- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Պատժամիջոցներ, Իրան, ԱՄՆ. անորոշ ելքով մեծ պարտիայի մեկնարկը տրված է

Նոյեմբերի 5-ին Թեհրանում վաղուց էին սպասում: Դեռեւս գարնան սկզբին Իրանի իշխանությունների համար հստակ էր, որ Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու մասին նախագահ Թրամփի որոշմանը հետեւելու է հակաիրանական պատժամիջոցների նոր փուլ, որին անհրաժեշտ է նախապատրաստվել:

Այնպես որ` նոյեմբերի 5-ն անակնկալի չբերեց ոչ երկրի իշխանություւններին, ոչ էլ հասարակությանը: Այս հանգամանքը հիմնականում պայմանավորված էր կառավարության նախաձեռնած որոշակի քայլերով, որոնք կոչված էին շուկայում եւ հասարակության շրջանում հետպատժամիջոցային առաջին շոկը եւ ցնցումները նվազագույնի հասցնելու:

Սա, իհարկե, դեռ սկիզբն է: Գլխավոր ինտրիգն, անշուշտ, այնտեղ է, թե Իրանի կառավարությանը կհաջողվի՞ արդյոք պահպանել տնտեսական հարաբերական կայունությունը՝ հնարավոր ցնցումները նվազագույնի հասցնելով, թե՞ ոչ: Հարցին պատասխանելու համար առաջին հերթին անհրաժեշտ է նախ ծանոթանալ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին, պարզել, թե դրանք տեսանելի ապագայում ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ իրանական տնտեսության վրա:

Պատժամիջոցների առանցքն Իրանի տնտեսության ողնաշարը՝ նավթարդյունաբերության ոլորտն է: Դրանց վերջնանպատակը Իրանի նավթի վաճառքը զրոյի հասցնել է: Այդ նպատակով էլ թիրախում են հայտնվել բոլոր այն կառոյցները, որոնք ուղղակիորեն կոչված են սպասարկելու նավթարդյունաբերությունը`բանկային համակարգը, օդային եւ ծովային տրանսպորտը: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Իրանի գրեթե բոլոր բանկերն ու ֆինանսական կենտրոնները, գլխավոր ավիափոխադրողը՝ Iran Air ավիաընկերությունը, եւ ծովային բեռնափոխադրումների «Իրանի Իսլամական Հանրապետության նավային բեռնափոխադրումներ» (IRISL), նավթային տրանսպորտային հսկա` «Իրանական ազգային տանկերային ընկերություն» (NITC) կազմակերպությունները։ Ցուցակում ընդգրկվել են նաեւ IRISL-ի 65 դուստր-ընկերությունները եւ նրանց հետ կապված անձինք։ Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ ֆիննախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավելի քան 700 ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, օդային եւ ծովային նավերի դեմ։

Հենց այս հանգամանքն էլ փորձագետներին ստիպում է ամենալավատեսական սցենարների դեպքում անգամ խիստ զգուշավոր մոտեցում դրսեւորել, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով, ԱՄՆ պատժամիջոցների նկատմամբ Իրանի տնտեսության, այսպես կոչված, իմունիտետի հզորության նկատմամբ: Չմոռանանք, որ ԱՄՆ պատժամիջոցների առաջին փուլի գործադրումից հետո, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, իրանական ազգային արժույթը՝ ռիալը, արժեզրկվել է միանգամից 70%-ով, իսկ սղաճի ցուցանիշն աճել է՝ հասնելով 40%-ի: Հենց սա էլ կտրուկ նվազեցրել է հասարակության գնողականությունը՝ լուրջ դժգոհությունների պատճառ դառնալով:

ԱՄՆ նպատակը միանշանակ է` արտաքին եւ ներքին ճնշումների, տնտեսական փլուզման արդյունքում հասնել Իրանի վարչակազմի քաղաքականության` 180 աստիճանով շրջադարձի:

