Պետության ներքին և արտաքին իմունիտետը և Արցախյան հակամարտությունը

Գևորգ Ղուկասյան

Արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ առանցքային պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, տարածաշրջանային քաղաքական զարգացումները, սահմանային առերևույթ հանդարտությունն աներկբա են դարձնում այն պնդումը, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցային գործընթացը գտնվում է քաղաքական և աշխարհաքաղաքական բոլորովին նոր շրջափուլում: Վերջինի սաղմերն ակնհայտ էին դեռևս տարեսկզբից, իսկ ավելի ցցուն էին դարձել Հայաստանում կատարված իշխանափոխությունից հետո։ Այս պնդումը հաստատող տասնյակից ավելի փաստական հիմքեր կան, որոնցից գուցե բավական է հիշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին ուղղված մի քանի նամակները, որոնցում Թրամփը հույս էր հայտնում առաջիկա ամիսներին հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Ինչևէ, սույն հրապարակման նպատակը ոչ թե բանակցային նոր իրավիճակի արձանագրումն է, այլ այդ իրավիճակին համապատասխան համալիր գործիքակազմին, ասել է թե՝ պետության իմունիտետին, անդրադառնալը։

Պետությունները համազգային կամ բացառիկ նշանակության մարտահրավերներն ընդունում են, առաջին հերթին, պետության հավաքական իմունիտետի հակազդմամբ, որը ներքին և արտաքին բաղադրիչների ներդաշնակ համակցությունն է։ Արցախյան բանակցային գործընթացի բազմաթիվ հանգրվաններում խուսափելին ու վատթարագույնն իրականություն չեն դարձել, հենց այդ հակազդման շնորհիվ։

– Ներքին բաղադրիչ կամ արտաքին ճնշման վերացարկում իշխանության թևերի կամ քաղաքական ուժերի վրա

Հակամարտություններում ներքաշված պետությունների պետական կառավարման կարգը, ներքաղաքական կյանքը, քաղաքական զարգացումների կայունությունը, քաղաքական համակարգի ու մշակույթի կայացվածությունը էական ազդեցություն են ունենում հակամարտությունների կառավարման ու կարգավորման վրա։ Այսպես, փաստ է, որ խորհրդարանական կառավարման համակարգերում, երբ արտաքին քաղաքականության պատասխանատուն գործադիր իշխանությունն է, բայց պետական քաղաքականության ուղեգիծը հաստատում է խորհրդարանը, արտաքին ճնշումը գործադիր իշխանությունը կարող է վերացարկել օրենսդիրի վրա։ Այլ կերպ ասած, գործադիր իշխանության ղեկավարի հանդեպ ճնշում կիրառելն առավել հեշտ ու հավանական է, քան ամբողջ խորհրդարանի, հատկապես, երբ խորհրդարանական աշխատանքն անգամներ ավելի թափանցիկ է, քան գործադիր իշխանության աշխատանքը։ Արտաքին հնարավոր ճնշման ցանկացած պարագայում, կարելի է խաղարկել օրենսդիր-գործադիր հակասություն և հասնել շահեկան իրավիճակի։

Այս դեպքում, նախապայման է խորհրդարանի ճկունությունը, որը պայմանավորվում է բազմակուսակցական համակարգի առկայությամբ։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ իրավիճակ ունենք Հայաստանում այս համատեքստում։ Ինչպես վերը խոսեցինք, ներքաղաքական վերադասավորումները, կուլիսային պայմանավորվածությունները կարող են էապես ազդել արտաքին հարաբերություններում պետության խուսանավելու կարողականության վրա։ Կուսակցությունների կաշկանդումը, նրանց կողմից արտաքին ազդակներին հակազդելու կարողականության անկումը, նրանց դեմ ուղղված շարունակական հակաքարոզը կարող են Հայաստանում ի սպառ բացառել պետության ներքին իմունիտետի կարևոր այս բաղադրիչի գործոնը։

Այսպիսով, միակուսակցական ընդգծված կառավարում ունեցող պետությունները արտաքին ճնշման հանդեպ առավել զգայուն են դառնում, և պատահական չէ, որ Արցախի հարցում արտաքին ազդակները շեշտակիորեն անբարենպաստ դարձան Հայաստանում դեկտեմբերին կայանալիք ընտրությունների խորապատկերում։ Իրական վտանգ կա, որ եթե դեկտեմբերին ձևավորվի միահեծան իշխանություն, այն շատ ավելի խոցելի է լինելու արտաքին ազդակների հանդեպ, ի հակառակ նախորդ, կրկին միահեծան իշխանության, սակայն մի տարբերությամբ։ Նախորդ իշխանության պարագայում, կոալիցիոն կառավարման շրջանակներում, առկա միահեծանությունը արտաքին հարաբերություններում վավերական չէր:

