Այլևս չենք լինի այն կոալիցիաներում, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունել

Ժողովուրդը Դաշնակցության կարիքը միշտ ունի, որպեսզի առնվազն զերծ պահի երկիրն ինչ-որ անորոշ ապագայից, ցնցումներից: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Այսօր ապագայի նկատմամբ անորոշությունը շատ մեծ է, և ազգային արժեքների պահպանման հարցում Դաշնակցության դերակատարությունը մեծ է: Ես ասել եմ` Դաշնակցության գոյությունը պայմանավորված չի լինելու այս ընտրությունների արդյունքներով: Դաշնակցությունն, անկախ ամեն ինչից, եղել է, կա ու կլինի, քանի այս ազգային խնդիրները չեն լուծվել: Մյուս կուսակցությունները պետք է մտածեն, որ եթե հանկարծ իշխանությունը կորցնեն, կպահպանվե՞ն, թե՞ ոչ, ընտրություններում ձախողվեն, այլևս կմնա՞ն, թե՞ ոչ: Դաշնակցությունն այդպիսի խնդիր չունի»,- շեշտեց նա:

Ռուստամյանն ասաց, որ մարդիկ կան, որ դեռ ազդված են 70 տարիների հակադաշնակցական քարոզչությունից: «Դաշնակցությունը ներկայացվել է որպես դավաճան, որպես հողեր տվող և այլն: Ինչ ասես, ասել են: Այնպիսի մթնոլորտ են ձևավորել Դաշնակցության շուրջ, որ մարդկանց հետ խոսում ես ու զարմանում, որ մարդիկ այդ ազդեցության տակ են դեռ: Ֆիլմերը նայեք` ինչեր են ցույց տալիս»,- նշեց նա:

Հարցին` այդ անվստահությունը ՀՅԴ-ի քայլերի պատճառով չէ՞, Ռուստամյանը պատասխանեց. «Ցանկացած կուսակցություն, թեկուզ` 128 օրական լինի, տեսեք, թե քանի սխալ թույլ կտա: Բա Դաշնակցությունը 128 տարի գործել է: Իհարկե, եղել են նաև սխալներ»:

Ըստ նրա` հիմնական սխալներից մեկն այն է, որ ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել, որտեղ վճռորոշ ձայն չի ունեցել: «Չէր կարելի կոալիցիա կազմել, որտեղ կարող են առանց քեզ որոշումներ կայացնել: Դրա պատճառով մենք չենք կարողացել լիարժեք լուծել մեր առջև դրված խնդիրները: Հիմա այդպիսի բան չի կրկնվի»,- վստահեցրեց Ռուստամյանը:

Հարցին` վերջին կոալիցիա՞ն նկատի ունի, նա պատասխանեց` բոլորը: «Վերջինը մի քիչ տրամաբանություն ուներ: 3/5-ի պահանջ կար, առանց մեզ չէին կարողանում ձևավորել այդ 3/5-ը: Երբ սահմանադրական օրենքներ պետք է փոխվեին, այդ ժամանակ առանց ՀՅԴ-ի չէին կարողանում` այդտեղ դերակատարություն կար: Բայց մնացած հարցերում դերակատարությունը եղել է ՀՀԿ-ինը, մեր դերը վճռորոշ չի եղել»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ եթե իրենք չեն ունենալու վճռական ձայնի իրավունք և առանց իրենց կարող են որոշումներ կայացնել, այդպիսի դաշինքների, միությունների մեջ չեն մտնելու:

ՀՅԴ նախընտրական ցուցակներն ամբողջությամբ կհրապարակվեն վաղը, տեղեկացրեց Արմեն Ռուստամյանը: «Հիմնականում ռեյտինգային ցուցակներն են դժվարացնում ցուցակի կազմումը, որովհետև որոշման իրավունքը պատկանում է և նախապատվությունն էլ տրվում մեր տեղական մարմիններին, և նրանք են թեկնածուներ առաջադրելու: Կարծում եմ` վաղն արդեն ամբողջական կլինի»,- ասաց նա։

Ռուստամյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե ցուցակում առաջին տեղի համար պայքար է գնում իր և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև: «Երբեք մեր միջև պայքար չի եղել։ Գիտեք` մեր կուսակցությունը շատ լուրջ ծանր ու թեթև է անում ամեն ինչ, բայց որոշումը կայացվում է համախոհությամբ, և ցուցակը կլինի համախոհությամբ»,- ասաց նա և հավելեց, որ քննարկումները կատարվում են այնպես, որ ցուցակը պետք է ամբողջ կառույցի համար ընդունելի լինի։

Անդրադառնալով ՀՀԿ-ի այն պնդմանը, որ միակ ընդդիմությունն են լինելու, Ռուստամյանն ասաց, որ ընտրությունների ընթացքում ասել` ով է ընդդիմադիր, ով` ոչ, ճիշտ չէ, քանի որ ընդդիմությունը կարող է ձևավորվել միայն իշխանության ձևավորումից հետո: «Երևի ելնում են նրանից, որ, ըստ էության, հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն այսօր ֆավորիտն է և, ամենայն հավանականությամբ, կարող է ունենալ մեծամասնություն»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ իրենք էլ են դուրս եկել իշխանությունից և այդ տեսանկյունից ընկալվում են ընդդիմություն:

Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն իր քաղաքական ուղուց երբեք չի շեղվել և ունի իր ընտրազանգվածը: «Դաշնակցությունն ինչ խնդիրներ դրել է, նվազագույնով հասել է առավելագույնի»,- ասաց նա։

Հարցին` մտավախություն չունի՞, որ այլ քաղաքական ուժեր կարող են իրենց ընտրազանգվածը տանել, հաշվի առնելով, որ նրանց մտածելակերպը մոտ է Դաշնակցությանը, օրինակ` «Սասնա ծռեր»-ը, Ռուստամյանը պատասխանեց. «Բացի գենետիկ հակադաշնակցականներից, բոլորը խորքում մոտ են Դաշնակցության գաղափարներին։ Այնպիսի բան չկա, որ ազգը, պետությունը իրենց երազած երկիրը պատկերացնեն ու չգան ազատ, անկախ Հայաստանի գաղափարին։ Ի վերջո, մենք հանրապետություն ենք ստեղծել զրոյից, երրորդ հանրապետության հիմքում ենք եղել: Կարծում եմ ՝ արդեն չորրորդի մեջ ենք։ Այս ամենը հետևանքն է Դաշնակցության գործունեության և ազգային ուժերի նվիրվածության ու համախմբման։ Այս առումով բնական է, որ մենք այս դաշտում պետք է ունենանք համակիրներ»։

Ռուստամյանը նշեց, որ յուրաքանչյուրն ինքը կընտրի` ում ձայն տալ, բայց Դաշնակցությունը մի բանով տարբերվում է մնացածից՝ կայացած և համահայկական կուսակցություն է։

Տպել Տպել