Չկա՛ «ներսի» ու «դրսի»՝ Դաշնակցությունը մեկն է

Արդեն 128 տարի Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ քաղաքական կյանքի կարևոր դերակատարն է: Քիչ է ասել, թե այն միայն կուսակցություն է. Դաշնակցությունը նաև հայապահպան մեծ առաքելություն է կատարում Սփյուռքում:

Նոյեմբերի 13-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը:

Նա ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հայաստանում հաճախ դրվող տարբերակմանը, թե «կա դրսի ու ներսի Դաշնակցություն», իսկ ինքը «դրսի՞» դաշնակցական է, թե՞ «ներսի», Բչաքճյանը պատասխանել է. «Ես դաշնակցական եմ, չկա՛ «ներսի» ու «դրսի» Դաշնակցություն: Եթե այդպիսի շերտավորումներ փորձենք գտնել, կարելի է շատ արհեստական շերտավորումներ մեջտեղ նետել: Չկա՛ «ներսի» ու «դրսի», Դաշնակցությունը մեկն է: Դաշնակցությունը նաև գաղափարախոսություն է, որը միացնում է մեզ` բոլորիս: Ճիշտ է` կան տարբեր շրջանակների և միջավայրերի մեջ գործող դաշնակցականներ, որոնք Ցեղասպանության հետևանքով այսօր պարտավորված ապրում են Սփյուռքում, սակայն մեր գաղափարախոսությունն ու կազմակերպական կարգապահությունը բոլորիս միացնում է»:

Իսկ թե ինչո՞ւ է այդ թեզը շրջանառության մեջ դրվում, նա կարծիք է հայտնել, որ այս հայտարարությունները, որոնց մեջ կան բացասական և հակադաշնակցական մոտեցումներ, միշտ են եղել: «Միշտ էլ փորձել են ներկայացնել, որ Դաշնակցությունը բաժանված է, միշտ փորձել են ղեկավարության և կուսակցականների միջև արհեստական ճեղքեր գտնել, փորձել են ճեղքեր գտնել «դրսի» և «ներսի» դաշնակցականների միջև, սակայն այս բոլորն ապարդյուն փորձեր են, որովհետև, ի վերջո, մեզ միացնողը ո՛չ անձնական շահերն են, ո՛չ մեր անձնական մոտեցումներն են, այլ մեր համոզմունքն է, որը հիմնականում խարսխված է մեր ծրագրի և մեր կարգապահության վրա, որը մեզ պարտադրում է, որ եթե անգամ ոմանք ունեն տարբեր տեսակետներ, դրանք հայտնենք մեր ժողովներում, հանգենք եզրակացությունների, և այդ եզրակացություններն էլ դառնան մեզ համար որոշում: Միայն նա, ով մեզ չի ճանաչում, «դրսի» ու «ներսի» անհեթեթ մեկնաբանությունն է անում»,- նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Քաղաքացիներից մեկի հնչեցրած հարցին, թե «Սփյուռքի Դաշնակցությունն առաջվա պես օգնո՞ւմ է Հայրենիքին», Բյուրոյի անդամը պատասխանեց. «Օգնել ասելով` ի՞նչ ենք հասկանում: Գիտեք` Սփյուռքը դրական տրամադրվածություն ունի Հայրենիքի նկատմամբ, մենք պետք է կարողանանք օգտագործել այն, պետք է այդ ներուժը, որ կա Սփյուռքում, ուղղորդենք: Սակայն այն ուղղորդելու համար նախ և առաջ պետք է, որ այստեղ` Հայրենիքում, մտայնությունները փոխվեն: Մենք պետք է Սփյուռքին մասնակից դարձնենք հայաստանյան օրակարգերին, մասնակից դարձնենք Հայաստանի տնտեսության զարգացմանը, կրթական համակարգի զարգացմանը: Առանց Սփյուռքին մասնակից դարձնելու` «օգնություն» բառը, կարծում եմ, ժամանակավրեպ է: Մենք միասին պիտի կերտենք այս Հայրենիքը: Սփյուռքն իր դերն ունի, որը չպետք է անտեսել, բայց նաև պետք է ուղղորդել: Հայրենիքն էլ իր դերն ունի: Հայրենիքը Սփյուռքին պետք է մոտենա այնպես, որ կարողանա նրա ներուժը ճիշտ ձևով օգտոգործել: Այնպես չլինի, որ Սփյուռքը օգնության կամ օժանդակության հոգեբանությամբ մոտենա: Սա օժանդակություն չէ, մասնակցություն է: Սա լուրջ հարց է, դրանց միջև տարբերություն կա: Եթե անկախության առաջին տարիներին կարելի էր խոսել օգնության, օժանդակության մասին, այսօր արդեն 25 տարի է անցել, և մենք տարբեր հանգրվանում ենք: Մենք Հայրենիք պիտի կերտենք, և այդ գործում, այո՛, Սփյուռքն իր ասելիքն ունի, անելիքն ունի»:

Տպել Տպել