Պետական հատվածում աշխատատեղերի կրճատո՞ւմ, թե աշխատավարձի բարձրացում

2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներից ակնհայտ էր, որ օրվա իշխանությունները ևս շարունակում են լիարժեք կիսել նախկինների հիմնական մոտեցումները, որոնք վերաբերում են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության և աշխատանքի արդյունավետության խնդիրներին:

Պետք է փաստենք, որ պետական կառավարման համակարգի տեսանկյունից այդ մոտեցումներն ունեն բացառապես նոելիբերալ գաղափարական հենք և պետական ծախսերը կրճատելու առաջնային նպատակ:
Այսպիսով, պետությունը ևս մեկ քայլով հեռանում է իր սոցիալական դերակատարումից և նվազեցնում է դրական պարտավորությունները՝ հույսը դնելով շուկայի անտեսանելի ձեռքի կարգավորման վրա:
Այս մոտեցումների հիմնական իմաստը հետևյալն է՝ առաջնահերթ դիտարկել աշխատավարձին ուղղվող պետական ծախսերի կրճատումը, ինչին կարելի է հասնել պետության գործառույթները մասնավոր հատվածին պատվիրակելով: Սա էլ իր հերթին «լավ առիթ» ու «հիմնավորում» կդառնա պետական հիմնարկների կամ դրանց առանձին ստորաբաժանումների, պետական հատվածում աշխատատեղերի էական կրճատման համար, ասենք օրինակ՝ 30-40 տոկոսով: Իսկ խնայվող միջոցների ընդամենը մի մասը կուղղվի աշխատավարձերի բարձրացմանը, ասենք օրինակ՝ մինչև 10 տոկոսը:

Արդյունքում կձևավորվի «կարևորը»՝ խնայողություն, և այսքան սպասված՝ աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարելու հնարավորություն: Իսկ կրճատված աշխատողներն էլ թող իրենց զբաղվածության խնդիրները լուծեն աշխատաշուկայում, աշխատանք գտնեն մասնավոր հատվածում:

Հանրության տեսանկյունից ամեն ինչ կարծես թե հասկանալի կլինի և դուրեկան, իսկ իշանության համար քաղաքական առումով՝ շահեկան:

Բայց դա միայն առաջին հայացքից է և թվացյալ:

Նախ, համոզված ենք, որ պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ֆինանսական արդյունավետությունը չպետք է հակադրվի պետական կազմակերպությունների կողմից պետությանը վերապահված գործառույթների անմիջական իրականացման հետ:

Չպետք է անվերապահ, առանց երկարաժամկետ ու խորքային գնահատումների կիրառվի պետական առանձին գործառույթների ամբողջական կամ մասնակի պատվիրակումը մասնավորին, և սրանով չպետք է առաջնային կերպով թիրախավորվեն պետական հատվածի աշխատատեղերը՝ էական կրճատումների քաղաքականությամբ:

Պետական պատվեր ստացած մասնավոր կազմակերպությունները ևս կարող են գործել անարդյունավետ և այս պարագայում ևս առկա են բազմաթիվ ռիսկեր, քանի որ կազմակերպության սեփականության ձևը և կառավարման արդյունավետությունը չի կարելի նույնացնել: Տնտեսապես անարդյունավետ կարող են լինել և՛ պետական, և՛ մասնավոր կազմակերպությունները, եթե կառավարիչներն ապաշնորհ են, և՝ հակառակը: Դրա բազմաթիվ օրինակներն ունենք մեր երկրում: Դա է վկայում նաև միջազգային դրական փորձը:

Մյուս կողմից՝ չպետք է որևէ կերպ ընդհանրացվի և թերագնահատվի պետական հատվածի աշխատատեղերի կրճատման ուղղակի և էական ազդեցությունը երկրում առկա սոցիալական խնդիրների խորացման տեսանկյունից:

Այսպես. գործազրկության պահպանվող բարձր մակարդակն անցել է 20 տոկոսի սահմանը, աղքատության ցուցանիշը հասել է 30 տոկոսի, իսկ պետական հատվածում երկար տարիներ աշխատած անձինք հիմնականում ունեն ավելի ցածր մրցունակություն աշխատաշուկայում և նրանց հիմնական մասը միակ աշխատողն է ընտանիքում: Այս պայմաններում ակնհայտ է, որ հաստիքի կրճատման արդյունքում աշխատանքը կորցրած պետական աշխատողների հիմնական մասը դառնալու է երկարատև գործազուրկ կամ մեկնելու է արտագնա աշխատանքի, իսկ նրանց ընտանիքները կհամալրեն սոցիալական նպաստ ստացող ընտանիքների շարքը, ասենք օրինակ՝ շուրջ 100 հազար նպաստառու ընտանիքների թիվը դարձնելով 150 հազար:

Փաստորեն, աղքատության հաղթահարման համար վերջերս հռչակված՝ «նպաստից դեպի աշխատանք և աշխատավարձ» սկզբունքի փոխարեն այս մոտեցման արդյունքում իրականում գործելու է ուղիղ հակառակ՝ «աշխատանքից դեպի նպաստ» սկզբունքը:

Ընդհանուր առմամբ, դեմ լինելով այս մոտեցմանը, նախ գտնում ենք, որ եթե նույնիսկ կոնկրետ աշխատատեղի կրճատումը խիստ հիմնավոր է տնտեսական արդյունավետության տեսանկյունից և անխուսափելի է, ապա դա պետք է կատարվի անհատական մոտեցմամբ: Յուրաքանչյուր կրճատվող աշխատատեղը զբաղեցնող պետական աշխատողի համար պետք է պետական աջակցությամբ ապահովվի հարմար աշխատանք, որից հետո նոր լուծվի նրա աշխատանքային պայմանագիրը:

Այնուհետև, պետական կառավարման համակարգում, արդյունավետության և աշխատավարձերի բարձրացման համար առաջնային պետք է դիտարկվի ոչ թե աշխատավարձերի ֆոնդերին ուղղվող միջոցների կրճատումը, այլ մի շարք ուղղություններով առկա անարդյունավետ ծախսերի կրճատումները՝ պետական գնումներ, արտասահմանյան գործուղումներ, ծառայողական ավտոմեքենաներին ուղղվող ծախսեր, տարբեր բնույթի ներկայացուցչական ծախսեր և այլն:

Պետական գործառույթների պատվիրակումը մասնավորին և պետական կազմակերպությունների կամ դրանց առանձին ստորաբաժանումների լուծարումը, ի վերջո հաստիքների կրճատումը, պետք է իրականացվի խորքային վերլուծությունների, լիարժեք հաշվարկների ու իրատեսական կանխատեսումների արդյունքում:

Եվ չստացվի այպես, որ այս կրճատումներով ակնկալվող որոշակի խնայողություններից ավելի շատ ծախսվի հետագայում դրա հետեւանքով առաջացող մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար, միևնույն ժամանակ խորանան սոցիալական լարվածությունն ու գործազրկությունը, շարունակվի պետության սոցիալական դրական պարտավորությունների կրճատումը և ավելանան դրանց կատարման արդյունավետության ռիսկերը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Թադևոս Ավետիսյան

Տպել Տպել