Դեկտեմբերյան ընտրություններն ու մեծ սխալը

Որ ժողովրդային շարժման արդյունքները թելադրում էին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, կարծեք, ոչ ոք չէր ընդդիմանում: Բայց, հատկապես ի՞նչ նպատակով և ինչպե՞ս պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեին, այսօր էապես անտեսվել է: Այս առումով, հանրային մտայնության մեջ մնացել է միայն հնի մերժումն ու Փաշինյանի իշխանության ամրապնդումը. նոր իշխանությունը, հանուն շուտափույթ և հնարավորինս շատ ձայների ու աթոռների, զոհեց հավասար հնարավորությունների ապահովումն ու ընտրական օրենսգրքի բարելավումը՝ վերջինի առումով խաղարկելով կիսատ-պռատ ճիգեր, որոնց իրագործումը կարող էր ավելի խաթարել ժողովրդավարությունն ու ընտրական համակարգը: Սա մեծագույն սխալ էր, որ արդեն անխուսափելի ընթացքի մեջ է՝ պարտադրված Փաշինյանի կողմից: Եվ այս սխալը կարող է հանգեցնել նոր քաղաքական անկայունության:

Վերհիշենք ոչ հեռու անցյալի խոստումներն ու ծրագրերը՝ հնչեցված ամենաբարձր ամբիոններից ու, հիմնականում, ամրագրված կառավարության ծրագրում:
ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման առաջին փաստարկն այն էր, որ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում հանրային իրական տրամադրությունները և դա խոչընդոտ է արդյունավետ կառավարման և երկրի զարգացման համար:

Երկրորդ կարևոր, փաստարկն այն էր, որ 1991-ից հետո Հայաստանում ընտրությունները անցել են խախտումներով, ճնշումներով, կաշառքով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ և այլ արատավոր միջոցներով, ինչը խաթարել է հանրության վստահությունն ընտրությունների և իշխանության հանդեպ: Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է վերականգնել այդ վստահությունը՝ անցկացնելով ազատ, արդար, օրինական ընտրություններ:

Երրորդ նպատակադրումը՝ ընտրական օրենսգիրքի բարելավումն էր, որ կնպաստեր ավելի լավ որակի ընտրությունների կայացմանը: Մասնավորապես, անձերի միջև պայքարը՝ տարածքային ռեյտինգային համակարգով պայմանավորված, պետք է վերացվեր՝ դուռ բացելով քաղաքական ուժերի և նրանց ծրագրերի մրցապայքարի համար:
Չորրորդ կարևոր պայմանը՝ քաղաքական ուժերին բավարար ժամանակ հատկացնելն էր, որ մեղմվեր հեղափոխական զգացմունքայնությունը, իսկ կուսակցությունները պատրաստ լինեին նոր ընտրություններին՝ ունենալով հավասար հնարավորություններ:

Հինգերորդ կարևոր քայլը՝ սուպերվարչապետական լիազորությունների թուլացումն էր, մասնավորապես ոստիկանությանը հաշվետու դարձնելը ԱԺ-ին. սա ոստիկանության համար կապահովեր առավել անաչառ դիրքորոշում և կսահմանափակեր գործող վարչապետին՝ ընտրությունների ընթացքում չարաշահել լծակները:
Վերջապես, վեցերորդ պայմանն այն էր, որ ընտրությունները տեխնիկապես կազմակերպվեին ավելի լավ, ցուցակները լինեին ավելի մաքուր, բացառելով կրկնաքվեարկությունները, բացակաների քվեարկության դեպքերը՝ բարձրացնելով գործընթացների թափանցիկության մակարդակը:

Եվ այս ամենի իրագործման համար, որպես տրամաբանական ժամկետ, սահմանվեց մինչև մեկ տարին:

Երևանի ավագանու ընտրություններից հետո, վարչապետ Փաշինյանը առաջադրեց նոր մոտեցումներ, մասնավորապես՝ ԱԺ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու պահանջով, բերելով 3 հիմանակն փաստարկ.

1. Երևանի ավագանու ընտրությունները, ըստ վարչապետի, ցույց տվեցին, որ ժողովուրդը պահանջում է ընտրություններն ավելի շուտ անցկացնել և ձգձգելու որևէ լուրջ պատճառ չկա,

2. Հայաստանի տնտեսական զարգացման համար այս ընտրությունների շուտափույթ անցկացումը չափազանց կարևոր է, քանզի ներդրողները պետք է իրենց ավելի շուտ վստահ ու պաշտպանված զգան,

3. Հին «սև» և «հակահեղափոխական» ուժերը կարող են ամեն պահի դավադրական քայլեր իրականացնել՝ վտանգելով «հեղափոխական» իշխանության գործունեությունը, ամրապնդելու իրենց դիրքերը:

Այսպիսով, ընտրություններն ու դրանց արդյունքները պետք է լինեն հեղափոխության հռչակած սիրո և համերաշխության հերթական արտացոլանքը:

Նկատենք, որ հանրային վստահություն վայելող խորհրդարանի ձևավորումը՝ արդար և օրինական ընտրությունների միջոցով, հիմնական նպատակ են: Սակայն, հնարավո՞ր է «անբացատրելի» շտապողականությամբ իրագործել դեպի այդ նպատակ տանող քայլերը, թե՞ կունենանք մի նոր պյուռոսյան հաղթանակ՝ դուռ բանալով նոր ցնցումների համար:
Ընտրությունների ժամկետը արհեստականորեն առաջ բերելը բացառեց նշված գրեթե բոլոր նպատակադրումների իրականացումը.

