«Տարածքներ` խաղաղության դիմաց» ավելի շատ պատերազմի է դրդելու

Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի կարծիքով, հողեր վերադարձնելու մասին ամերիկյան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտնի հայտարարությունները պետք է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների ֆոնին: Մեր զրուցակցի խոսքով.

«ԱՄՆ-ն փորձում է ցույց տալ, որ հետեւողական է լինելու, որպեսզի Արցախի հիմնահարցը լուծվի ի նպաստ Ադրբեջանի»

– ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի, առավել եւս՝ ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով ազգային անվտանգության խորհրդականի` Բոլթոնի հայտարարությունները պատահական չեն: Ըստ իս, այդ ամենը պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների խորապատկերի վրա, որովհետեւ անկհայտ է, որ ԱՄՆ-ն նպատակ ունի հնարավորինս դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից եւ իր ազդեցության գոտի բերել տարածաշրջանը: Մյուս կողմից, այստեղ որոշակի դերակատարություն ունի նաեւ Իրանի վրա եղած ճնշումները, եւ նախատեսվող հետագա ճնշումների խորացման հանգամանքը: ԱՄՆ դեսպանն Ադրբեջանին հասցեագրված` ականջ շոյող հայտարարություններ է անում: Միացյալ Նահանգները փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանի համար շարունակում է լինել բարեկամ երկիր եւ հետեւողական է լինելու, որպեսզի Արցախի հիմնահարցը լուծվի ի նպաստ Ադրբեջանի: Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների իշխանությունները պետք է այս հարցում ցուցաբերեն կոշտ դիրքորոշում, քանի որ «ազատագրված տարածքներ` խաղաղության դիմաց» տխրահռչակ բանաձեւն ավելի շատ պատերազմի է դրդելու, քան` խաղաղության: Իսկ պատերազմից կտուժի ոչ միայն ՀՀ-ն եւ արցախահայությունը, այլ նաեւ տարածաշրջանի երկրները, որովհետեւ գերտերությունների շահերի կիզակետում ենք գտնվում: Ինձ թվում է, որ ՀՀ ղեկավարները պետք է լուրջ վերաբերեն այդ հայտարարություններին:

– Պարոն Բալայան, ըստ էության, այս պահին բանակցային գործընթացը սառեցված վիճակում է, եւ ինչպես ասում են` եթե չկա երկխոսություն, ապա դրան հաջորդող քայլը միշտ պատերազմն է: Արցախը նման մտավախություն ունի՞:

– Իհարկե, ավելի լավ է բանակցել, քան՝ պատերազմել: Սակայն պետք է ասենք, որ այստեղ կա օբյեկտիվ պատճառ, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, եւ այժմ երկու կողմերի մոտ իրար ուսումնասիրելու փուլ է սկսվել: Այս համատեքստում, չեմ կարծում, որ պետք է ակտիվ գործընթացներ սկսվեին: Ըստ իս, միջնորդ երկրները նույնպես այս տեսանկյունից են հարցը դիտարկում: Բոլոր դեպքերում, Արցախի հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը բանակցություններն են:

iravunk.com

Տպել Տպել