Քաղաքական զարգացումներն իրենց կնիքն են թողել կառավարության գործունեության վրա

Ստորև ներկայացնում են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի հայտարարությունը հոկտեմբերի 31-ին կայացած ԱՀ ԱԺ լիագումար նիստի ժամանակ.

«Հարգարժան գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Վերջին ժամանակներս մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները, անշուշտ, իրենց դերակատարությությունն են ունենում մեր ամենօրյա կյանքի բոլոր ոլորտներում և բնական է ենթադրել, որ երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները իրենց կնիքն են թողել ու շարունակում են թողել կառավարության կողմից տարվող բազմավեկտոր գործունեության վրա:

Թեկուզև առ այս պահը մանրամասն տեղյակ չեմ ԱՀ կառավարությանն առընթեր ներդրումային հիմնադրամում ենթադրվող բարեփոխումների ամբողջական ծրագրին, բայց և այնպես հիմք ընդունելով մինչև այս պահը հրապարակված տեղեկատվությունը, կարելի է միայն ողջունել հույս ներշնչող այն քայլերը, որոնք պետք է կատարվեն հիմնադրամի կողմից՝ հատկապես գյուղական բնակավայրերում բնակարանային շինարարությունը խթանելու, այլ խոսքով՝ գյուղը շենացնելու ուղղությամբ:

Ընդհանրապես այն ամենը, որ այս կամ այն ձևով պետության կողմից ձեռնարկվում են գյուղական կյանքն աշխուժացնելու, գյուղացու սոցիալ-կենցաղային, տնտեսական պայմանները բարելավելու, գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, ողջունելի է և ենթակա՝ խրախուսման:

Այժմ ցանկանում եմ անդրադառնալ մի շարք հարցերի, որոնք կարևոր են ռազմավարական տեսանկյունից՝ երկրի կայունության և զարգացման առումով:

Ամենակարևորը, թերևս, ռազմաքաղաքական նոր իրավիճակում, տարածաշրջանային վերջին զարգացումներն են, որոնց ֆոնի վրա առավել ընդգծելի է դառնում Արցախի անվտանգության և պաշտպանության կարևորությունը: Կարծում եմ, առավել արդիական են դառնալու այս ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվելիք քայլերը և, գտնում եմ, որ բոլոր մտահոգությունները պետք է իրենց անդրադարձը գտնեն 2019թ. պետական բյուջեի նախագծում:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, ցանկանում եմ նշել մի շարք առաջնահերթություններ, որոնք առաջին հերթին պետք է մտահոգեն գործադիրին:

1.Ինչպես կատարվել է ներդրումային հիմնադրամում, նույնանման փոփոխություններ անհապաղ պետք է կատարվեն նաև ԱՀ ԿԱ գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամում, հաշվի առնելով այն պարզ ճշմարտությունը, որ հիմնադրամը իր գործելակերպով անհասանելի է մնում գյուղում բնակվող հողագործին, անասնապահին: Պետությունը գյուղաբնակների համար տնտեսական գործունեությամբ զբաղվելու երաշխիքներ պետք է ստեղծի: Գյուղը գյուղ կդառնա միայն այն դեպքում, երբ գյուղացին բարեկեցիկ կյանքով ապրելու բավարար պայմաններ կունենա:

2.Արցախը իր աշխարհագրական դիրքով, իր բնակլիմայական պայմաններով, իր ջրային և հողային ռեսուրսներով առանձնանում է տարածաշրջանում: Ուղղակի իրատեսական չենք գնահատում մեր բարենպաստ պայմանները և հնարավորինս բավարար չափով չենք օգտագործում եղածը:

Կառավարությունը, հանձինս գյուղատնտեսության նախարարության, ամեն մի տնտեսական տարի պետք է ծրագրավորի, ավելի ճիշտ՝ պլանավորի գյուղմթերքների արտադրության սպառման հարաբերակցությունը: Չափից ավելի տվյալ մշակաբույսի արտադրության չկանխատեսումը մոտակա տարիների կտրվածքով, առանց տեղական վերամշակության ձեռնարկությունների խթանման, ևս անդրադառնալու է տնտեսության զարգացման վրա:

3.Գյուղական համայնքների վարելահողերի տարիներ շարունակ անմշակ լինելու հանգամանքը հասել է վտանգավորության մի այնպիսի աստիճանի, որ հարցականի տակ է դրված նրանց որպես վարելահողերի հետագա գործածությունը: Փաստորեն, հողի մշակը հայտնվելով անօգնական վիճակում, օտարվել է իր իսկ հողակտորից:

Հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ, որոնք այս պահի դրությամբ առկա են գյուղական համայնքների հողօգտագործողների մոտ, գտնում ենք, որ պրոբլեմի լուծման միակ երաշխավորի դերը պետք է ստանձնի կառավարությունը՝ ձեռքի տակ ունենալով նախօրոք մշակված ու մասնագիտական փորձաքննություն անցած ծրագիր: Տեղին ենք համարում նաև նշել, որ փոքր ու միջին չափերի այդ հողակտորների մշակության ամենաարդյունավետ եղանակը կամավորության սկզբունքով գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսությունների կազմակերպման ձևն է: Կառավարությունը սկզբնական փուլում, թեկուզև փորձնական ճանապարհով, պետք է ինքը նախաձեռնի տնտեսվարման այդ հեռանկարային կոլեկտիվ ընկերությունը:

4. Եվ վերջապես ընդհանրապես գյուղատնտեսության ոլորտում հնարավոր է հասնել լուրջ հաջողությունների, եթե բնագավառը պետական բյուջեից ֆինանսվորվի զուտ ըստ ներկայացված ծրագրերի, որոնց մեջ իրենց տեղը կգտնեն մատնանշածս առաջարկությունները ևս»:

aparaj.am

Տպել Տպել