Մեր վիճակը բարդ է. ԱՄՆ-ն կշարունակի ճնշումները ՀՀ-ի վրա՝ Իրանի հարցում

«Իրանի հետ կապված իրավիճակը շատ մտահոգիչ է: Կարծում եմ՝ ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ մեր հարաբերությունները նվազագույնի հասնեն: ԱՄՆ-ն է այդպես որոշել, իսկ թե որքանով է դա արդար, այլ հարց է: ԵՄ, օրինակ չի կիսում ԱՄՆ-ի մոտեցումը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն առանձին է կայացրել այն՝ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործարկված նոր պատժամիջոցներին, ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Կիրո Մանոյանը:

Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-ն չի կարող միաժամանակ գոհացնել ԱՄՆ-ին եւ շարունակել հարաբերություններն Իրանի հետ. «ԱՄՆ-ում հայ համայնքը կարեւոր դեր ունի եւ իշխանությանը պետք է բացատրի, որ ՀՀ-ն այլընտրանքներ չունի տարածաշրջանում: Մենք Իրանի հետ շարունակելու ենք տնտեսական հարաբերությունները: Պարզ է, որ ՀՀ-ն միշտ աշխատել է արտաքին հարաբերություններում չանել այնպիսի քայլ, որն ուղղված կլինի որեւէ մեկի դեմ: Այդ մոտեցումը պետք է բավարարի ԱՄՆ-ին: Իսկապես բարդ է մեր վիճակը, ուստի պետք է սերտացնել տնտեսական հարաբերություններն Իրանի հետ, իսկ ԱՄՆ-ի հետ բացատրական աշխատանք տանել: ԱՄՆ նախագահը պետք է հասկանա, որ ՀՀ-Իրան հարաբերություններն ուղղված չեն ԱՄՆ-ի շահերի դեմ»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայ-իրանական սահմանը հնարավոր է փակվի, Կիրո Մանոյանն ասաց, որ իր համար հասկանալի չէ նման բնորոշումը. «Չեմ կարծում, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունների առկայության պարագայում դա հնարավոր է»:

«Կիսում եմ ՀՀ Պաշտպանության նախարարության մոտեցումը, որ ՀՀ-ն պետք է շարունակի պաշտոնավարել ՀԱԿՊ-ում, բայց վստահ չեմ, որ ՀԱՊԿ մյուս անդամները համակարծիք են՝ հատկապես այն վերաբերմունքի պատճառով, որը մենք ցուցաբերեցինք ՀԱՊԿ-ի հանդեպ: Յուրի Խաչատուրովին կալանավորել, մեղադրանք առաջադրել՝ առանց համապատասխան նախապատրաստական աշխատանքների:
Դա ընկալվեց որպես ՀԱՊԿ-ի հանդեպ վիրավորանք»,- ասաց Կիրո Մանոյանը, անդրադառնալով այն փաստին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել են, իսկ հաջորդ հավանական թեկնածուն է Բելառուսի ներկայացուցիչը:

Ըստ Կիրո Մանոյանի՝ ցավոք, ՀԱՊԿ-ում կշարունակեն իրենց վիրավորված զգալ. «Այդ մոտեցումը ՀՀ-ի հանդեպ կշարունակվի: Նրանք համաձայն չեն լինի, որ ՀՀ-ն շարունակի պաշտոնավարումը»: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Ադրբեջանը հավակնում է ՀԱՊԿ անդամ դառնալ, Կիրո Մանոյանը հիշեցրեց՝ դա հնարավոր չէ, քանի որ ՀԱՊԿ անդամ ՀՀ-ն ունի առարկելու իրավունք. «Ադրբեջանը միշտ էլ կարող է նման փորձեր անել՝ պարզապես ՀՀ-ին անհանգստացնելու նպատակով: Ռուսաստանն էլ, եթե ոչ ՀԱՊԿ այլ անդամներ եւս, շահագրգռված է լինելու՝ փորձել ցույց տալ Ադրբեջանին, որ նա կարող է դառնալ ՀԱՊԿ անդամ»:

