- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հանդիպումներ Վազգենաշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում

Նոյեմբերի 8-ին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Վազգենաշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում:

Դրանց ընթացքում պատգամավորը ընտրողներին է ներկայացրել ԱՀ ԱԺ-ում «Դաշնակցություն» խմբակցության կատարած աշխատանքները օրենսդրական դաշտում, միջխորհրդարանական կապերի ամրապնդման ոլորտում, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅԴ ծավալած աշխատանքները:

Դավիթ Իշխանյանը հանդիպումը կարևորել է այն առումով, որ մոտենում է 2019 թ. պետական բյուջեի քննարկումը ԱՀ ԱԺ-ում և պետք է օգտագործել համայնքներում առկա կարևոր խնդիրները բյուջեում արտացոլելու հնարավորությունները:

Համայնքների բնակիչների կողմից բարձրացված խնդիրներից էր խմելու ջրի և ոռոգման համակարգի ապահովման հարցը, Հարավ-Ավդուռ-Մյուրիշեն ճանապարհի բարեկարգումը, «ԱրցախԷներգո» ՓԲԸ-ի կողմից հոսանքի ոչ բավարար մատակարարումը, երիտասարդ ընտանիքներին բնակարանային ապահովումը, Արցախյան պատերազմի ժամանակ հրետակոծության հետևանքով վնասված տների վերանորոգման հարցերը:

Բնակիչների կողմից հատուկ ահազանգ է հնչեցվել «ԱրցախԳազ» ՓԲԸ կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում տեխնիկական սպասարկման ծառայության վճար սահմանելու մասին կայացված որոշումը:

Բարձրացված մի շարք հարցերի պատգամավորը տեղում տվել է սպառիչ պատասխաններ:

aparaj.am