Փաշինյանը չընտրվեց վարչապետ. խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեց

Ավարտվեց վարչապետի ընտրության հարցի քննարկումը: Վարչապետի միակ թեկնածուն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ պատգամավորների 3/5-ի ձայնով առաջադրված Նիկոլ Փաշինյանն է: Նշենք, որ նրա առաջադրումը ձևական բնույթ է կրում:

Նախքան քվեարկությունը Փաշինյանը կատակեց. «Խորհրդարանն ինձ երկու անգամ չի ընտրել վարչապետ, մեկ անգամ ընտրել է: Հուսով եմ` մեկ անգամ էլ չի ընտրի, և հաշիվը կդառնա 3:1»:

Ի դեպ, սա Փաշինյանի 4-րդ առաջադրումն էր վարչապետի թեկնածուի պաշտոնում:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուշեց, որ պետք է չընտրել վարչապետին: «Այնքան կոնստրուկտիվ էին ելույթները, ես վախ ունեցա, որ բոլորդ կընտրեք և գործընթացը կխափանեք»,- ասաց նա:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն, ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ չի մասնակցի քվեարկությանը:

Քվեարկությունից հետո Բաբլոյանն ասաց, որ իրենք հասան իրենց արդյունքին` վարչապետ չի ընտրվել ձայների` կողմ 0, դեմ 0 հարաբերակցությամբ: Փաշինյանի` երկրորդ անգամ չընտրվելով` ԱԺ-ն արդեն իրավունքի ուժով արձակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին:

yerkir.am

Տպել Տպել