Իրանը թույլ չի տալիս ԱՄՆ-ի վերադարձը

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները նորություն չեն, այս օրերին Իրանի փողոցներում էլ Միացյալ Նահանգների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներն 40 տարի առաջվանից՝ պատմությունից եկող և «կարմիր թելով» գնացող իրադարձությունների շարունակությունն են:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ դրանց հիմքում ընկած է գաղափարախոսություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը մերժում է ԱՄՆ-ի գերիշխանությունը:

«Ամերիկան վտարվեց այս երկրից․ մի վայր, որն իր ժառանգություն էր համարվում, իր խաղադաշտն էր համարվում և արդեն մոտ 40 տարի է՝ փորձում է վերադարձնել իր կորցրածը, սակայն նրան դա չի հաջողվում: Նորություն չէ այսօրվա իրավիճակը, շարունակական է՝ սկսած պատերազմներով, վերջացրած հարձակումներով, Միացյալ Նահանգները փորձում է վրեժ լուծել և վերադառնալ Իրան, իր ունեցած հնարավորությունները ձեռք բերել, իսկ Իրանի ժողովուրդը պայքարում է դրա դեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ից ԱՄՆ-ի կողմից մեկնարկել է Իրանի նկատմամբ կիրառվող նոր պատժամիջոցների փուլը, որոնք թիրախավորում են Իրանի նավթային, առևտրային ու բանկային ոլորտները:

Նշենք նաև, որ Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին զանգվածային ցույցեր են անցկացվել ընդդեմ Միացյալ Նահանգների: Բողոքի ակցիաներին մի քանի հազար մարդ է մասնակցել:

Ցուցարարները վանկարկել են «Մա՛հ Ամերիկային»: Նրանցից շատերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող պաստառներ են պատրաստել: Ցուցարարներն այրել են նաև Միացյալ Նահանգների պետական դրոշն ու դոլարի թղթադրամները:

Ժորժիկ Աբրահամյանը նկատեց, որ հիմնականում դրսում տպավորությունները ստեղծվում են՝ հիմնվելով ամերիկյան քարոզչամեքենայի տարածած տեղեկատվության վրա:

«ԱՄՆ ցանկանում է վերադառնալ Իրան, սակայն վերջինս նրան դա անել թույլ չի տալիս․ այն սառը պատերազմը, որը երբեմն թեժանում է, գոյություն ունի»,- ասաց նա՝ հավաստելով, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներից ընդհանրապես չի վախենում, քանի որ արդեն 40 տարի է՝ ԱՄՆ-ը նման քաղաքականություն է վարում, իսկ Իրանը սովորել է դրան:

Իրանահայ պատգամավորի խոսքով՝ Միացյալ Նահանգները փորձում է աշխարհին Իրանի դեմ տրամադրել, սակայն դա նրա մոտ չի ստացվելու: «Ամբողջ պատմության ընթացքում Միացյալ Նահանգները մենակ չի եղել, ունեցել է նաև դաշնակիցներ»,- ասաց նա: Հետո հիշատակեց, որ Իրանը տարիներ առաջ աշխարհի հետ Միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեջ մտավ, հայտնեց, որ իր միջուկային գործողությունները միայն խաղարարար են, համաձայնության եկան, որ միմյանց հետ հարաբերություններն ավելի ճիշտ լինեն, սակայն Միացյալ Նահանգները դրժեց այդ համաձայնությունը:

«Պարոն Թրամփը դուրս եկավ այդ համաձայնությունից՝ կրկին հոխորտալով, որ պատժամիջոցներ պետք է կիրառի, և կարծես թե նա այդ միջոցը կիրառում է ամեն պարագայում և ամեն տեղ՝ մտքին ունենալով, որ իրենց այդ քաղաքականությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ Իրանի տնտեսության վրա: Դրա արդյունքում Իրանում ձևավորվում է դիմադրողական շարժումը: Այնպես որ այս պայքարը շարունակվում է»,- ասաց նա:

Իրանը Միացյալ Նահանգների պատժամիջոցներին, ըստ Ժորժիկ Աբրահամյանի, պատասխանում է իր հանդարտ առաջխաղացումով․ քայլ առ քայլ Իրանը ծրագրում է իր ազգային շահերը պարունակող քայլեր և արարքներ, որոնք հաջողությամբ են պսակվում:

Իսկ թե արդյոք հիմա Իրանին պե՞տք են գործընկերներ, աջակիցներ, պատգամավորը պատասխանեց․ «Եթե Իրանի ժողովուրդը շարունակում է իր պայքարը, ժամանակի ընթացքում ձեռք է բերելու դաշնակիցներ, որոնց շահերը չեն համընկնելու Միացյալ Նահանգների վարած քաղաքականության հետ: Այդ պարագայում ԱՄՆ-ը թեև ներուժ է՝ տնտեսական և այլն, չի կարողանա իր տեսակետը պարտադրել Իրանի ժողովրդին: Ինձ թվում է՝ Միացյալ Նահանգների քաղաքականության դեմ պայքարը մի երկարընթաց երևույթ է, որն ի վերջո, հասնելու է եզրագծի, և այդ եզրագիծը Միացյալ Նահանգների պարտությունն է լինելու»,- ասաց նա:

Խոսելով Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների մասին, թե արդյոք վերջինս ակնկալում է առաջինից աջակցություն՝ Ժորժիկ Աբրահամյանը նշեց՝ պետք է նախ հասկանալ, թե ինչ դեր ունի Հայաստանը բանկային, առևտրային «մեծ խաղերում»:

«Այն, որ Հայաստանի դիրքորոշումը միշտ դրական է եղել Իրանի նկատմամբ, արդեն լավ է: Վերջերս Բոլթոնի այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Իրանի հետ հարևան է, շրջափակման է ենթարկված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և Հայաստանը չի կարող խզել իր կապերը Իրանի հետ: Սա արդեն դրական երևույթ է»,- ասաց նա՝ նշելով, որ իրեն թվում է, որ ինչպես անցյալում, այնպես էր հիմա Հայաստանը ճիշտ քաղաքականություն է մշակում, իր շահերով է առաջնորդորվում, իսկ դա ենթադրում է, որ իր հարևանների հետ Հայաստանը լավ հարաբերություններ կհաստատի:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Տպել Տպել