Նման պահվածքի նպատակը, ըստ Կիրո Մանոյանի, Ադրբեջանին ռուսական որոշ շահերի օգտին գրավելն է. «Համոզված եմ՝ քանի դեռ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը չի կարող անդամակցել կառույցին: Նա ուղղակի սպառնալիք է մեզ համար, ինչպե՞ս կարող է դառնալ անվտանգությանն առնչվող ՀԱՊԿ-ի պես կառույցի անդամ»:

Օրերս ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց՝ ՀՀ-ն պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ առանց նախապայմանների: Միաժամանակ, Թուրքիան հիշեցրեց իր անփոփոխ մոտեցումը՝ սահմանը կարող է բացվել, եթե Արցախյան հակամարտության համատեքստում ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»:

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Կիրո Մանոյանը նկատում է՝ Փաշինյանը վերահաստատեց, որ ՀՀ-ի կեցվածքը չի փոխվել: «Նրա հայտարարությունից պետք չէ հասկանալ, թե նա այդ հարցում որեւէ նախաձեռնություն իրականացնելու ծրագիր ունի»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը շեշտեց՝ չնայած ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը, Թուրքիան շարունակում է նախապայման առաջադրել, ուստի այս հարցում առաջ շարժվելու տեղ չկա. «Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, այդ պատճառով Ղարաբաղի հարցը չի կարգավորվում: Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն առանց նախապայմանների, դա իսկապես կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Դա կստիպի Ադրբեջանին՝ լինել պակաս կամակոր եւ բանակցել»:

Yerkir.am-ը հետաքրքրվեց` արդյո՞ք Իրանի քաղաքականությունը փոխվել է Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով հոկտեմբերի 30-ին Ստամբուլում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն ու համատեղ հայտարարությունը: Ի պատասխան Մանոյանը նշեց, որ երեք պետությունների արտգործնախարարների հայտարարության մեջ խոսք չի եղել ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի մասին: «Առաջին անգամ չէ, որ Իրանը կողմ է քվեարկել Ղարաբաղի մոտեցումներին կամ Ղարաբաղի շահերի դեմ բանաձևի, բայց դա իրականում չի դրսևորվել Իրանի քաղաքականության մեջ: Այս պահին այլ մտահոգություն կա. Իրանը՝ որպես պետություն, ոչ թե իր կեցվածքն է փոխել, այլ Իրանի ներսում կան խմորումներ, որոնք առնվազն պետք է մտահոգեն մեզ: Իրանի ներսում այսօր ոչ միայն պանթյուրքիստներն են, որ սկսել են խոսել Ղարաբաղի հարցի, իրավունքների դեմ՝ փորձելով պաշտպանել Ադրբեջանին: Սա դրսևորվում է տարբեր ձևերով, և ինչքան էլ իշխանությունների մեկ թևը փորձում է նման նախաձեռնությունների առաջն առնել, այդ խմորումները փաստ են»,- ասաց նա:

Մանոյանի խոսքով՝ այդ խմորումների առկայության պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ դրանց միջոցով Իրանի կառավարման համակարգից ոմանք ցանկանում են սիրաշահել Ադրբեջանին, սակայն իրականում դա չի ստացվի:

Ըստ նրա՝ Ադրբեջանին սիրաշահել այս պայմաններում, երբ ԱՄՆ-ի հետ էլ շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանը, չի ստացվի: «Ադրբեջանի վարած քաղաքականությունն Իրանի շահերին դեմ է, դրա համար էլ Իրանի կողմից որևէ նման քայլ չի կարող այնքան շահագրգռել Ադրբեջանին, որ նա իր քաղաքական ուղղությունը փոխի: Ադրբեջանը կարող է ցույց տալ, որ գոհ է Իրանի՝ նման քայլերից, բայց իր քաղաքականությունն Իրանի դեմ չի փոխի: Սա մեզ համար մտահոգիչ է, քանի որ խմորումները հենց երկրի ներսում են»,- նշեց Մանոյանը:

Տպել Տպել