու իմ պատրաստակամությունը: Իսկ իրեն ժողովդրավար երկիր համարող Ադրբեջանի դեսպանատան կողմից նման արձագանքը շատ զարմանալի է ու մտահոգիչ»:

Նա հանձնառություն է ստանձնել վերադառնալուն պես նպաստել Արցախի մասին Բելգիայի հասարակական ու քաղաքական շրջանակներին տեղեկացնելուն, քանի որ այս տարածաշրջանի մասին տեղեկացվածությունն այնտեղ բարձր մակարդակի վրա չէ:

Ժան-Ժակ Ֆլաոն և Ջուլի Սզման առաջին անգամ են ժամանել Արցախ՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով: «Ուրախ եմ այս հիանալի երկիրն ու ժողովրդին բացահայտելու, իրականությանը, մշակույթին ծանոթանալու համար: Բարձր եմ գնահատում առաջ շարժվելու Ձեր հաստատակամությունը»,- նշել է Ջուլի Սզման՝ ավելացնելով, որ Արցախում հատկապես տպավորվել է Թումո Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, որից Բելգիան կարող է օրինակ վերցնել:

Անդրադառնալով հնարավոր համագործակցության մասին հարցին՝ Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամն առանձնացրել է բնական զբոսաշրջության գաղափարը, որի հնարավորությունը տալիս են Արցախում առկա մշակութային, կրոնական կոթողները:

Նրա խոսքով՝ Բելգիան գտնվում է Եվրոպայի սրտում և միշտ փորձել է համախոհությամբ լուծել բոլոր հարցերը. «Իսկ 2019թ. հունվարի 1-ից Բելգիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ կդառնա: Բելգիայի վարչապետը և մեր կուսակցության անդամ ԱԳՆ նախարարն աշխատելու են պատերազմական և սառած հակամարտությունների, այդ թվում նաև Արցախի հարցի շուրջ և փորձելու են թուլացնել հակամարտող երկրների միջև լարվածությունը, օժանդակել, որպեսզի դրանք լուծվեն» :

«Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ուզում է անկախ մնալ, թե միանալ Հայաստանին: Դա Ձեր իրավունքն է, որին մենք պետք է զորավիգ կանգնենք»,- նշել է Ժան-Ժակ Ֆլաոն:

aparaj.am

Տպել Տպել