Եվ բնավ պատահական չէ, որ սկսած 2000-ական թվականներից Հայաստանում ձևավորվող կոալիցիաների կարևորագույն նպատակներից մեկը եղել է հենց արտաքին վտանգավոր ազդակներին հակազդելը, իսկ նման վերջին փաստացի կառավարությունը ձևավորվեց խորհրդարանական կառավարմամբ Սահմանադրության ընդունումից հետո և ապրիլյան պատերազմից անմիջապես առաջ․․․․ Գուցե դա միայն ներքաղաքական հաշվարկ չէ՞ր․․․․

– Արտաքին բաղադրիչ կամ դիվերսիֆիկացված և մանևրունակ արտաքին քաղաքականություն՝ ուժեղացված ռազմաքաղաքական բաղադիրչով

Հակամարտություններում ներգրավված պետությունների դիմադրողականության կարևորագույն պայմաններից է արտաքին քաղաքականության կայունությունը՝ կոնկրետ ռազմաքաղաքական բաղադրիչով։ Հայաստանի Հանրապետությունը՝ պայմանավորված ռազմաքաղաքական, տարածաշրջանային և առևտրատնտեսական յուրահատուկ հանգամանքներով, ուղղակի պարտադրված է վարելու բազմակողմ արտաքին քաղաքականություն՝ մոլորակի հիմնական ուժային կենտրոնների միջև հետևողականորեն տարազանելով համագործակցության ծավալներն ու մակարդակները։ Փաստենք, որ նախորդ տարեվերջին Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի ստորագրումն արտաքին քաղաքականության հավասարակշռման լավագույն օրինակներից էր՝ աշխարհաքաղաքական ներկա զարգացումներում ընդհհանրապես:

Ինչևէ, հակամարտություններում ներգրավված պետությունների համար այս խնդիրն առավել քան զգայուն է դառնում, որովհետև մի կենտրոնի հետ հարաբերությունների զարգացումն ի հաշիվ մյուսի կարող է հանգեցնել բարդագույն հետևանքների, հատկապես մեր դեպքում, երբ Արցախյան հակամարտության բանակցային ձևաչափում ընդգրկված երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքն են։

Վերոգրյալի համատեքստում, անհրաժեշտ է օր առաջ հստակեցնել Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու այն առավելագույն կանխատեսելի դարձնել արտաքին հիմնական գործընկերների մոտ, բացառել Հայաստանի՝ աշխարհաքաղաքական հակադրությունների աքցանի մեջ հայտնվելը, որն ուղղակիորեն և միանգամից ազդելու է Արցախյան հակամարտության վրա։
Արցախյան հակամարտության կառավարման կամ կարգավորման գործում, հաջորդ խնդիրն իշխանությունների կողմից հակամարտության կարգավորման հայեցակարգի բացակայությունն է։ Պարզ ասած, գործող իշխանությունները միակն են անկախ Հայաստանի պատմության մեջ, որոնք չեն հռչակել կամ գոնե հանրայնորեն չեն ներկայացրել հակամարտության կարգավորման ծրագիր։ Հարկ ենք համարում հստակորեն ընդգծել, որ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու պահանջը, կամ լուծման այնպիսի տարբերակի հետ համաձայնումը, որը ընդունելի կլինի ՀՀ և ԱՀ բնակչության համար, բացարձակապես հակամարտության կարգավորման հայեցակարգ չէ։

Որպես ամփոփում նշենք, որ վերը հիշատակված մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է ինստիտուցիոնալացված պետության առկայություն և պետական շահը քաղաքականից վեր դասող ազգային ընտրախավի գոյություն։ Ցավոք, մեր իրականությունը շատ ազդակներով սթափ չի արձագանքում ներկա զարգացումներին, բայց գոնե կարելի է հույս փայփայել, որ պետական իշխանությամբ պայմանավորված Հայաստանի և Արցախի՝ մեր միասնական հայրենիքի, ապագայի համար պատմական պատասխանատվության գիտակցումը, կդրդի Հայաստանի իշխանություններին այսրոպեական քաղաքական շահը և հաղթանակի ոչ մշտադալար դափնին գերակա դասել ազգային-պետական շահից: Վերջիվերջո, խաղասեղանին է դրված ամենակարևորը՝ վերջին հազարամյակում մեր ժողովրդի մեծագույն հաղթանակը և վերանվաճված արժանապատվությունը՝ Արցախը:

01.11.2018 Բրյուսել

Տպել Տպել