1. ընտրական բարեփոխումները հնարավոր չէր լիարժեք կատարել այս ժամկետում, հետևաբար ավելի լավ համակարգով չենք գնում ընտրությունների.

2. եթե նույնիսկ խորհրդարանն ընդուներ մասնակի ընտրական փոփոխությունները, ապա դրանց կիրարկումը կլիներ անարդյունավետ. քաղաքական ուժերն ու ընտրական համակարգը ուղղակի չէին կարող պատրաստ լինել այդ փոփոխություններին: Դա նման կլիներ գնացքի գծերի փոփոխությանը՝ գնացքի ընթացքի պայմաններում,

3. քաղաքական դաշտի անկայությունության պայմաններում շուտափույթ ընտրությունները կհանգեցնեն հանրային ակտիվ մասի մասնակցությանը՝ ի մերժում հին իշխանության, իսկ նոր իշխանություններից դժգոհ բնակչությունը, էապես կարող է մեկուսանալ՝ խուսափելով հրապարակայնորեն դեմ գնալ նոր ռեժիմին,

4. սուպերվարչապետական լիազորություններից նոր իշխանությունները չեն ցանկանում հրաժարվել նախընտրական փուլում՝ հակասելով իրենց իսկ պահանջներին: Այդ լիազորություններն անհրաժեշտ են Փաշինյանին՝ երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար:

Ստացվում է, որ այս ընտրությունները՝

1. լիարժեք չեն արտացոլի հանրային իրական տրամադրությունները, քանզի ընթանում են ոչ թե համերաշխության, այլ՝ մերժման մթնոլորտում,

2. քաղաքական ուժերը մրցապայքարին կմասնակցեն անհավասար պայմաններում՝ ժողովրդային ալիքի չմարած հորձանուտում,

3. նոր ձևավորված իշխանությունը կարող է ունենալ պյուռոսյան հաղթանակ՝ շատ քվեներ, որոնք արագ կարող են վերածվել մեծ հիասթափության: Եվ կարճ ժամանակում կարող է նոր խորհրդարանն էլ չարտահայտել հանրության իրական տրամադրությունները,

4. ստեղծված իրավիճակը կարող է դուռ բացել նոր մենիշխանության համար՝ հրապարակի իշխանության լոզունգների ներքո (բոլոր մենիշխանությունները հաստատվել են ժողովրդի անունից և «ժողովրդի համար»).

5. քաղաքական կուսակցությունները, իրենց ուժերը վերականգնելուց հետո, կարող են հայտ ներկայացնել՝ արտահերթ խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու պահանջով. նրանց հակազդեցությունը կարող է լինել համարժեք, իսկ հրապարակը՝ թեքվել նրանց կողմ:

Պատկերավոր ասած՝ ժողովրդային շարժումը Հայաստանի քաղաքական դաշտին նոկաուտ հասցրեց, տապալեց գետնին և հիմա նոր հարվածներ է հասցնում: Օբյեկտիվորեն, նոր հարցեր են առաջ գալիս. բացի Փաշինյանից ու նրա աջակիցներից է՞լ ում է անհրաժեշտ, որ Հայաստանում ընտրություններն անցնեն այսպիսի պայմաններում: Արդյո՞ք դրանք կապված չեն Իրանի ու Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների նոր ալիքի հետ: Արդյո՞ք սա Իրանի ու Ռուսաստանի շուրջ օղակի նոր սեղմման քայլ չէ: Արդյո՞ք Արցախի հարցի շուրջ սա նոր գործիք չէ ու ճնշում՝ գնալու զիջումների: Հայաստանի քաղաքական դաշտն ու պետական համակարգը ցնցումների մեջ են, Փաշինյանի բարձր հեղինակութանն ուղիղ բացասական համեմատական են պետական համակարգի անարդյունավետ աշխատանքն ու կադրային քաղաքականությունը: Այս ցնցումային վիճակում հանպատրաստից ընտրությունները որքանո՞վ կնպաստեն երկարաժամկետ կայունությանը և արդյո՞ք կստեղծվի ներքաղաքական համերաշխություն, ինչպես խոստացվել էր:

Ցավոք, արտահերթ ԱԺ ընտրություններում ավելորդ շտապողականությունը կարող է ոչ հեռու ապագայում հանգեցնել նոր անկայունության և սա է դեկտեմբերյան մեծ սխալը, որն արդեն ճամփա է ընկել՝ դառնալով պարտադրանք բոլորիս համար:

Արտակ Սարգսյան

Տպել Տպել