Ասք 800 հազար անբանի, 350 հազար ճռռացողի եւ վարչապետի տվայտանքների մասին

Կամ հակահեղափոխության նոր առաջնորդը

Եթե մարդ չգիտենա, թե գործազրկության համար ինչքան նպաստ է ստանում մեկ ընտանիքը, Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ կլցվի անհուն երախտագիտությամբ. ուրիշ այդ ո՞ր պետությունն է բնակչության գրեթե 30 տոկոսին (ըստ վարչապետ Փաշինյանի՝ 800 հազար մարդ) վճարում գործազրկության նպաստ: Գործազրկության կամ, ավելի ճիշտ, աշխատել չցանկանալու պատճառն էլ շատ պարզ է՝ դարձյալ ըստ վարչապետի. «Ինչո՞ւ Հայաստանում շատերը չեն ուզում աշխատել. որովհետեւ, աղքատության նպաստ են ստանում: Մտածում են՝ եթե աշխատեն, նպաստից կզրկվեն: Իրանց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան: 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու»:

Պարոն Փաշինյանը մինչև իշխանության գալը ժողովրդի աղքատության ու գործազրկության համար մեղադրում էր իշխանություններին, որոնք թալանչիներ էին, կաշառակերներ, կոռումպացվածներ, ժողովրդին կեղեքողներ, ովքեր նույնիսկ մատը մատին չէին տալիս գործատեղեր ստեղծելու համար, եղածներն էլ ագահ իշխանավորների պատճառով փակվում էին և այլն, և այլն:

Ճիշտն ասած՝ ես Ն. Փաշինյանի և նրա համախոհների քաղաքական հայացքները չկիսելով հանդերձ՝ սոցիալ-տնտեսական կյանքի վերաբերյալ այս գնահատականների հետ հիմնականում համաձայն էի: Սակայն պարզվում է, որ պարոն Փաշինյանն այսօր՝ իշխանության գալուց յոթ ամիս անց, այլ կարծիք ունի. այսինքն՝ իր վատ ապրուստի համար ժողովուրդն ինքն է մեղավոր, այլ ոչ թե կառավարությունը՝ իր ղեկավարած կառավարությունը: Ավելին՝ այդ մարդիկ այնքան խելք չունեն, որ մի 18-25 հազար դրամի համար կովերն են մորթում, հեռուստացույց չեն առնում, իրենց ու զավակներին գիտակցաբար զրկում են, միայն թե չզրկվեն այդ ողորմելի նպաստից:

Բայց մի՞թե սա է Հայաստանի հպարտ քաղաքացին՝ ծույլ, խաբեբա, պորտաբույծ, իր երեխաների նկատմամբ անհոգի ու դաժան, հայրենիքի ճակատագրի հանդեպ անտարբեր… Մինչ այս մեզանում (նաև մեզ քիչ թե շատ ճանաչող այլ ժողովուրդների մոտ) դարերով իշխում էր այն համոզմունքը, թե հայ ժողովուրդը աշխատասեր է, քարից հաց է քամում և այլն: Միլիոնավոր հայ մարդիկ, որ ակամա ապրում են այլ երկրներում, նույնպես այս համոզմունքն են ունեցել և ունեն՝ ի տարբերություն ՀՀ վարչապետի, ով աշխատասիրություն տեսնում է միայն «ճռռացող» փոքրամասնության մեջ:
Ի՞նչ պատահեց, ինչու՞ է ազգընտիր վարչապետն իրեն իշխանության բերողներին նման որակավորումներ տալիս:

Կարծում եմ՝ պատահեց հետևյալը. նա հասկացավ, որ իր քաղաքական թիմով ու կառավարությամբ չի կարողանալու երկրի ընկերային-տնտեսական կյանքում բեկում մտցնել, իր հայտարարած 800 թե 1000 դոլարանոց աշխատավարձի հեռանկարն անգամ գնալով խամրում է, նույնիսկ աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանալու այնքան, որ ընտանիքի կյանքում զգալի լինեն (ավելին՝ անհավանական չէ, որ անգամ պակասեն) և, ամենակարևորը, ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ:

Նախօրօք գիտե՞ր այս մասին՝ չեմ կարող ասել, բայց հասկանում եմ, թե ինչու է հիմա խոսում: Մինչև խորհրդարանական ընտրությունների օրվա հստակեցումը երկրի տնտեսության մեջ ներդրումների բացակայությունը բացատրվում էր այն հանգամանքով, որ ներդրողները (օտարերկրյա թե հայաստանցի) անորոշության մեջ են, քանզի իշխանափոխությունն ամբողջական չէ, քանի դեռ նոր Ազգային ժողով չի ընտրվել և այլն: Այս համատեքստում ուշագրավ է, որ վարչապետը նույնիսկ հայտարարեց, թե… իշխանափոխություն չի կատարվել:

Այժմ ակնհայտ է, որ այդ նոր ԱԺ-ն կընտրվի, բայց, ցավոք, ներդրումներ դարձյալ չեն լինի, գործատեղեր չեն ստեղծվի, իսկ ո՞վ է մեղավորը: Պարզ է, որ իշխանությունները չեն, նրանք ուղղակի չեն կարող լինել, իսկ, ա՛յ, ծույլ ու անբան ժողովուրդը կարող է լինել…

Իսկ ի՞նչ կարող է հետևել այս ամենին:

Երկրում նկատելի է տնտեսական նահանջը, ապրիլին սկիզբ առած ոգևորությունը գնալով տեղի է տալիս, նոր իշխանավորներն իրենց դրսևորում են, մեղմ ասած, որպես անհուսալի վարչարարներ, այդ իսկ պատճառով առնետավազքով հանրապետականից վարչապետի շրջապատում հայտնվածներն արդեն համարվում են պրոֆեսիոնալներ, որոնք էլ շուտով նորից կգրավեն ամբողջ իշխանությունը:
Մի խոսքով՝ կատարվում է հակահեղափոխություն, որի առաջնորդը նույն ինքը՝ արդեն պատմություն դարձած հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է:

Իսկ մարդկանց մի զգալի զանգված, մեծն Թումանյանի խոսքով՝ «Դավին անտեղյակ, ցավին անտարբեր», դեռ հույսեր է փայփայում…

Հայկազուն Ալվրցյան

Տպել Տպել