Բայց սա դեռ միայն ԱՄՆ-ի ցանկությունն ու մեդալիոնի ընդամենը մեկ կողմն է: Մյուս կողմն, անշուշտ, Իրանի ցանկությունն ու պատժամիջոցների դեմ պայքարելու հնարավորությունն է:

Չմոռանանք, որ նոյեմբերի 5-ին, ԱՄՆ պատժամիջոցներին ընդառաջ իր ելույթում, նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ պաշտոնական Թեհրանը շրջանցելու է ԱՄՆ պատժամիջոցներն ու շարունակելու է վաճառել իր նավթը: Ոչ պակաս ուշագրավ ու կարեւոր էր նաեւ նրա ելույթի այն հատվածը, որում նա հստակորեն խոսեց Իրանի քաղաքական հաղթանակի մասին:

Հարց է առաջանում` ինչո՞վ էին պայմանավորված նախագահ Ռոհանիի նման հայտարարությունները: Հակընդդեմ ի՞նչ խաղաքարտեր է փորձում խաղարկել Իրանը:

Պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությանը զուգահեռ` Վաշինգտոնում հայտարարեցին, որ դրանք ժամանակավորապէս չեն վերաբերի Հունաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Թուրքիային, Հարավային Կորեային, Ճապոնիային, Չինաստանին եւ Թայվանին: Սա հենց այն կարեւոր գործոնն է, որը Թեհրանն համարում է իր գլխավոր հաղթաթուղթը՝ պատժամիջոցները շրջանցելու համար:

Սրանից բացի, չպետք է աչքաթող անենք կարեւոր եւս մեկ հանգամանք. Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները միանշանակորեն ագրեսիայի դրսեւորում են, որոնք որոշակիորեն հարվածում են նաեւ ԱՄՆ դաշնակիցների անմիջական շահերին: Դրանք ազդում են Թեհրանի հետ համագործակցող բոլոր երկրների եւ ընկերությունների շահերին, իսկ քիչ չեն հատկապես արեւմտաեվրոպական այն ընկերությունները, որոնք չեն ցանկանում զրկվել Իրանի խիստ հեռանկարային եւ շահութաբեր շուկայից:

Գրեթե միջազգային ցանկացած կազմակերպություն կամ ընկերություն այս կամ այն կերպ համագործակցում է ԱՄՆ-ի հետ, ուստի նման պատժամիջոցները պարզապես մարտահրավեր են նետում ԱՄՆ-ի գործընկերներին, իսկ Թեհրանը խիստ ռիսկային խաղադրույք է կատարել նաեւ այս գործոնի վրա: Վաշինգտոնը տեսանելի ապագայում նման վարքագծով կարող է կորցնել իր դաշնակիցների վստահությունը: Գործընթաց, որի մեկնարկն արդեն ուրվագծվում է:

Այս բարդ պայմաններն էլ խիստ անկանխատեսելի են դարձնում հակադիր երկու կողմերի՝ ԱՄՆ-ի եւ Իրանի համար անորոշ ելքով ձգվող այս հակամարտություւնը:

Մնում է հուսալ, որ հակամարտության մաշողական ընթացքը կողմերին կստիպի վերջապես առանց նախապայմանների մոտենալ բանակցությունների սեղանին: Դա միանշանակորեն բխում է երկու պետությունների անմիջական շահերից: Չմոռանանք, որ Իրանին իր կաթվածահար տնտեսությունը ոտքի հանելու, վաղուց արդեն մաշված ենթակառուցվածքներն արդիականացնելու եւ տնտեսական կայուն զարգացման պայմաններ ապահովելու համար օդի ու ջրի պես անհրաժեշտ է արտասահմանյան կապիտալի ներգրավումը, ինչը գրեթե բացառված է ներկա պայմաններում: Իսկ տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորումն էլ ԱՄՆ-ի համար բացառված է առանց Իրանի անմիջական եւ ներգործուն մասնակցության:

Արամ Շահնազարյան

«alikonline»-ի պատասխանատու խմբագիր